Հիսուս Քրիստոսի երկինք համբարձման հիշատակության օրն է, որ Հայ Եկեղեցին որպես Տերունի տոն նշում է Քրիստոսի հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժականությամբ՝ ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը հանդիպող հինգշաբթի։
Հարությունից հետո Քրիստոս 40 օր շարունակում է մնալ երկրի վրա և երևալ իր աշակերտներին։ Քառասուներորդ օրը Հիսուս վերջին անգամ երևում է իր առաքյալներին, օրհնում ու պատգամներ տալիս նրանց, որից հետո համբարձվում է երկինք։
Քրիստոսի համբարձման մասին վկայում են Մարկոս և Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաև «Գործք առաքելոց»-ում։
«Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խոսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ և նստեց Հօր աջ կողմը» (Մարկոս Ավետարանիչ, 16․ 19)։
Քրիստոսի համբարձման տոնը հայ ժողովրդի ամենասիրած տոներից է, որն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով։
[hr]
Հայ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օրը։ Պատմության թելադրանքով 484 թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում։ Ի հիշատակություն պատմական այդ օրվա Սուրբ Էջմիածնում Համբարձման տոնի առիթով մատուցվող սբ. պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք։
0 կարծիք