Մեծ պահքի Ե. օր

Բաժին՝ Օրեր
Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Մեր ներկա պահեցողությունը (Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան):


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Երկրորդ օրենք, 6. 4 – 7. 10

«Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։ Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով։ Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կը պահես մտքիդ ու հոգուդ մէջ։ Դրանք կը հաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կը խօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Դրանք որպէս նշան կը կապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջեւ, դրանք կը գրես քո տների մուտքին ու դռների վրայ։ Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, որ երդուեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, եւ քեզ տայ մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, ամէն տեսակի բարիքներով լցուած տներ, որոնք դու չես լցրել, փորուած ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, եւ ուտես ու յագենաս, ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետեւիր ու նրա՛ անունով երդուիր։ Օտար աստուածների, ձեր շուրջը գտնուող ժողովուրդների աստուածների յետեւից մի՛ գնա, որովհետեւ քո Տէր Աստուածը որ ձեր մէջ է, նախանձոտ Աստուած է։ Այնպէս չլինի, որ քո Տէր Աստուածը սրտմտելով բարկանայ ու քեզ վերացնի երկրի երեսից։ Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր, ինչպէս փորձեցիք Փորձութեան վայրում։ Անսասա՛ն պահիր քո Տէր Աստծու քեզ հաղորդած պատուիրանները, օրէնքներն ու կանոնները։ Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տէր Աստծու առջեւ, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ դու մտնես ու ժառանգես այն լաւ երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին, որպէսզի Նա հալածի բոլոր թշնամիներին քո առջեւից, ինչպէս ասել է։ Եւ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի, թէ՝ «Այդ ի՞նչ պատուիրաններ, օրէնքներ ու կանոններ են, որ մեր Տէր Աստուածը պատուիրել է մեզ», ապա քո որդուն կ՚ասես. «Եգիպտոսում փարաւոնի ստրուկներն էինք մենք, եւ Տէր Աստուածը ամուր ձեռքով ու հզօր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից։ Տէրը Եգիպտացիների երկրում փարաւոնի ու նրա տան վրայ մեր ներկայութեամբ սոսկալի նշաններ եւ մեծագործութիւններ արեց։ Նա մեզ դուրս բերեց այդտեղից, որպէսզի բերի այստեղ, մեզ տայ այն երկիրը, որ երդուել էր տալ մեր հայրերին։ Տէրը մեզ պատուիրեց գործադրել բոլոր այս օրէնքները, յաւիտեանս երկնչել մեր Տէր Աստծուց, որպէսզի լաւ լինի մեզ համար մեր կեանքի բոլոր օրերում, եւ ապրենք, ինչպէս որ ապրում ենք այսօր։ Մեզ համար ողորմածութիւն կը լինի, եթէ հետեւենք, որ մեր Տէր Աստծու առջեւ գործադրուեն բոլոր այս պատուիրանները, ինչպէս որ Տէրը կարգադրել է մեզ։ Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար, եւ քո առջեւից հալածի մեծ ու բազմաթիւ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզօր եօթը ազգերին, եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, կը հարուածես, կ՚ոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես եւ նրանց չխնայես։ Նրանց հետ խնամութիւն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես, որովհետեւ քո որդուն իմ դէմ կապստամբեցնեն. նա օտար աստուածներ կը պաշտի, եւ Տէրը սաստիկ կը բարկանայ ձեզ վրայ ու անմիջապէս կը կոտորի ձեզ։ Այսպէս կը վարուէք նրանց հետ. քարուքանդ կանէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, կը կոտորէք նրանց անտառները, կրակի կը մատնէք նրանց կուռքերը։ Դու ես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը, եւ քո Տէր Աստուածը քե՛զ է ընտրել, որ դու լինես իր սեփական ժողովուրդը, քան թէ երկրի վրայ ապրող մնացած բոլոր ազգերը։ Տէրը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակաւաթիւ էք, այլ նրա համար, որ Տէրը սիրում էր ձեզ եւ ուզում էր պահել այն երդումը, որ նա տուել էր ձեր հայրերին։ Տէրն ամուր ձեռքով ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց, ձեզ փրկեց ստրկութեան տնից՝ եգիպտացիների արքայ փարաւոնի ձեռքից։ Պէտք է իմանաս, որ քո Տէր Աստուածն է Աստուածը, հաւատարիմ Աստուածը։ Նա պահում է իրեն սիրող եւ իր պատուիրանները պահող մարդկանց հետ արած ուխտն ու ողորմածութիւնը մինչեւ հազար սերունդ, իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով։ Նա իրեն ատողներին պատժում է առանց յապաղելու, ուղղակի փոխհատուցում նրանց։

Հոբ, 6. 2 – 7. 13

«Թէ որ կշռելով կշռէր մէկը իմ սրտմտութիւնը, ցաւերս էլ բարձէր նժարին կշռի, ծովի աւազներից էլ ծանր կը լինէին դրանք։ Խօսքերս կարծես խենթ-խելառ լինեն, զի նետերն Տիրոջ մէջն են իմ մարմնի, զայրոյթը նրա արիւնս է ծծում. բերան բացելիս կտըտում են ինձ։ Արդ, մի՞թէ զուր է էշն վայրի զռում, եթէ չի խնդրում իր համար նա կեր։ Կամ թէ կը գոռա՞յ եզը մսուրում, եթէ ունենայ առատ կերակուր։ Կամ կ՚ուտուի՞ առանց աղի հաց։ Կամ համ կը լինի՞ դատարկ խօսքերում։ Չի կարող հանդարտուել իմ հոգին, քանի որ շարաւոտ եմ տեսնում կերակուրս, ինչպէս հոտն առիւծի։ Երանի կատարուի խնդիրքն իմ, եւ յոյսս լիացնի Տէրը։ Սկսեց Տէրը ինձ խոցոտել, սակայն թող չսպանի ինձ իսպառ։ Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրայ ճեմում էի. չպիտի խնայեմ ես նրան, որպէսզի սուտ չելնեն խօսքերը սուրբ Աստծուս։ Զօրութիւնս ի՞նչ է, որ համբերեմ. ժամանակս ի՞նչ է, որ դիմանայ իմ հոգին։ Մի՞թէ քար զօրութիւն է ուժն իմ. մարմինս պղնձի՞ց է միթէ։ Կամ չէի վստահում ես դրան։ Զրկուեցի ինքս իմ նեցուկից. Օգնութիւնն հեռացաւ արդ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիւ։ Մերձաւոր չնայեց երբեք ինձ. նուազած առուի պէս, ալիքի պէս անցան իմ կողքով։ Ովքեր դողում էին ինձանից, այժմ ահա եկել են ինձ վրայ։ Ձիւնն ինչպէս կամ ինչպէս քարացած սառոյցը, որ իսկոյն հալչում է ջերմոյթից, չի յիշում, թէ ինչ էր ինքն առաջ, – նոյն ձեւով լքուեցի բոլորից նաեւ ես, կորստեան մատնուեցի ու դարձայ ես տնանկ։ Եւ դուք, որ նայում էք Սաբայի շաւիղին, տեսէք եւ ճամփաներն թեմնացւոց. ամօթով կը մնան, ովքեր որ յոյս դրին քաղաքի, ինչքերի վրայ այս։ Դէ ահա դուք նոյնպէս անողորմ հասել էք ինձ վրայ. գէթ վէրքիս նայելով դուք երկիւղ կրեցէք։ Այժմ բան խնդրեցի՞ ես ձեզնից, կամ միթէ ձե՞ր ուժով կարող եմ փրկել ինձ թշնամուց,կամ փրկել հզօրաց ձեռքերից։ Ուսուցէք դուք էլ ինձ՝ կը լռեմ։ Իսկ եթէ մոլորուած ես լինեմ, ինձ խելքի՛ բերէք դուք։ Բայց կարծէք իզուր են խօսքերն այս ճշմարիտ. չէ՞ որ ես ձեզանից զօրութիւն չեմ խնդրում։ Ոչ էլ ձեր կշտամբանքի բառերն են կարող լռեցնել. պիտ չանսամ նաեւ ձեր բարբառած խօսքերին։ Բայց քանի հասել էք ինձ վրայ, իբրեւ մի որբուկի, շարժուել էք բարեկամի վրայ ձեր, – էլի ես նայելով ձեր դէմքին՝ պիտ երբեք չստեմ։ Նստեցէ՛ք. դատի մէջ անիրաւ բան չլինի. եւ դարձեալ արդարին հետեւէ՛ք, քանի որ իմ լեզուին անիրաւ բան չկայ, քիմքս էլ չի ձգտում երբեք իմաստութեան։ Փորձութիւն չէ՞ միթէ երկրի վրայ կեանքն մարդու. վարձկանի օրական վարձը չէ՞ կեանքը իր։ Ինչպէս որ ծառան է վախենում տիրոջից ու պահւում ստուերում, կամ ինչպէս վարձկանն է սպասում իր վարձին, – այնպէս էլ ես զուր եմ սպասել ամիսներ։ Ցաւագին գիշերներ են բաժին ընկել ինձ. թէ քնեմ՝ ասում եմ. «Ե՞րբ պիտի բացուի լոյս», արթնանամ՝ դարձեալ թէ՝ «Ե՞րբ կը լինի երեկոյ»։ Ցաւով եմ լեցուն ես իրիկուն-առաւօտ։ Ծածկուած է մարմինս զազրելի որդերով. խեցեր եմ մաշել ես թարախոտ վէրքերն իմ քերելու։ Եւ կեանքս խօսքից էլ թեթեւ է. կորել է նա ունայն յոյսերում։ Յիշի՛ր, որ քամի է կեանքը իմ. աչքերս է՛լ չեն տեսնի բարի բան. չեն նայի այլեւս ինձ աչքերն տեսնողի։ Աչքերդ ինձ վրայ ես յառում. այլեւս չեմ լինի՝ երկնքից ջնջուած ամպի պէս։ Զի եթէ իջնի մարդ գերեզման, չի ելնի այլեւս, չի դառնայ՝ իր տունը. իր տեղն էլ նրան չի ճանաչի։ Այսուհետ չպիտի զսպեմ ես բերանս. պիտ խօսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտ բացեմ դառնութիւնն իմ հոգու։ Ծո՞վ եմ ես, թէ՞ կէտ ձուկ, որ շուրջս պահակ ես դու կարգել։ 13Ասացի՝ ամոքեն պիտի ինձ մահիճներս. եւ ինքս պիտ քննեմ անկողնում իմ բոլոր գործերը։

Եսայի մարգարե, 40. 1-8

«Մխիթարէ՛ք, մխիթարէ՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստուած,- դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտով խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»: Թող նրա մեղքերին թողութիւն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացաւ: Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները: Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր: Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց»: Մի ձայն ասում է՝ կանչի՛ր: Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ: Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի: Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափւում, որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը: Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի: Խոտը չորանում է, ծաղիկը թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Ե. օր Մեծի Պահոց:

Հրց. աձ. Զ. Բարեբանեալ ես ի յաւիտեան:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: