Մեծ պահքի ԻԶ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Երկրորդ օրենք, 9. 11-23

Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ Տէրն ինձ տուեց քարէ երկու տախտակները՝ ուխտի տախտակները: Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրէն դարձաւ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը: Նրանք արդէն շեղուել են այն ուղուց, որ պատուիրել էիր նրանց, եւ իրենց համար ձուլածոյ կուռքեր են պատրաստել»: Տէրն ինձ ասաց. «Քեզ հետ խօսել եմ մէկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. «Տեսայ քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է: Թո՛յլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկրի երեսից եւ քեզ աւելի մեծ, հզօր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են»: Ես դարձեալ իջայ լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքուած էր կրակով: Տեսնելով, որ մեր Տէր Աստծու առջեւ մեղք էք գործել՝ ձեզ համար ձուլածոյ կուռքեր էք պատրաստել, շեղուել էք այն ուղուց, որ Տէրն էր պատուիրել, վերցրի իմ ձեռքի երկու տախտակները եւ ձեր աչքի առջեւ ջարդուփշուր արեցի»: Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջեւ աղաչեցի, հաց չկերայ, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քաւութեան համար, որովհետեւ մեր Տէր Աստծու առջեւ չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան: Ես վախենում էի նրա բարկութիւնից ու զայրոյթից, որովհետեւ Տէրը բարկացել էր ձեզ վրայ ձեզ կոտորելու աստիճան: Այս անգամ էլ լսեց ինձ Տէրը: Նա խիստ բարկացել էր նաեւ Ահարոնի վրայ, ուզում էր սպանել նրան: Ես այս անգամ էլ աղօթեցի Ահարոնի համար, ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուրեւփշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածուեց: Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մէջ: Դուք ձեր Տէր Աստծուն բարկացրել էք Կրակի, Փորձութեան ու Ցանկութեան գերեզմանի մէջ: Եւ երբ Տէրը ձեզ ուղարկեց Կադէսբառնեայից, ասաց. «Ելէ՛ք ու ժառանգեցէ՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ», դուք չէիք հնազանդուել ձեր Տէր Աստծու խօսքին, չէիք հաւատացել նրան, Տիրոջ ձայնին չէիք անսացել:

Հոբ, 16. 1 – 17. 16

Յոբը նորից խօսեց ու ասաց. «Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. խեղճ ամոքիչներ էք դուք բոլորդ էլ: Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խօսքերի, կամ մէկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես: Ես էլ ձեզ պէս կը խօսէի, եթէ ձեր հոգին էլ իմի պէս լինէր: Ձեզ պէս ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խօսքերով: Գուցէ իմ բերանում ուժ ունենայի, ու ես չզլանայի շրթունքներս շարժել, քանզի թէ խօսեմ՝ չի փարատուելու ցաւը վէրքերիս, իսկ եթէ լռեմ՝ աւելի՞ քիչ եմ խոցոտուելու ես: Արդ, դարձրել է ինձ ջարդուած, փտած ու ընդարմացած: Ձեռքը գցել է ահա ինձ վրայ. մարտիրոսուել եմ: Դէմս է կանգնեցրել իմ ստութիւնը, երեսովս տուել պատասխաններս: Բարկութեամբ մղուած՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրայ: Նրա հէների նետերն են վրաս տեղացել ուժգին, աչքերի տէգով շարժուել ինձ վրայ: Իրար յետեւից խփել է ծնկիս. բոլորը մէկտեղ խուժել են վրաս: Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ: Մինչ խաղաղ էի՝ քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք: Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել: Երիկամներս են խոցել անխնայ, գետին են թափել մաղձն իմ. ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով: Վրաս են թափուել զօրաւորները, եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք: Հանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս: Անիրաւութիւն չկար իմ ձեռքին, եւ անարատ էր աղօթքն իմ հոգու: Երկի՛ր, մի՛ ծածկիր արիւնն իմ մարմնի. թող աղաղակս կանգ չառնի բնաւ: Եւ ահա հիմա վկաս երկնքում, դատապաշտպանս այն բարձունքում են: Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասուեն: Երանի մէկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ յանդիման, ինչպէս որ մարդը՝ իր ընկերոջը: Իմ տարիները հաշուուած են արդ. բռնել եմ արդէն անդարձի ուղին:

Կորչում եմ հողմավար. կարօտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում: Նեղւում, տանջւում եմ. ի՞նչ եմ անելու: Գողացան օտարներն ինչքերս: Այն ո՞վ է, որ ձեռքն իր իմ ձեռքի մէջ դնի: Քանի որ սրտները հեռու է դատումից, ուստի չես բարձրացնի Դու նրանց: Նրանց փոխարէն են պատմելու չարիքները բիւր: Աչքերս որդոցս համար հալուեցին: Ողջ սերունդների չարախօսութեան ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձայ: Բարկութիւնից իմ մթնեցին աչքերս. խիստ պաշարուած եմ բոլորի կողմից: Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամենի վրայ. արդարը հիմա վեր է կենալու անիրաւի դէմ: Հաւատարիմը թող հաստատ մնայ իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերութիւն ստանայ թող միշտ: Բայց դուք էլ, ամէնքդ, վե՛ր կացէք, եկէ՛ք. ձեր մէջ չեմ գտնում ճշմարտութիւն ես: Իմ օրերը խիստ շարաւոտ եղան. սրտիս երակներն ամէն պայթեցին: Գիշերս ցերեկուայ տեղ դրին նրանք. լոյսը մերժուեց մութի երեսից: Թէ համբերեմ ես՝ դժոխք կը դառնայ ինձ համար տունս: Խաւարի մէջ է փռուած մահիճս: Մահը ինձ համար ես հայր կոչեցի, նեխուածքը՝ մայր, քոյր: Ո՞ւր է յոյսը իմ, կամ բարիքներս պիտի տեսնե՞մ ես: Թէ՞ այդ բոլորը պիտի գերեզման իջեցնեմ հետս. բոլորս իրար հետ հո՞ղն ենք իջնելու»:

Եսայի մարգարե, 43. 22 – 44. 8

«Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Յակո՛բ, եւ ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայէ՛լ: Ողջակէզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ եւ ոչ էլ քո զոհերով փառաւորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ ես նեղութիւն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները: Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղայ, բայց քո մեղքերի ու անօրէնութիւնների մէջ քեզ վերակացու եմ լինելու: Ե՛ս եմ, ե՛ս եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրէնութիւնները եւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու: Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրէնութիւնները, որ արդարացուես: Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ: Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի եւ Իսրայէլը՝ նախատինքի:

Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ: Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, եւ տակաւին օգնութիւն պիտի գտնես. Մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, եւ դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ: Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ: Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ: Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծու, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»: Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի թագաւորը եւ նրա փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ: Ո՞վ է ինձ նման, թող առաջ գայ, ձայն հանի, պատմի ու ամէն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաեւ այն, ինչ գալու է. մինչեւ գալը թող պատմեն ձեզ: Մի՛ զարմացէք եւ մի՛ շփոթուէք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, եւ ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող էք վկայ լինել ինձ համար, թէ կա՞յ այլ Աստուած, բացի ինձնից»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԻԶ. օր Մեծի Պահոց։

Օրհ. ակ. Ծով կենցաղոյս։ Հրց. գկ. Բ. Աստուած բարձրեալ։ Մնկ. ակ. Լոյս փառաց։ Հմբ. ակ. Օգնական մեր լեր։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: