Սուրբ Հովհաննես Կարապետի և Հոբ արդարի հիշատակի օր

Բաժին՝ Օրեր
Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Հովհաննես Մկրտիչ,

Հոբը։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 20. 6-22

Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ: Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի: Երբ արդար մի թագաւոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից: Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբսիրտ ունի, կամ ո՞վ կը համարձակուի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից։ Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ. պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները. այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը: Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում: Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել: Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուեսկեանքից. աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով: «Վատ է, վատ է», ասում է գնորդը, իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով: Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ։ Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան: Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու, բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով: Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղւում է խելամտութեամբ: Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում. մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ: Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգչի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը: Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտէ ձեռք բերուել վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել: Մի՛ ասա, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութիւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ:

Հոբ, 42. 12-17

Ու Տէրը Յոբի կեանքի վերջին շրջանն աւելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հօտի մէջ կային տասնչորս հազար ոչխարներ, վեց հազար ուղտեր, հազար լուծ եզներ, հազար արածող մատակ էշեր: Նա ունեցաւ եօթը տղայ եւ երեք աղջիկ: Առաջին աղջկան Տիւ կոչեց, երկրորդին՝ Կասիա, իսկ երրորդին՝ Ամաղթեղջիւր: Եւ երկնքի ներքոյ Յոբի դուստրերի պէս ու նրանցից աւելի գեղեցիկներ չգտնուեցին: Յոբն իր աղջիկներին ժառանգութեան բաժին տուեց նրանց եղբայրների հետ: Յոբը, այն հարուածներից յետոյ, ապրեց հարիւր եօթանասուն տարի (նա ապրեց ընդամէնը երկու հարիւր քառասուն եւ ութ տարի): Յոբը տեսաւ իր զաւակներին, որդիների որդիներին, մինչեւ չորրորդ սերունդը: Ու վախճանուեց Յոբը զառամեալ հասակում, տարիների բեռան տակ կքած: Նաեւ գրուած է, որ նա էլ յարութիւն է առնելու նրանց հետ, ում Տէրը յարութիւն պիտի տայ: Սա թարգմանուած է ասորերէն գրքից: Յոբը բնակւում էր Աւստայ երկրում, եդոմայեցիների ու արաբների սահմաններում: Առաջ նրա անունը Յոբաբ էր: Արաբ կին առնելով՝ որդի ունեցաւ, որի անունն էր Եննով: Նրա հայրը Զարեհն էր՝ Եսաւի որդու որդին: Նրա մայրը բոսորացի էր: Այնպէս որ նա Աբրահամից սկսած՝ հինգերորդ սերունդն էր: Սրանք են այն թագաւորները, որ թագաւորեցին Եդոմում. առաջինը՝ Բէորայ Բաղակը (սրա քաղաքի անունն էր Դենաբայ), Բաղակից յետոյ՝ Յոբաբը (որ Յոբ կոչուեց), սրանից յետոյ՝ Ասոմը (որ թեմնացիների երկրի զօրավարն էր), սրանից յետոյ՝ Բարադի որդի Ադադը (որ Մադիամին ջարդեց Մովաբի դաշտում. նրա քաղաքի անունն էր Գէթեմ): Իսկ այն բարեկամները, որ նրա մօտ եկան, սրանք էին. Եղիփազը՝ թեմնացիների արքան (Եսաւի որդիներից), Սոքեցիների բռնակալ Բաղդատը, մինեցիների արքայ Սոփարը:

Երեմիա մարգարեի ողբը, 3. 22-56

Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում: Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր: Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ: Աստուած բարերար է նրանց հանդէպ, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ, քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի: Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը:

Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը: Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ. իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կը կրի շատ նախատինքներ, բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի:

Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան. Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժել եւ նուաստացնել մարդու որդիներին:

Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները, երբ դատարանում անիրաւում է մարդուն, – Տէրը չի՞ տեսնում:

Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց: Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝ «Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»: Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար:

Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը, մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները: Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար:

Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն. քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ:

Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ: Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած: Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին: Իմ աչքերը լցուեցին արցունքով, բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը:

Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար:

Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին, իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ, գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»:

Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր, եւ դու լսեցիր իմ ձայնը: Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ:

Առաքյալների գործերը, 13. 25-33

Եւ երբ Յովհաննէսը իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. «Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ»: Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկուեց փրկութեան այս խօսքը, բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին: Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան: Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին: Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են: Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում. «Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ»:

Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակը, 5. 7-11

Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը: Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը: Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է: Մի՛ տրտմեցրէ՛ք մի մեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատուէք: Ահա՛ւասիկ դատաւորը դռանն է: Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերու թեան որպէս օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով: Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին: Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած:

Ավետարան ըստ Մատթեոսի, 14. 1-12

Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. «Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»: Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»: Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում: Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. ուստի եւ՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի: Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ: Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ: Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը: Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԴԿ. Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Յոբայ արդարոյն։

Օրհ. գձ. Զմարգարէ բարձրելոյն, իւր սարօքն։ Մնկ. եւ Հմբ. դկ. Մարգարէից գերագոյն։ Ժմտ. Տէր որ հիմնեցուցեր։ Ճշ. շրկ. դկ. Այսօր ցնծայ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: