Հինանց ԻԶ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առաքյալների գործերը, 15. 1-29

Հրէաստանից իջել էին ոմանք Անտիոք եւ եղբայրներին ուսուցանում էին. «Մովսէսի օրէնքի համաձայն, եթէ չթլփատուէք, չէք կարող փրկուել»: Եւ երբ Պօղոսի եւ Բառնաբասի ու նրանց միջեւ շատ հակառակութիւն եւ վէճ առաջացաւ, վճռեցին, որ Պօղոսն ու Բառնաբասը եւ նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղէմ բարձրանան, առաքեալների եւ երէցների մօտ: Եկեղեցու կողմից ճանապարհ դրուելուց յետոյ, նրանք շրջելով անցան Փիւնիկէի եւ Սամարիայի միջով եւ պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախութիւն պատճառելով բոլոր եղբայրներին: Եւ երբ Երուսաղէմ հասան, եկեղեցու առաքեալների ու երէցների կողմից ընդունուեցին. պատմեցին, թէ Աստուած ինչ բաներ արեց իրենց միջոցով: Փարիսեցիների հերձուածից մի քանի հաւատացեալներ վեր կացան ու ասացին. «Դրանց պէտք է թլփատել եւ պատուիրել, որ պահեն Մովսէսի օրէնքը»: Եւ առաքեալներն ու երէցները հաւաքուեցին այս բանը քննութեան առնելու համար: Եւ շատ վէճ լինելուց յետոյ, Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ ձեր մէջ առաջին օրերից Աստուած ինձ ընտրեց, որ հեթանոսները իմ բերանով Աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան: Եւ սրտագէտն Աստուած նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպէս, ինչպէս տուեց մեզ: Եւ նրանց ու մեր միջեւ ոչ մի խտրութիւն չդրեց՝ հաւատով մաքրելով նրանց սրտերը: Արդ, ինչո՞ւ էք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը եւ ո՛չ էլ մենք կարողացանք տանել: Այլ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհով հաւատում ենք, որ կը փրկուենք, ինչպէս եւ նրանք»: Ամբողջ ժողովը լռեց. ապա լսում էին Բառնաբասի ու Պօղոսի պատմելը, թէ Աստուած նրանց ձեռքով ինչքան նշաններ եւ զարմանալի գործեր կատարեց հեթանոսների մէջ: Երբ նրանք լռեցին, Յակոբոսը, խօսք առնելով, ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ. Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց հոգածութիւն ցոյց տուեց՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար: Եւ այդ բանում մարգարէների խօսքերը համընկնում են իրար, ինչպէս որ գրուած է. «Սրանից յետոյ կը վերադառնամ եւ կը շինեմ Դաւթի փուլ եկած տունը եւ նրա աւերակները վերստին կը շինեմ ու կը վերականգնեմ այն, որպէսզի Տիրոջը փնտռեն մնացած մարդիկ, ինչպէս եւ բոլոր հեթանոսները, որոնց վրայ դրուած է իմ անունը», եւ ասում է Տէրը, նա, որ անում է այս բոլորը: Ի յաւիտենից յայտնի են Տիրոջը իր բոլոր գործերը: Դրա համար ես էլ ինձ իրաւունք եմ վերապահում չնեղել նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն, այլ գրել նրանց, որ խորշեն կուռքերին զոհուած կերակուրներից եւ պոռնկութիւնից, խեղդամահ արուած կենդանիներից եւ արիւնից, քանի որ Մովսէսը, առաջին սերունդներից սկսած, իւրաքանչիւր քաղաքում իր քարոզիչներն ունի, եւ նա ամէն շաբաթ օր ժողովարանում ընթերցւում է»: Այն ժամանակ առաքեալներին եւ երէցներին, ամբողջ եկեղեցու հետ միասին, հաճելի թուաց, որ իրենց միջից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պօղոսի եւ Բառնաբասի հետ. Յուդային՝ Բարսաբա կոչուածին եւ Շիղային, որոնք գլխաւորներն էին: Եւ եղբայրներին նրանց միջոցով գրեցին հետեւեալը. «Առաքեալները, երէցները եւ եղբայրները Անտիոքում, Սիրիայում եւ Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջոյն են յղում: Քանի որ լսեցիք, թէ ոմանք, իբրեւ թէ մեզնից, որոնց մենք հրաման չենք տուել, խռովեցրել են ձեզ խօսքերով եւ խախտել են ձեր մտքերը՝ ասելով, թէ պէտք է թլփատուել եւ օրէնքը պահել, ուստի, հաճելի թուաց մեզ՝ միատեղ հաւաքուածներիս, ուղարկել ձեզ մօտ ընտրուած մարդկանց՝ մեր սիրելիներին, Բառնաբասի ու Պօղոսի հետ, մարդիկ, որոնք իրենց անձը նուիրեցին մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար: Արդ, ուղարկեցինք Յուդային եւ Շիղային, որ նրանք էլ խօսքով նոյնը պատմեն, որովհետեւ հաճելի թուաց Սուրբ Հոգուն եւ մեզ՝ աւելի ոչ մի բեռ չդնել ձեր վրայ, բացի այս կարեւորներից. այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհուած կերակուրներից եւ արիւնից, խեղդամահ արուած կենդանիներից ու պոռնկութիւնից. ձեզ դրանցից հեռու պահելով՝ լաւ կ՚անէք: Ո՛ղջ եղէք»:

Պետրոս Առաքյալի երկրորդ ընդհանրական նամակ, 2. 9-22

Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, մանաւանդ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնա ցողներին, Աստծու իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ: Բայց այս մարդիկ, անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են), հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով: Աչքեր ունեն պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ: Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին, ընթանալով Բէորի որդի Բաղմի ճանապարհով, որը անիրաւութեան վարձը սիրեց: Եւ այդ այն Բաղմի, որ իր անօրէնութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը մարդկային լեզուով խօսելով՝ արգելք եղաւ մարգարէին, որ չկատարի այդ անօրէնութիւնը: Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրա՛նց համար են պահուած, քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառա կութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, որոնք ստուգապէս փախել էին մոլորութեան մէջ թափառողներից: Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է, որովհետեւ, եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնուեն մնան, նրանց վախճանը կը լինի աւելի վատ, քան առաջին վիճակը, քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնա՛ւ ճանաչած չլինէին արդարութեան ճանա պարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատուիրանից, որ աւանդուեց նրանց: Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ Շունը վերստին է դառնում իր փսխածին եւ թէ՝ Լուացուած խոզը վերստին է թաւալւում տիղմի մէջ:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 6. 22-38

Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել: Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել: Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին եւ եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու: Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»: Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք: Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»: Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կը գործես: Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից, որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»: Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի: Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում: Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի, որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց:

Ավետարան ըստ Ղուկասի, 10. 25-42

Եւ ահա օրինականներից մէկը վեր կացաւ, փորձում էր նրան եւ ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: Եւ նա նրան ասաց. «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»: Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տուեցիր, այդ արա՛ եւ կը փրկուես»:

Եւ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջնի. նրան տեսաւ եւ թողեց անցաւ, նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս, տեսաւ եւ թողեց անցաւ: Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց: Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան: Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. «Խնամի՛ր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրայ, իմ միւս անգամ գալուն կը հատուցեմ քեզ»: Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»: Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»: Յիսուս նրան ասաց. «Գնա՛ եւ դու նո՛յն ձեւով արա»:

Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ: Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը: Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»: Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»:

Ավետարան ըստ Մարկոսի, 6. 1-6

Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից: Երբ շաբաթ օր եղաւ, կսեց ժողովարանում ուսուցանել. եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն: Սա հիւսնի տղան եւ Մարիամի որդին չէ՞ միթէ, Յակոբոսի եւ Յովսէի ու Յուդայի եւ Սիմոնի եղբայրը. եւ սրա քոյրերը այստեղ մեզ մօտ չե՞ն»: Եւ նրանով գայթակղւում էին: Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»: Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր: Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ:

Ավետարան ըստ Մատթեոսի, 13. 1-23

Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. «Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ: Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ: Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն: Ով լսելու ականջ ունի, թող լսի»:

Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»: Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. որովհետեւ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ: Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում: Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք, որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ։ Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»:

«Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը. ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց: Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն: Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է: Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ: Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն եւ կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԻԶ. օր Յինանց:

Հատկորոշիչներ՝ 26, եկեղեցի, Հինանց, օր, օրացույց

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: