ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առաքյալների գործերը, 11. 1-26
Առաքեալները եւ Հրէաստանի կողմերում գտնուող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մէջ էլ են ընդունել Աստծու խօսքը: Բայց երբ Պետրոսը Երուսաղէմ ելաւ, հրէութիւնից դարձած հաւատացեալները մեղադրում էին նրան եւ ասում. «Չթլփատուած մարդկանց մօտ մտաւ եւ նրանց հետ կերաւ»: Եւ Պետրոսն սկսեց հերթով պատմել նրանց ու ասաց. «Ես Յոպպէ քաղաքում աղօթում էի եւ յափշտակութեան մէջ մի տեսիլք տեսայ. իջնում էր մի անօթ, մեծ սփռոցի նման, չորս ծայրերից երկնքից կախուած, որ հասաւ մինչեւ ինձ մօտ: Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսայ երկրի չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները: Եւ լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր»: Բայց ես ասացի. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք իմ բերանը պիղծ եւ անմաքուր բան չի մտել»: Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու այն պիղծ մի՛ համարիր»: Այս պատահեց երեք անգամ, եւ վերստին ամէն ինչ երկինք վերացաւ: Եւ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մօտ էին ուղարկուած, եկան եւ կանգնեցին այն տան առաջ, ուր ես գտնւում էի: Եւ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու: Ինձ հետ եկան նաեւ այս վեց եղբայրները, եւ մենք մտանք այն մարդու տունը: Եւ նա մեզ պատմեց, թէ ինչպէս իր տանը տեսել է հրեշտակին, որ իրեն ասել է. «Յոպպէ մարդ ուղարկի՛ր եւ Պետրոս կոչուած Սիմոնին կանչի՛ր, որ քեզ պիտի ասի խօսքեր, որոնցով պիտի փրկուես դու, նաեւ՝ քո ամբողջ տունը»: Եւ երբ սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ, ինչպէս որ իջել էր մեր վրայ սկզբում: Յիշեցի Տիրոջ խօսքը, որ ասում էր. «Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք կը մկրտուէք Սուրբ Հոգով»: Արդ, եթէ Աստուած միեւնոյն պարգեւը նրանց եւս տուել է, ինչպէս եւ մեզ, երբ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ես ինչպէ՞ս կարող էի Աստծուն արգելք լինել»: Այս բանը լսելով՝ լռեցին եւ փառաւորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստուած հեթանոսներին եւս դէպի կեանք տանող ապաշխարութիւն տուեց»: Ստեփանոսի դէմ կատարուած հալածանքի պատճառով ցրուածները հասան մինչեւ Փիւնիկէ, մինչեւ Կիպրոս ու Անտիոք. նրանք ոչ ոքի չէին քարոզում խօսքը, այլ՝ միայն հրեաներին: Եւ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ եւ կիւրենացիներ, Անտիոք մտնելով, յոյներին էին դիմում՝ աւետարանելով Տէր Յիսուսին: Եւ Տիրոջ զօրութիւնը նրանց հետ էր: Հաւատացեալների մի բազմութիւն դէպի Տէրը դարձաւ: Նրանց մասին այս լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցուն: Եւ Բառնաբասին ուղարկեցին մինչեւ Անտիոք: Երբ սա եկաւ եւ տեսաւ Աստծու շնորհները, ուրախացաւ եւ յորդորում էր բոլորին, որպէսզի նրանք յօժար սրտով յարած մնան Տիրոջը, ըստ որում նա բարի, Սուրբ Հոգով եւ հաւատով լցուած մարդ էր. եւ Տիրոջը յարածների վրայ բազում ժողովուրդ աւելացաւ: Ապա Բառնաբասը ելաւ գնաց Տարսոն՝ Սօղոսին փնտռելու եւ, նրան գտնելով, բերեց Անտիոք: Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հաւաքւում էին եկեղեցու մէջ եւ ուսուցանում էին շատ շատերին: Եւ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին «քրիստոնեաներ» անուանեցին:
Պետրոս Առաքյալի առաջին ընդհանրական նամակը, 3. 10-22
Արդարեւ՝ Ով ուզում է կեանքը սիրել եւ լաւ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց եւ իր շրթունքները՝ նենգութիւն խօսելուց. թող յետ քաշուի չարից եւ բարին անի, թող խաղաղութիւն փնտռի եւ գնայ նրա յետեւից, որովհետեւ Տիրոջ աչքը արդարների վրայ է, եւ նրա ականջները բաց՝ նրանց աղօթքին. բայց Տիրոջ երեսը չարագործների դէմ է: Եւ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթէ դուք նախանձախնդիր լինէք բարուն: Իսկ եթէ արդարութեան համար չարչարուէք էլ, երանի՜ է ձեզ: Բայց նրանց երկիւղից մի՛ վախեցէք եւ մի՛ խռովուէք, այլ Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում. պատրա՛ստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը: Մաքուր խղճմտանք ունեցէ՛ք, որպէսզի այն բանով, որ չարախօսում են ձեր մասին, ամօթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս, որովհետեւ աւելի լաւ է բարեգործութիւն անելով չարչարուել, եթէ այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել: Արդարեւ, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մէկ անգամ մեռաւ եւ ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպէսզի մեզ մօտեցնի Աստծուն. նա թէպէտեւ մարմնով մեռաւ, բայց կենդանի է Հոգով, որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարութիւնը երկարաձգւում էր նրանց համար մինչեւ Նոյի օրերը, երբ տապանն էր շինւում: Այդ օրերին քչեր, այսինքն՝ ութ հոգի փրկուեցին ջրից: Մկրտութիւնն էլ, ըստ նոյն օրինակի, ապրեցնում է ձեզ (ոչ թէ մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպէս մաքուր խղճով յանձնառութիւն առ Աստուած) Յիսուս Քրիստոսի յարութեան միջոցով: Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է: Եւ նրան հնազանդւում են հրեշտակները, իշխանութիւններն ու զօրութիւնները:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 4. 24-42
Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»: Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կը գայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կը պատմի»: Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»: Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խօսում նրա հետ: Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց. «Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»: Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ: Եւ մինչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»: Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»: Աշակերտները իրար մէջ ասում էին՝ արդեօք մէկը դրան ուտելու բա՞ն է բերել: Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը: Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս ամիս եւս կայ, որ հունձը գայ. ահա ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար: Եւ ով հնձում է, վարձ է ստանում ու յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան: Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ ա՛յլ է սերմանողը եւ ա՛յլ՝ հնձողը: Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»: Եւ սամարացիների այդ քաղաքից շատեր հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի: Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ մնայ. եւ նա այնտեղ մնաց երկու օր: Ուրիշ շատեր էլ նրան հաւատացին՝ իր խօսքի համար. եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս Փրկիչն աշխարհի»:
Ավետարան ըստ Ղուկասի, 8. 1-21
Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը: Եւ նրա հետ էին Տասներկուսը եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթը դեւ էր դուրս եկել, Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան:
Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց. «Մի սերմնացան ելաւ սերմեր ցանելու: Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչունները այն կերան: Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ՝ խոնաւութիւն չլինելու պատճառով: Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը նրա հետ բուսնելով՝ այն խեղդեցին: Եւ ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ, բուսնելով, հարիւրապատիկ պտուղ տուեց»: Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»:
Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ի՞նչ է նշանակում: Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծու արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան:
Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խօսքն է: Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն: Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում: Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ, երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում: Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս:
Ո՛չ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի, ովքեր մտնեն, լոյսը տեսնեն: Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ: Այսուհետեւ զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետեւ ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից»:
Նրա մօտ եկան իր մայրն ու եղբայրները եւ չէին կարողանում նրան մօտենալ բազմութեան պատճառով: Իմաց տուին նրան եւ ասացին. «Քո մայրը եւ քո եղբայրները դրսում կանգնել են եւ ուզում են քեզ տեսնել»: Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծու խօսքը լսում են եւ կատարում»:
Ավետարան ըստ Մատթեոսի, 9. 35 – 10. 15
Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները: Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն: Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն: Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը Անդրէաս, Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց, Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան: Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք, այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ: Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»: Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք: Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ. ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին: Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, եւ այնտեղ մնացէ՛ք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք: Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»: Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ: Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք: Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»:
Ավետարան ըստ Մարկոսի, 4. 1-9
Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ, ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը: Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ. «Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ: Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն: Ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խորը չէր, բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ: Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտուեց: Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»: Եւ ասում էր. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»:
0 կարծիք