Հինանց ԺԲ. օր

Բաժին՝ Օրեր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Յինանց օրեր։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առաքյալների գործերը, 8. 14-25

Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, թէ Սամարիայում էլ ընդունել են Աստծու խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք, իջնելով, աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. քանի որ մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով: Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան: Սիմոնը տեսնելով, թէ առաքեալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրւում է, փող տուեց ու ասաց. «Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի, ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ»: Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգեւները կարելի է փողով ստանալ. դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ: Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր եւ աղաչի՛ր Տիրոջը, թերեւս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն. քանի որ մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապանքների մէջ եմ տեսնում քեզ»: Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեցէք Տիրոջը, որպէսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, իմ վրայ ոչինչ չգայ»: Եւ նրանք վկայութիւն տալով՝ խօսեցին Աստծու խօսքը ու վերադարձան Երուսաղէմ: Եւ սամարացիների շատ գիւղերում աւետարանում էին:

Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակը, 5. 12-20

Ամէն բանից առաջ, եղբայրեր իմ, մի երդուէք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր այոն թող լինի՝ այո, եւ ոչը՝ ոչ, որպէսզի կեղծաւորութեան պատճառով չընկնէք: Ձեզնից մէկը վշտի՞ մէջ է ընկել, թող աղօթի. մէկը բերկրանքի՞ մէջ է, սաղմոս թող ասի. հիւա՞նդ է ձեզնից մէկը, թող կանչի եկեղեցու երէցներին, եւ նրանք նրա վրայ թող աղօթք անեն, թող իւղով օծեն նրան Տիրոջ անունով: Եւ հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի: Եւ եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներուի: Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է: Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց: Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը: Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, թող իմանայ, որ, ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 1. 43-51

Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետեւից»: Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից: Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»: Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»: Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»: Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»: Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»: Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»: Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»:

Ավետարան ըստ Ղուկասի, 5. 17-26

Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր: Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ: Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ: Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»: Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»: Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն: Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն: Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»:

Ավետարան ըստ Մատթեոսի, 6. 1-21

«Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է: Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս:

Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս:

Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն: Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք: Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը, քո թագաւորութի՛ւնը թող գայ, քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է, մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր, եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ, եւ մի տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից, որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն:

Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների: Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները:

Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ:

Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում, քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»:

Ավետարան ըստ Մարկոսի, 2. 1-12

Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է. եւ շատեր հաւաքուեցին, այնպէս որ այլեւս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջեւ: Եւ նրանց քարոզում էր Աստծու խօսքը: Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով: Եւ երբ ամբոխի պատճառով Յիսուսին չկարողացան մօտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնւում էր նա. եւ բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մէջ էր անդամալոյծը: Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»: Օրէնսգէտներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին. «Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»: Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում. ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներուած են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը: Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի ներելու մեղքերը, – ասաց նա անդամալոյծին, – քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: Եւ վեր կացաւ ու անմիջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԺԲ. օր Յինանց։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: