«Այս խոսքերն ի պա՛հ դրեք ձեր մտքում ու ձեր հոգում։ Դրանք որպես նշան կապեցե՛ք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև։ Դուք սովորեցրե՛ք դրանք ձեր որդիներին և դրանց մասին խոսեցեք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Դրանք գրեցե՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրա, որ ձեր կյանքը երկար լինի»
(Բ Օրենք ԺԱ 18-21, տե՛ս նաև Բ Օրենք Զ 6-9, Թվեր ԺԵ 39-40, Հեսու Ա 8, Առակ. Զ 21-23)։ -------------------------
Ամեն օր ընթերցելով Աստվածաշունչը՝ մարդը մտնում է նրա ճշմարտությունների ծիրի մեջ, հարազատանում դրանց ու դարձնում ամեն ինչի մասին իր դատողությունների հենակետը, և, ի վերջո, նրանում ձևավորվում է սուրբգրային ոգուն համապատասխան տրամադրություն. «Ո՞վ է հիշում Աստծո խոսքը և չի շտկվում,- հարցնում է ս. Եփրեմ Ասորին և պատասխանում.-միայն թույլ ու թշվառ մարդը»։
«Աստվածաշնչի անդադրում ուսումնասիրությունը,- կարդում ենք ս. Եփրեմ Ասորու մոտ,- լույս է հոգու համար, քանզի հոգուն հիշեցնում է այն մասին, որ զգուշանա կրքերից, հարատևի առ Աստված սիրո և անաղարտ աղոթքի մեջ, այն նաև ցույց է տալիս սրբերի հետքերով ընթացող խաղաղ ճանապարհը»։
«Աստվածաշնչի վրա մի հայացքն իսկ ինքնին ետ է պահում մեզ մեղքից,- ասում է ս. Հովհաննես Ոսկեբերանը։ Եթե նույնիսկ համարձակվենք և օրինազանց լինենք, պղծենք ինքներս մեզ և ապա, տուն վերադառնալով, տեսնենք Ս. Գիրքը, խղճմտանքը մեզ առավել կդատապարտի։ Եթե այս բանին միանա նաև մեծ ուշադրությամբ ընթերցանությունը, այդժամ հոգին, որն ասես դեգերում է սուրբ վայրերում, կմաքրագործվի ու կբարելավվի, քանզի Գրքերի միջոցով մեզ հետ խոսում է Ինքը՝ Աստված (1)»։
Արեգակը ծագելիս թող քեզ գտնի Սուրբ Գիրքը ձեռքիդ (Եվագր Պոնտացի):
Մարդու բնությունը կրող է խրատի ու օրենքների. թեև բնականից նույնն ունի, սակայն սրա մեջ ևս վարժմամբ է առաջադիմում։ Առանց վարժման մարդիկ դժվարությամբ են կարողանում ճշմարիտ վարք ձեռք բերել (Ներսես Լամբրոնացի)։
Եթե քննես Գրվածքները, միշտ նախանձախնդրորեն սովորես դրանցից և ձգտես գործել դրանց համաձայն, ապա քո ճանապարհին կհայտնվի Հիսուսը և կմեկնի Գիրքը, այնպես որ դու էլ կբացականչես. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, մինչ Նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՜ս էր մեզ բացատրում Գրքերը» (Ղուկ. ԻԴ 32)։ Նա մոտ է նրանց, ովքեր միշտ հիշում են Նրան և զօրուգիշեր քննում Նրա պատվիրանները (Որոգինես Ալեքսանդրացի)։
Ուժերիդ չափով պարտադրիր քեզ ըստ կարելվույն հաճախ ընթերցել Աստվածաշունչը, որ ի մի բերի մտքերդ, որոնք ցրել էր թշնամին՝ իր խաբեպատիր հնարքներով չար խորհուրդներ ներշնչելով։
Աստվածաշունչ Մատյանի գրքերի ընթերցանությունը կարգի է բերում ցրված միտքը և աստվածգիտություն պարգևում։ Ուստի ջանասե՛ր եղիր ու վարժի՛ր անձդ ընթերցանությամբ ու աղոթքով, որպեսզի միտքդ լուսավորվի (ս. Եփրեմ Ասորի)։
Ինչպես գեղանկարիչները, որևէ նկար արտանկարելիս ուշադրությամբ զննելով այն, ջանում են նրա գծերը փոխանցել իրենց ստեղծագործությանը, այդպես էլ առաքինության բոլոր մասերի մեջ նախանձախնդրորեն կատարելություն տենչացողը պետք է ամեն առիթով ուշադրությամբ զննի (աստվածաշնչյան) սուրբերի՝ իբրև շարժվող և գործող արձանների վարքը և, ընդօրինակելով ինչ որ բարի է, յուրացնի դրանք (ս. Բարսեղ Կեսարացի)։
Սուրբ հայրերը, կատարելապես ընթերցելով Սուրբ Գիրքը, այնուհետև իրենց խոսքերով ու գործերով հոժարությամբ նմանվում էին իրենց սկզբնատիպին՝ Աստծուն։ Եվ կերտվում էին աստվածային այդ հիմքի վրա բարվոք շինությամբ, այսինքն՝ ընտիր առաքինությամբ, որի գլուխն է Ինքը՝ Քրիստոս (Հարանց վարք)։
Հարկ է ավետարանական պատգամներն ուսումնասիրել այնպես, որ դառնան գիտակցության սեփականությունն ու փաստը. միայն այդ ժամանակ է հնարավոր նրանց ճշգրիտ և մշտական կատարումը, այնպես, ինչպես Տերն է պահանջում (ս. Իգնատի Ստավրոպոլսկի)։
Աշխատիր մտքով ու սրտով այնպես յուրացնե՛լ Ավետարանը, որ միտքդ ասես լողա նրանում, ապրի նրանով. այդժամ և գործերդ շահեկանորեն ավետարանական կդառնան։ Այդ բանին կարելի է հասնել Ավետարանի հարատև երկյուղալից ընթերցանությամբ և ուսումնասիությամբ։
Ս. Պախոմիոս Մեծը՝ հռչակավոր հին հայրերից մեկը, անգիր գիտեր Ավետարանը և Աստծո հայտնությամբ անվերապահորեն պարտավորեցնում էր սերտել այն։ Այդպիսով, Ավետարանը ուղեկցում էր նրանց ամենուր, միշտ առաջնորդում էր նրանց։
Ինչո՞ւ քրիստոնյա դաստիարակները այսօր էլ անմեղ երեխաների հիշողությունը չզարդարեն Ավետարանով՝ փոխանակ աղտոտելու այն Եզոպոսի առակներով ու այլ ոչնչություններով (ս. Իգնատի Բրյանչանինով)։
Հնում շատ քրիստոնյաներ անգիր գիտեին Աստվածաշունչ Մատյանի գրքերի մեծ մասը։ Օրինակ՝ պաղեստինյան նահատակներից մեկը՝ կույր Հովհաննեսը։ Եվսեբիոս պատմիչը նրա մասին գրում է. «Սրբազան Գրքերը ոչ թե մագաղաթի ու թղթի վրա էին գրված, որոնք բոլորն էլ ժամանակի ընթացքում մաշվում են, այլ նրա լուսավոր հոգում և մաքուր մտքում, այնպես որ նա, երբ կամենում էր, անգիր հատվածներ էր ասում Մովսեսի և մարգարեների, կամ էլ պատմական գրքերից, Ավետարանից կամ Գործք առաքելոցից»։
———————————————————————————-
(1) Как читать Библию? Москва, 1996, стр. 7.
0 կարծիք