ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առաքյալների գործերը, 13. 44 – 14. 6
Եւ երբ յաջորդ շաբաթ օրը եկաւ, գրեթէ ամբողջ քաղաքը հաւաքուեց Աստծու խօսքը լսելու: Երբ հրեաները այդ բազմութիւնը տեսան, նախանձով լցուեցին եւ, Պօղոսի ասածներին ընդդիմախօսելով, հայհոյում էին: Իսկ Պօղոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պէտք է Աստծու խօսքը խօսէինք. բայց քանի որ դուք այն մերժում էք եւ ձեզ արժանի չէք համարում յաւիտենական կեանքի, ահա մենք դառնում ենք դէպի հեթանոսները, որովհետեւ Տէրը մեզ այսպէս պատուիրեց. «Քեզ դրեցի որպէս հեթանոսների լոյս, որպէսզի դու փրկութեան միջոց լինես մինչեւ երկրի ծագերը»»: Այս բանը լսելով՝ հեթանոսները ուրախացան եւ փառաւորում էին Տիրոջ խօսքը. եւ ովքեր սահմանուած էին յաւիտենական կեանքի համար, հաւատացին: Եւ Աստծու խօսքը ամբողջ գաւառում տարածւում էր: Բայց հրեաները աստուածապաշտ եւ երեւելի կանանց ու քաղաքի գլխաւորներին գրգռեցին եւ, Պօղոսի ու Բառնաբասի դէմ հալածանք յարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին: Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրայ թափ տալով, եկան Իկոնիոն: Եւ աշակերտները լցուեցին ուրախութեամբ եւ Սուրբ Հոգով:
Իկոնիոնում Պօղոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը եւ նոյն ձեւով խօսում, այնպէս որ թէ՛ հրեաների եւ թէ՛ հեթանոսների մի մեծ բազմութիւն հաւատաց: Բայց չհաւատացող հրեաները հեթանոսների մտքերը եւս չարացրին եղբայրների դէմ: Նրանք երկար ժամանակ շրջում էին եւ համարձակ խօսում. եւ Տէրը վկայում էր իր շնորհի խօսքի մասին՝ թոյլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ եւ զարմանալի գործեր լինեն: Եւ քաղաքի բազմութեան մէջ պառակտում առաջ եկաւ. ոմանք հրեաների կողմն էին, եւ ոմանք՝ առաքեալների: Երբ հեթանոսներն ու հրեաները իրենց իշխանաւորներով միասին նրանց անարգելու եւ քարկոծելու դիմեցին, նրանց լուր տրուեց, եւ փախան լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքներն ու շրջակայ գաւառը եւ այնտեղ էին աւետարանում:
Պետրոս Առաքյալի երկրորդ ընդհանրական նամակը, 1. 1-11
Սիմոն Պետրոսը՝ ծառան եւ առաքեալը Յիսուս Քրիստոսի՝ ձե՛զ, որ մեզ հետ հասաք նոյն պատուական հաւատին՝ մեր Աստծու եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի արդարութեամբ: Շնո՜րհ ձեզ, եւ թող շատանայ խաղաղութիւնը Աստծու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեամբ: Արդարեւ, նրա աստուածային զօրութիւնը մեզ շնորհեց ամէն ինչ, որ վերաբերում է կեանքին եւ աստուածապաշտութեանը՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին եւ առաքինութեանը: Դրանցով մեծամեծ եւ թանկագին խոստումներ պարգեւուեցին մեզ, որպէսզի հաղորդակից լինէք աստուածային բնութեանը եւ հեռու մնաք այս աշխարհի ցանկութիւններից եւ ապականութիւններից: Եւ այս բանի համար իսկ ամէն ջանք գործադրելով՝ ձեր հաւատով առաքինութիւն ձեռք բերէք, առաքինութեամբ՝ գիտութիւն, գիտութեամբ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեամբ՝ համբերատարութիւն, համբերատարութեամբ՝ աստուածապաշտութիւն, աստուածապաշտութեամբ՝ եղբայրասիրութիւն, եղբայրասիրութեամբ էլ՝ սէր: Երբ դուք այս շնորհներն ունենաք եւ սրանցով հարստանաք, սրանք ձեզ դատարկ եւ անպտուղ չեն թողնի մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեան մէջ: Իսկ նա, ում մէջ այս բաները չկան, կոյր է կամ կարճատես եւ մոռացութեան տուած իր նախկին յանցանքներից մաքրուած լինելը: Ուստի, եղբայրնե՛ր, առաւե՛լ ջանացէք, որպէսզի բարի գործերով ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ պահէք: Այս բանն անելով՝ երբեք յանցանքի մէջ չէք ընկնի, քանի որ այսպիսով լայնօրէն մուտք պիտի շնորհուի ձեզ դէպի մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայու թիւնը:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 5. 31-47
«Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ: Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. եւ դուք գիտէք, որ հաւաստի է այն վկայութիւնը, որ նա վկայեց իմ մասին: Յովհաննէսի մօտ դուք մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտութիւնը: Բայց ես մարդկանցից չէ, որ վկայութիւն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկուէք: Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լոյսով: Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տուեց, որ կատարեմ, այդ նոյն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թէ Հայրն է ուղարկել ինձ: Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն էք երբեւէ լսել եւ ո՛չ էլ նրա երեսն էք տեսել: Եւ ո՛չ էլ նրա խօսքն ունէք ձեր մէջ բնակուած, որովհետեւ, ում նա ուղարկեց, դուք նրան չէք հաւատում: Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կ՚ունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետեւ դուք կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք: Եւ դուք չէք կամենում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք: Ես մարդկանցից փառք չեմ առնում: Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու հանդէպ սէր չունէք ձեր մէջ: Ես եկայ իմ Հօր անունով, եւ ինձ չէք ընդունում: Եթէ ուրիշ մէկը գայ իր անունով, նրան կ՚ընդունէք: Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, քանի որ իրարից էք փառք առնում եւ չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս: Մի՛ կարծէք, որ ես Հօր մօտ ձեզ պիտի ամբաստանեմ. կայ մէկը, որ որպէս ամբաստանող կը կանգնի ձեր դէմ՝ Մովսէ՛սը, որի վրայ դուք յոյս էք դրել, որովհետեւ, եթէ դուք հաւատայիք Մովսէսին, կը հաւատայիք այդ դէպքում ուրեմն եւ ինձ, քանի որ նա հէնց իմ մասին է գրել, իսկ եթէ նրա գրածներին չէք հաւատում, իմ խօսքերին ինչպէ՞ս պիտի հաւատաք»:
Ավետարան ըստ Մարկոսի, 4. 35 – 5. 20
Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»: Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին: Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր: Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ: Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»: Եւ նրանք սաստիկ վախեցան եւ միմեանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ հողմը, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»:
Եւ Յիսուս եկաւ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը: Եւ երբ նա նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դէմն ելաւ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, եւ որի բնակութեան տեղն իսկ գերեզմանների մէջ էր: Եւ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել, որովհետեւ շատ անգամ ոտնակապերով եւ շղթաներով կապուած էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը՝ ջարդել: Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, որովհետեւ միշտ, գիշեր ու ցերեկ, գերեզմաններում եւ լեռներում, աղաղակում էր եւ ինքն իրեն քարերով ծեծում: Երբ նա Յիսուսին հեռուից տեսաւ, առաջ վազեց ու երկրպագեց նրան. բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր». քանի որ Յիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»: Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»: Իսկ պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ այդ շրջանից դուրս չուղարկի իրենց: Եւ այնտեղ, լերան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր: Բոլոր դեւերը աղաչեցին նրան եւ ասացին. «Մեզ խոզերի մէջ ուղարկիր, որ մտնենք նրանց մէջ»: Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը, թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը. եւ խեղդուեցին ծովում: Խոզարածները փախան եւ քաղաքում ու ագարակներում պատմեցին. եւ մարդիկ դուրս ելան տեսնելու, թէ ի՛նչ էր կատարուել: Եկան Յիսուսի մօտ եւ տեսան դիւահարին, որ նստել էր՝ հագնուած եւ զգաստացած, նրան, որ լեգէոն ունէր. եւ զարհուրեցին: Եւ ովքեր որ տեսել էին, պատմեցին նրանց, թէ ինչ պատահեց այսահարին եւ ինչ՝ խոզերին: Եւ սկսեցին աղաչել Յիսուսին, որ հեռանայ իրենց սահմաններից: Եւ երբ նաւակ մտաւ, դիւահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի: Բայց Յիսուս նրան թոյլ չտուեց, այլ ասաց. «Գնա՛ քո տունը հարազատներիդ մօտ եւ պատմի՛ր նրանց այն ամէնը, ինչ Տէրը քեզ արեց եւ թէ ինչպէս խղճաց քեզ»: Եւ նա գնաց ու սկսեց տարածել Դեկապոլսում, ինչ որ Յիսուս իր համար արել էր: Եւ ամէնքը զարմանում էին:
Ավետարան ըստ Մատթեոսի, 12. 1-21
Յիսուս, շաբաթ օրով, անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել: Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»: Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին: Թէ ինչպէս մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար: Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են: Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ: Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի. ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»:
Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը: Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն: Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն: Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»: Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը: Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան: Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց: Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց: Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով. «Ահա իմ ծառան, որին ընտրեցի, եւ իմ սիրելին, որին հոգիս հաւանեց. նրա վրայ իմ հոգին պիտի դնեմ, եւ նա հեթանոսներին դատաստան պիտի յայտարարի. նա ո՛չ պիտի հակառակի եւ ո՛չ էլ պիտի աղաղակի. հրապարակներում նրա ձայնը ոչ մէկը չպիտի լսի. ջախջախուած եղէգը նա չպիտի փշրի եւ առկայծ պատրոյգը չպիտի հանգցնի, մինչեւ որ արդարութիւնը յաղթանակի հասցնի. եւ նրա անուան վրայ հեթանոսները յոյս պիտի դնեն»:
0 կարծիք