Հինանց ԺԱ. օր

Բաժին՝ Օրեր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Յինանց օրեր։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առաքյալների գործերը, 8. 3-13

Իսկ Սօղոսը եկեղեցուն շատ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց եւ կանանց ու մատնում բանտարկութեան: Եւ նրանք, որ ցրուած էին, շրջելով աւետարանում էին խօսքը: Իսկ Փիլիպպոսը, Սամարիա քաղաքն իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց: Ժողովրդի բազմութիւնը միասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խօսքերը, երբ լսում եւ տեսնում էր այն նշանները, որ նա անում էր, որովհետեւ շատ դիւահարներից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով՝ դուրս էին ելնում: Եւ բազում անդամալոյծներ եւ կաղեր բժշկւում էին. եւ այդ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ: Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապէս մոգութիւն էր անում եւ զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թէ ինքը մեծ մէկն է. փոքրից մինչեւ ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զօրութիւնը, որ մեծ է կոչւում»: Հիացումով էին նայում նրան, որովհետեւ երկար ժամանակ մոգութիւններով իրենց զարմացրել էր: Բայց երբ հաւատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի անուան մասին էր աւետարանում, բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, մկրտուեցին: Ինքը Սիմոնը եւս հաւատաց եւ, մկրտուելով, միշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները եւ մեծամեծ զօրութիւնները, որ կատարւում էին, զարմանում էր:

Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակը, 5. 1-11

Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացէ՛ք եւ ողբացէ՛ք այն թշուառութիւնների համար, որ գալու են ձեր գլխին. որովհետեւ ձեր հարստութիւնը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դէմ որպէս վկայութիւն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպէս կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցէք: Ահա՛ւասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մօտ պահեցիք. ձեր կողմից զրկուածն աղաղակում է, եւ հնձուորների բողոքը հասաւ Ամենակալ Տիրոջ ականջին: Մեղկ կեանքով ապրեցիք երկրի վրայ եւ շուայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթուելու օրուայ համար: Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում: Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը: Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը: Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է: Մի՛ տրտմեցրէ՛ք մի մեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատուէք: Ահա՛ւասիկ դատաւորը դռանն է: Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան որպէս օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով: Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին: Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 1. 35-42

Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը: Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստուծոյ»: Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, եւ գնացին Յիսուսի յետեւից: Երբ Յիսուս յետ դարձաւ եւ տեսաւ նրանց, որ գալիս էին իր յետեւից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»: Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ), ո՞ւր է քո օթեւանը»: Նա նրանց ասաց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Եկան եւ տեսան, թէ որտեղ էր նրա օթեւանը. եւ այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետեւ մօտ ժամը չորսն էր: Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը եւ գնացին Յիսուսի յետեւից: Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է՝ Քրիստոս): Սա նրան տարաւ Յիսուսի մօտ: Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է՝ Պետրոս):

Ավետարան ըստ Մատթեոսի, 5. 17-48

«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, որ մի նշանախեց է, Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:

Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի: Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին: Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր: Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես: Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը:

Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Արդարեւ ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»: Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է:

Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»: Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է: Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել: Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է:

Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»: Իսկ ես ձեզ ասում եմ՝ չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու: Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող: Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից:

Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»: Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ: Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում: Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում: Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»:

Ավետարան ըստ Մարկոսի, 1. 35-45

Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր: Նրա յետեւից նրան փնտռելու գնաց Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին: Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտռում են քեզ»: Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»: Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում: Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: Իսկ Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց: Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանային ցո՛յց տուր եւ մաքրուելուդ համար ընծայ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը՝ նրանց համար իբրեւ վկայութիւն»: Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս:

Ավետարան ըստ Ղուկասի, 5. 12-16

Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած մի մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած՝ աղաչեց նրան եւ ասաց. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: Նա մեկնեց իր ձեռքը, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից: Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛, – ասաց, – դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը՝ ի վկայութիւն նրանց»: Եւ նրա համբաւը աւելի ու աւելի էր տարածւում. եւ բազում ժողովուրդ էր հաւաքւում լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու: Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԺԱ. օր Յինանց։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: