Հարության Ա. կիրակի (Հոգեգալստյան տոնից հետո)

Բաժին՝ Օրեր
Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Առաջին քրիստոնեական քարոզը։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Թագավորների Գ. գիրք, ԺԸ. 29-46

Այն ժամանակ խօսեց թեզբացի Եղիան գարշելի կուռքերի մարգարէների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեցէք, հիմա ես եմ իմ ողջակէզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։ Եղիան ասաց ժողովրդին. «Մօտեցէ՛ք ինձ»։ Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ նրան։ Նա նորոգեց Տիրոջ կործանուած զոհասեղանը, առաւ տասներկու քար ըստ Իսրայէլի ցեղերի թուի, ինչպէս Տէրն ասել էր նրան՝ «Իսրայէ՛լ թող լինի քո անունը»։ Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիւ սերմ տանել, ապա փայտ դիզեց զոհասեղանի վրայ, կտրատեց զուարակը, դրա կտրատուած մասերը դասաւորեց զոհասեղանին դրուած փայտերի վրայ։ Նա ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերէք եւ թափեցէ՛ք ողջակէզի ու ջարդուած փայտերի վրայ»։ Ապա ասաց. «Դարձեա՛լ արէք»։ Նրանք նոյն բանը կրկին արեցին։ Եղիան ասաց. «Երրո՛րդ անգամ էլ արէք»։ Նրանք երրորդ անգամ էլ արեցին։ Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, եւ փոսը լցուեց ջրով։ Զոհի մատուցման ժամին Եղիան երկինք աղաղակելով՝ ասաց. «Աբրահամի, Իսահակի ու Իսրայէլի Տէ՛ր Աստուած, թող այսօր համոզուեն, թէ դու ես Իսրայէլի Տէր Աստուածը, եւ ես քո ծառան եմ։ Ես արեցի այս գործերը։ Լսի՛ր ինձ, Տէ՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենայ, թէ դու ես Տէր Աստուածը, եւ դու յետ դարձրիր այս ժողովրդի սիրտը»։ Եւ երկնքից կրակ ընկաւ Տիրոջից, լափեց ողջակէզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը։ Երբ ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, ընկաւ երեսնիվայր եւ ասաց. «Արդարեւ, Տէրն Աստուած է, Տէրն Աստուած է»։ Եղիան ասաց ժողովրդին. «Բռնեցէ՛ք Բահաղի մարգարէներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Բռնեցին նրանց։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։ Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետեւ անձրեւի ձայն է լսւում»։ Աքաաբն ելաւ, որ ուտի եւ խմի, իսկ Եղիան բարձրացաւ Կարմելոս լերան գագաթը։ Նա մինչեւ գետին խոնարհուեց, երեսն առաւ ծնկների մէջ ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»։ Ծառան ելաւ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկայ»։ Եղիան ասաց. «Դու եօթն անգամ արա՛ դա»։ Ծառան եօթն անգամ գնաց եւ այնպէս պատահեց, որ, եօթներորդ անգամը հազիւ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում։ Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին՝ «Լծի՛ր քո կառքերը եւ հեռացի՛ր, որ անձրեւի չբռնուես»։ Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, եւ սաստիկ անձրեւ սկսեց տեղալ։ Աքաաբը լալով գնաց Յեզրայէլ։ Տիրոջ ձեռքը Եղիայի վրայ էր, որն իր մէջքը պինդ կապելով՝ վազեց Աքաաբի առջեւից մինչեւ որ մտաւ Յեզրայէլ։

Թագավորների Դ. գիրք, Բ. 1-15

Երբ Տէրը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսէէն գնացին Գաղգաղա։ Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Բեթէլ է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Բեթէլ։ Բեթէլում գտնուող մարգարէների որդիները եկան Եղիսէէի մօտ եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տէրը այսօր առնել տանելու է քո մօտից քո տիրոջը»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»։ Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Երիքով է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Երիքով։ Երիքովում գտնուող մարգարէների որդիները մօտեցան Եղիսէէին եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տէրը քո տիրոջը առնել տանելու է քո մօտից»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»։ Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրը ինձ Յորդանան գետի ափն է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Եւ նրանք երկուսով գնացին։ Մարգարէների որդիներից յիսուն հոգի գնաց ու կանգնեց հեռւում, Եղիայի ու Եղիսէէի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Յորդանան գետի եզերքին։ Եղիան առաւ իր մորթէ վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին։ Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ նրանք երկուսով անցան ցամաքով։ Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերացրել»։ Եղիսէէն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»։ Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպէս թող լինի, ապա թէ ոչ՝ թող չլինի»։ Մինչ նրանք քայլում էին, մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմեանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ։ Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»։ Եւ այլեւս չտեսաւ նրան։ Եղիսէէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց։ Նա ձեռքն առաւ Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ։ Եղիսէէն վերադարձաւ, գնաց կանգնեց Յորդանան գետի եզերքին, վերցրեց Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ, խփեց ջրերին՝ ասելով. «Եղիայի Տէ՛ր Աստուած, ո՞ւր ես հիմա»։ Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ Եղիսէէն անցաւ։ Երբ Երիքովի մարգարէների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսէէի վրայ»։ Նրանք եկան դիմաւորեցին, երկրպագեցին նրան։

Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակ, Ե. 16-20

Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։ Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց։ Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը։ Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, թող իմանայ, որ, ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն։

Ավետարան ըստ Ղուկասի, Դ. 24-30

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարէն ընդունելի չէ իր քաղաքում։ Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ։ Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում։ Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»։ Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. եւ վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լերան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն։ Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Առաջին կիւրակէ յարութեան (զկնի Հոգեգալստեան)։ Օրհ. աձ . Երգեսցուք։ Հրց. աձ. Որ եկիր ի փրկութիւն տիեզերաց։ (Յօրէս ցԲուն Բարեկենդան զԻւղաբերից Աւետարանն զԹաղմանն եւ զՅարութեանն միասին ընթեռնուլ)։ Ժմտ. Միածին Որդի։ Ճշ. շրկ. աձ. զԹագաւորն փառաց։ Հմբ. աձ. Ընդ լուսանալ եւ այլն ամենայն Յարութեան է, այսինքն՝ Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան։

Նախատօնակ։ Շրկ. դկ. Անձինք նուիրեալք, իւր սարօքն։ Մղթ. Քրիստոս Աստուած մեր։ Քրզ. Ս. ճգնաւորօքն, Աղթ. Պսակիչ սրբոց։

Խրատ. զՅարութեան Համբարձիսն աստի սկսեալ ասա ի կիւրակէսն ի ձայնէն։ Եւ յորժամ ի կիւրակէս այլ տօն պատահիցի, յորժամ ոչ ասիցես զՀամբարձիսն Յարութեան, ի մտի պահեա։ Յորժամ նոյն ձայնիւ կիւրակէ պատահիցի՝ երկու ասա զՀամբարձիսն, որպէս ցուցանէ քեզ տարեգիրն։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: