Հինանց ԽԶ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 20. 9-19

Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց: Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին: Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամբու դրին: Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին: Այգու տէրն ասաց. «Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից կը պատկառեն»: Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. «Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի»: Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կ՚անի: Չէ՞ որ կը գայ ու կորստեան կը մատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կը տայ»: Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛ւ լիցի»: Եւ Յիսուս նրանց նայելով՝ ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ «Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա՛ է, որ անկիւնաքար եղաւ»: Ով որ այս վէմին բախուի, կը խորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կը ճզմի նրան»: Եւ օրէնսգէտներն ու քահանայապետները նոյն պահին ուզում էին նրա վրայ ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ այն առակը իրենց մասին ասաց:

Առաքյալների գործերը, 25. 13-22

Մի քանի օր անցնելուց յետոյ Ագրիպպաս արքան եւ Բերենիկէն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու: Եւ երբ այնտեղ շատ օրեր էին անցկացրել, Փեստոսը արքային տեղեկացրեց Պօղոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնուած մի մարդ կայ մնացած, որի մասին, երբ Երուսաղէմ գնացի, քահանայապետները եւ հրեաների գլխաւորներն ինձ տեղեկացրին: Ինձնից խնդրում էին, որ նրան մահուան վճիռ տամ: Նրանց պատասխանեցի. «Հռոմէացիների սովորութիւնը չէ որեւէ մէկին որպէս շնորհ յանձնել ուրիշ մէկի, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմացը չունենայ մեղադրողներին եւ ամբաստանութեան դէմ պատասխան տալու պատեհութիւնը չստանայ»: Եւ երբ այստեղ եկան, ոչնչով չուշացրի, այլ յաջորդ օրն իսկ ատեան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն: Նրա դէմ ներկայացող ամբաստանողները մէջտեղ չէին բերում չարագործութեան ոչ մի յանցանք, որոնց մասին ես կասկած ունէի. այլ ինչեւինչ խնդիրներ ունէին նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող, ինչպէս նաեւ մի ոմն մեռած Յիսուսի վերաբերեալ, որի մասին Պօղոսն ասում էր, թէ կենդանի է: Երբ այսպիսի խնդիրների քննութեան համար տարակուսանքի մէջ ընկայ, նրան ասացի, թէ կը կամենա՞ր Երուսաղէմ գնալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատուել: Բայց երբ Պօղոսը բողոքեց, որ ինքը պէտք է պահուի Նորին Գերազանցութեան վճռին ներկայանալու համար, հրամայեցի պահել նրան, մինչեւ որ կայսեր մօտ ուղարկեմ»: Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կը կամենայի այդ մարդուն լսել»: Փեստոսն ասաց. «Վաղը կը լսես»:

Հուդա Առաքյալի ընդհանրական նամակ, 1. 1-7

Յուդան՝ ծառան Յիսուս Քրիստոսի եւ եղբայրը Յակոբոսի, հեթանոսներիդ, որ սիրուած էք Հայր Աստծուց, պահուած եւ ընտրուած Յիսուս Քրիստոսի համար. թող ողորմութիւնը, խաղաղութիւնը եւ սէրը առատ լինեն ձեզ համար: Սիրելինե՛ր, ամէն ջանք յանձն էի առնում գրելու ձեզ մեր հասարակաց փրկութեան մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարէք հաւատի համար, այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին. քանի որ ձեր մէջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանուած էին սոյն դատապարտութեան համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակութեան եւ ուրացան մեր միակ Իշխանին եւ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին: Կ՚ուզենայի ձեզ յիշեցնել, եւ թէեւ դուք այդ բոլորը գիտէք, եւ որ Աստուած նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից. իսկ ապա կորստեան մատնեց անհաւատներին: Եւ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանութիւնը, այլ լքեցին իրենց բնակութեան տեղը, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց դատաստանի մեծ օրուայ համար, ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նոյն ձեւով պոռնկացան՝ անբնական կրքերի յետեւից ընկնելով եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդու նելու օրինակ դարձան բոլորին:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 12. 44-50

Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց: Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց: Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ: Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը: Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը, որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատուիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ եւ ի՛նչ պիտի խօսեմ: Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտենական կեանք է: Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրն ինձ ասաց»:

Ավետարան ըստ Մատթեոսի, 22. 1-14

Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. «Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց: Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ: Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»: Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին: Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը: Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին: Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»: Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով: Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց: Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում. որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:

Ավետարան ըստ Մարկոսի, 12. 18-34

Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ՝ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում. «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»: Արդ, մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց. եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց: Նոյն ձեւով նաեւ երրորդը առաւ նոյն կնոջը: Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամենքից յետոյ մեռաւ նաեւ կինը: Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կը լինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծու զօրութիւնը, որովհետեւ, երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կ՚առնեն եւ ո՛չ էլ կանայք մարդու կը գնան, այլ կը լինեն հրեշտակների նման, որ երկնքում են: Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, մորենու դրուագում, թէ ինչպէս Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ, – ասում է, – Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»: Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորուած էք»: Օրէնսգէտներից մէկը, մօտենալով, լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, թէ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»: Եւ Յիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է՝ «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ». սա՛ է առաջին պատուիրանը: Եւ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս». չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»: Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից, ուրիշ Աստուած չկայ. եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»: Եւ Յիսուս տեսնելով, թէ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայութիւնից»: Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԽԶ. օր Յինանց։

Պահք։ Օրհ. գկ. Երգեցէք: Հրց. դկ. Գ. Փառաւորեալ է։ Ճշ. շրկ. դկ. Իշխանութիւնք։ Հմբ. դձ. Որք տնկակից եւ Համբարձաւ Տէրն մեր Քրիստոս։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: