—————————————————————————————
Աստված Մովսեսին պատվիրեց շինել մի տապանակ՝ անփուտ, կարծր փայտից՝ երկու կողմերից ոսկով պատած: Այդ տապանակը պարունակում էր հրեաների համար ամենանվիրական իրերը՝ տասնաբանյա պատվիրանների երկու քարե տախտակները, Ահարոնի ծաղկած գավազանը, մանանայով լի ոսկե սափորը: Տապանակն ուներ երկուսուկես կանգուն երկարություն, կանգունուկես լայնություն, կանգունուկես բարձրություն: Հին Ուխտի այս տապանակը նախատիպն է Նոր Ուխտի տապանակի, այսինքն՝ Եկեղեցու: Ըստ եկեղեցական հայրերի՝ տապանակը նաև Աստվածածնի խորհուրդն ունի: Անփուտ փայտն անապական կուսությունն է, ներսի և դրսի ոսկին՝ Սբ. Աստվածածնի հոգու և մարմնի մաքրությունը, տասնաբանյայի երկու քարե տախտակները՝ Քրիստոսի միավորյալ հոգին և մարմինը, մանանան՝ անապական մարմինը, իսկ Ահարոնի ծաղկած գավազանը՝ Հեսսեի արմատը, այսինքն՝ Դավիթ թագավորի հոր՝ Հեսսեի շառավիղը: Տապանակը նաև Հիսուս Քրիստոսի խորհրդանիշն է: Անփուտ փայտը Քրիստոսի անապական մարմինն է, իսկ ոսկին՝ հոգու և մարմնի միավորությունը: Այժմ հրեաները զրկված են ուխտի տապանակից: Ավանդության համաձայն` Երեմիա մարգարեն իր աշակերտի հետ տապանակը գիշերով տարել է Սինա լեռը, փակել մի վեմի մեջ՝ ասելով. «Թող ոչ ոք չբացի սա, բացի Մովսեսից և Ահարոնից»:
0 կարծիք