Մկրտության Խորհուրդը

Ղուկաս Վահան Զաքարյան
[hr]

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Քահանան (երիցս) հարցնում է կնքահորը. «Այս երախան ի՞նչ է ցանկանում»:

Կնքահայրը (երիցս) պատասխանում է. «Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»:

(Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)

Կյանքում շատերս կարևորում ենք մեր ծննդյան օրը և հաճախ մեծ շուքով տոնում: Իսկ եթե նույնիսկ կարևորություն չենք տալիս այդ իրադարձությանը, միևնույն է, ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում մտածելու մեր աշխարհ գալու մասին: Աշխարհ գալու գեղեցիկ սկիզբը, որ ազդարարվում է մանկան ճիչով, իր մեջ մեծ խորհուրդներ է պարունակում: Այդպիսի մի մեծագույն խորհուրդ է մեր հոգևոր ծնունդը, որը կոչում ենք մկրտություն:

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Մկրտության օրինակը տվել է Ինքը Քրիստոս: Հիսուսի մկրտությունը մի բարձրաղողանջ հրահանգ է, որը մեզ պարտավորեցնում է սրբազան երկյուղով մոտենալ այդ վեհ խորհըրդին: Քրիստոս, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ հայտնեց մեզ, որ եթե չծնվենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծու արքայություն մտնել (Հովհ. Գ 5): Տերը մի ժամանակ ջրհեղեղով պատժեց մարդկությանը, իսկ այժմ նույն ջրով նոր կյանք է պարգևում:

Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից: Այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով, և որին ժառանգորդ դարձավ ամբողջ մարդկությունը: Աստծու պատվիրանի նկատմամբ անհնազանդությունը պատճառ եղավ, որպեսզի Ադամը զրկվի դրախտային կյանքից՝ իր շնորհական վիճակից, դառնա մահկանացու և դատապարտվի Դրախտից դուրս ապրելու և սեփական քրտինքով հանապազօրյա հացը վաստակելու: Այդ անհնազանդությունը պատնեշ առաջացրեց մարդու և Աստծու միջև, ինչպես նաև հոգու և մարմնի, որով և մարդու բնությունը շնորհազրկվեց:

Մարդուն այս անկյալ վիճակից բարձրացնելու համար Աստված Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս Իր մարդեղությամբ, քարոզությամբ, քավչական մահով, հարությամբ և մկրտության սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից: Հիսուս ասաց. «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԳ 16):

Հետևաբար ոչ միայն անհրաժեշտ է մկրտվել, այլև կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում մկրտություն:

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ

Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և անդամ Քրիստոսի Եկեղեցու: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծննդյամբ՝ նա դառնում է Երկնքի Արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ Դրախտում մինչ մեղսագործությունը: Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում նորը: Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապարհով:

Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԿՐՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մկրտության համար նախ պետք է հավատք ունենալ: Հրաժարվել չարից ու նրա բոլոր գործերից: Պետք է գիտենալ հավատքի դավանությունը: Ունենալ համապատասխան գիտելիքներ քրիստոնեության և Եկեղեցու վերաբերյալ: Այսինքն՝ մկրտվելուց առաջ պետք է անցնել որոշակի նախապատրաստական շրջան: Եվ ամենից առաջ պետք է հավատալ Սուրբ Երրորդությանը, քանի որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ենք մկրտվում, ինչպես և Քրիստոս պատվիրեց իր առաքյալներին.

«Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 18-20):

Մարդիկ հաճախ հարց են տալիս. «Եթե հավատքը կարևոր նախապայման է, ուրեմն ինչո՞ւ է կատարվում մանկանց մկրտությունը»:

Ակնհայտ է, որ մենք չգիտենք մեր վախճանի օրը, սակայն պարտավոր ենք այդ օրը դիմավորել Աստծուն որդեգիր դարձած և Աստծու խնամքին հանձնված, քանի որ մկրտության շնորհիվ ո՛չ միայն մարդկային հոգածությամբ ենք կյանքի փորձություններին դիմակայում, այլև աստվածային խնամատարությամբ՝ ունենալով մեր պահապան հրեշտակը, որն Աստծու առջև մեր բարեխոսն է: Այսու պետք է մկրտվող երեխան ունենա իր կնքահայրը: Վերջինս էլ պարտավոր է լինել մկրտված և ունենալ հոգևոր գիտելիքների որոշակի պաշար, որպեսզի Աստծու պատվիրանների համաձայն դաստիարակի փոքրիկին:

Երբեմն մարդիկ ասում են, որ իրենք մկրտվելիս չեն զգացել, թե ինչ է կատարվել, չեն զգացել, որ այդ մկրտությամբ իրենք դարձել են Աստծու որդեգիր, և ընդհանրապես մկրտության խորհուրդը կատարվելիս չեն գիտակցել Աստծու ներկայությունը: Սակայն մարդն ավելի շուտ պիտի մտածի, որ ոչ թե Աստված է, որ ներկա չի գտնվել այդ խորհրդի ժամանակ, այլ մարդն է, որ իր տկար հոգեվիճակի մեջ չի զգացել Աստծու ներկայությունը: Եկեղեցին իր վարդապետությամբ հաստատում է, որ ամեն մի խորհուրդ կատարվում է Քրիստոսի ձեռքով և օրհնությամբ է լցնում այն ընդունողներին՝ անկախ խորհրդակատար անձից, ինչպես նաև անկախ ընդունողից: Քրիստոսի Եկեղեցին միշտ էլ աշխատել է, որպեսզի խորհրդակատարման երկու կողմերն էլ բավարար պատրաստությունն ունենան՝ այն մատուցելու և ընդունելու:

Ուստի հավատա՛, որ եթե մկրտվես, Աստված քեզ պիտի օրհնի, իսկ եթե մկրտված ես, ուրեմն աշխատի՛ր սրբությամբ պահել շնորհաբաշխ մկրտության սուրբ խորհրդի պարգևները, այլապես գանձ ունենալն ու անտեսելն առավել վտանգավոր է, քան ընդհանրապես չունենալը:

ԱՄՓՈՓՈՒՄ

Մկրտութան խորհրդի կատարման համար Եկեղեցին կարևորում է հետևյալ անհրաժեշտ հանգամանքները.

1. Միշտ հիշի՛ր, որ մկրտության սուրբ խորհուրդը հաստատել է մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, անձամբ մկրտվելով սուրբ Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում:

2. Մկրտությամբ մարդը մաքրվում է ադամական մեղքից: Մկրտությունն ընդունող երախան (այսպես են կոչում չմկրտվածին, որը պատրաստվում է մկրտության) դառնում է Աստծու որդեգիր: Նա արդեն Քրիստոսին իր անձի վրա կրում է որպես աներևույթ և զորավոր մի զգեստ:

3. Մկրտությունը պետք չէ դիտել որպես ազգային սովորություն կամ էլ զվարճության ու կերուխումի առիթ, այլ պետք է առաջին հերթին լրջորեն պատրաստվել այն ընդունելու համար:

4. Մկրտության վայրը Եկեղեցին է և միայն բացառիկ դեպքերում այն կարելի է տանը կատարել:

5. Մկրտության նյութը ջուրն է, անկախ իր տեսակից (աղբյուրի, գետի թե ծովի) և որակից (պղտոր թե հստակ):

6. Մկրտության ժամանակ մանուկ երախան հանուն Սուրբ Երրորդության երեք անգամ ընկղմվում է ջրով լի ավազանի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, որով մասնակից է դառնում Քրիստոսի կյանքին: Մեծահասակների դեպքում ընկղմման փոխարեն պարզապես երեսի լվացում է տեղի ունենում: Հետևաբար ճիշտ կլինի, եթե մկրտվողը մաքուր լինի աշխարհային քսուքներից և դիմափոշիներից:

7. Մկրտությունից առաջ կնքահայր ենք ընտրում: Հաճախ, չկարևորելով կնքահոր պարագան, ընտրում ենք պատահական մեկին՝ լրացնելով ծեսի միայն ձևական կողմը: Սակայն խրախուսելի է, որպեսզի կնքահայրն այնպիսի մեկը լինի, որն իր քրիստոնեական գիտելիքների հմտությամբ կարողանա ուղեցույց լինել մեզ: Կնքահայրը անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ:

8. Եթե մարդը գիտակցական տարիքում է մկրտվում, ապա պետք է հոգևոր լուրջ պատրաստության շրջան անցնի: Իսկ մանուկը այդ շրջանը պետք է անցնի իր աճմանը զուգընթաց՝ կնքահոր ու ծնողների աջակցությամբ:

9. Մկրտության խորհրդակատար անձը քահանան է: Աշխարհականներից և ոչ ոք իրավունք չունի մկրտություն կատարելու, քանի որ այդ իրավունքն ու իշխանությունը աստվածադիր օրհնությամբ առաքյալների կողմից փոխանցվեցին քահանաներին:

10. Պետք է իմանալ, որ արգելվում է կրկնամկրտությունը, որովհետև մարդը մեկ անգամ է ծնվում, և քանի որ մկրտությունն իր մեջ ծննդյան խորհուրդն ունի, ուստի մեկ անգամ էլ մկրտվում է. «Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատք, մե՛կ մկրտություն»,- ասում է Պողոս առաքյալը (Եփես. Դ 5):

11. Նոր ծնունդը մկրտությամբ մեզ իրավունք է տալիս նաև նոր անուն ունենալ: Որևէ մեկը մկրտվելով կարող է իր անունը փոխել՝ որպես Քրիստոսով վերածնված նոր մարդ:

12. Մկրտությունից առաջ մեզ մոտ պետք է ունենանք խաչ, կարմիր ու սպիտակ թելերից հյուսված նարոտ (որը խորհրդանշում է խաչի վրա Քրիստոսի կողից հոսած արյունն ու ջուրը) և փոքրիկ սրբիչ, որն անհրաժեշտ է լվացած դեմքը սրբելու համար: Ընդունված է այդ սրբիչը սրբությամբ պահել:

13. Եթե պսակի համար կան արգելված օրեր, ապա մկրտությունը կարելի է կատարել տարվա բոլոր օրերին:

14. Մկրտվել կարող են նաև հղի կանայք, բայց նրանց մկրտությունը պտղին չի վերաբերում:

15. Մկրտվողը մեկընդմիշտ դառնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ: Հայ Եկեղեցին մասն է Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու, հետևաբար, եթե որևէ մեկը մկրտվել է Հայ Եկեղեցում, ուրեմն Հայ Եկեղեցու անդամ է և պարտավոր է գեթ իր աղոթքներով սատար կանգնել այդ Եկեղեցուն:

16. Հայ Եկեղեցում մկրտված անձը չի կարող վերամկրտվել մեկ այլ եկեղեցում:

17. Մկրտությունից հետո գործած մեղքերից թողություն ստանալու համար սահմանված է Ապաշխարության խորհուրդը:

18. Մկրտության խորհրդին անմիջապես հաջորդում է Դրոշմի խորհուրդը:

Այսպիսով, եթե քո մեջ հասունացել է հոգևոր վերածննդի պահը, մի՛ երկմտիր, հավատա՛ Աստծու առաջնորդությանը և գնա՛ Եկեղեցի: Կնքի՛ր հաշտության այդ դաշինքը, որը կենսորոշ ու վճռական է մեզանից յուրաքանչյուրի համար:

Տե՛ր, աղաչում եմ Քեզ, օգնիր ինձ՝ մեղավորիս, հասկանալու Քո գաղտնիքները:

Բացի՛ր իմ աչքերը՝ տեսնելու Քո անտեսանելի Խորհուրդները,

Եվ ուժ տուր ինձ՝ ծնվելու մկրտության սուրբ ավազանից։ Ամեն:

[hr]
Առաջարկում ենք կարդալ նաև.
Մկրտութիւն։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հաղորդություն

Ղուկաս Վահան Զաքարյան  Եվ մինչ նրանք դեռ ուտում...

Ձեռնադրություն

Ղուկաս Վահան Զաքարյան  ...