Հաղորդություն

Ղուկաս Վահան Զաքարյան
 

Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար:

(Ավետարան ըստ Մատթեոսի, ԻԶ․ 26-28)

Աստված շատ ավելի է սիրում Իր որդիներին, քան թե մայրն իր մանկանը. «Մի՞թե կինը կմոռանա իր երեխային կամ չի գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, Ես, սակայն, չեմ մոռանա»,- ասում է Տերը (Ես. ԽԹ 15):

Մենք տեսնում ենք, որ մայրն իր զավակի առողջության համար կաթով սնունդ է տալիս նրան: Այսինքն՝ սնում է նրան իր մարմնով ու արյամբ: Առավել ևս աշխարհի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, Իր հավատացյալներին իբրև Ի՛ր հոգուց ծնված մանուկների սնուցում է Ի՛ր մարմնով ու արյամբ: Եվ այդ երկնային սնունդը մարդուն հավիտենական առողջություն կպարգևի, ինչպես Պետրոս առաքյալն է ասում. «Որպես նորածին երեխաներ միշտ փափագող եղեք բանական և անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար, քանի որ արդեն ճաշակել եք, որ քաղցր է Տերը» (Ա․ Պետրոս, Բ․ 2-3):

Հիսուս ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա: Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, հաւիտենական կյանք ունի. և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք» (Ավետարան ըստ Հովհաննեսի, Զ․ 54-57):

Առաջին հայացքից թվում է, թե շատ խիստ խոսքեր է ասում Հիսուս: Եվ իրոք, ինչպես վկայում է Ավետարանը (Հովհ., Զ․ 53-63), շատերը գայթակղվելով հեռացան Նրանից՝ չհասկանալով այդ խոսքերի իմաստը: Սակայն մի պահ մտածենք. ինչո՞ւ եկավ Հիսուս աշխարհ, եթե ոչ իր կյանքը տալու աշխարհի համար: Ինչո՞վ է աշխարհը փրկվում, եթե ոչ Քրիսոսի զոհաբերությամբ, ուրեմն մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Քրիստոսին, առանց մասնակից լինելու Նրա կատարած զոհաբերությանը:

Քրիստոս սովորեցնում է, որ սովորական հացը մեզ վրա ներգործում է միայն ֆիզիկական, նյութական կենդանություն ապահովելով, իսկ հոգևոր հացը ո՛չ միայն ֆիզիկական կենդանություն է ապահովում, այլև հոգևոր` պարգևելով հավիտենական կյանք: Եվ ինչպես մկրտությունը հոգևոր ծնունդ է, նույնպես սուրբ Պատարագը հաղորդության խորհրդով հոգևոր սնունդ է:

Մարդիկ, որոնք սեր են տածում միմյանց նկատմամբ, իրենց զգացմունքներն արտահայտելի դարձնելու համար միմյանց հանդիպելով առատ կերակուրներով սեղաններ են գցում, երբեմն-երբեմն նաև նվերներ են տալիս: Հիսուս առավել սիրեց մեզ, այնքան սիրեց, որ նույնիսկ Իր մարմինն ու արյունը տվեց որպես կերակուր, որը մեզ համար հավիտենական կյանքի պատճառ եղավ:

Հիսուս Իր քարոզչության ընթացքում տարբեր առիթներով անդրադարձել է, որ Ինքն է ճշմարիտ կերակուրն ու ըմպելին (Հովհ. Զ 32-35): Այդ խոսքերը Նա ամրագրեց հատկապես վերջին ընթրիքի ժամանակ:

Տասներկու առաքյալների հետ սեղան նստած Հիսուս վերցրեց բաղարջ հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ մարմինը»: Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին ու ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»: Այնուհետև ասաց. «Այս արե՛ք իմ հիշատակի համար» (Մտթ. ԻԶ 26-29, Ղուկ. ԻԲ 19):

Հաղորդության խորհուրդը, Հիսուս Քրիստոսի կողմից վերջին ընթրիքին հաստատված, մեզ մեր երկրավոր կյանքի մեջ աննկարագրելիորեն մոտեցրեց Աստծուն: Ընդհուպ հաղորդվելով նրան շոշափելիորեն մեր անձերից ներս ենք ընդունում:

Կա միայն մեկ մեղք. չփափագել Աստծուն և բաժանված կամ հեռացած լինել Նրանից, և կա միայն մեկ ցավ. մաքրություն, սրբություն չունենալ, այն է՝ միություն չունենալ միակ Սրբի հետ: Այս հանգույցն էր, որ լուծվում էր վերջին ընթրիքի ժամանակ:

Հաղրդությունը կյանքի այն կարևոր պահն է, որով մենք հպվում ենք Աստծուն: Ո՛չ, չենք տեսնում նրան, ո՛չ, ձեռքերով չէ, որ շոշափում ենք Նրան, այլ շուրթերով է, որ Նրան ընդունում ենք մեր անձերից ներս: Զգալով Նրան մեր ամբողջ էությունից ներս միաժամանակ և՛ տեսնում ենք Նրան, և՛ շոշափում, և՛ ապրում Նրա սիրով:

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂՈՐԴՎԵԼ

Երբեմն զգալով հաղորդության անհրաժեշտությունը, նշանակություն չենք տալիս պատրաստության այն ճանապարհին, որով անցնելով մենք պետք է մոտենանք այդ սրբությանը:

Առաջին պարտավորությունը, որ մեր առջև դնում է Եկեղեցին, մկրտված լինելն է, ինչպես նաև՝ ուղղափառ վարդապետության խոստովանությունը:

Շատ կարևոր է հավատո խոստովանությունը, որովհետև առանց այդ իմացության մենք չենք ըմբռնի, թե ի՞նչ ենք ճաշակում՝ սովորական հաց և գինի, թե՞ Քրիստոսի մարմին ու արյուն: Այս է պատճառը, որ հաղորդության ժամանակ հնչում է հավատո խոստովանության մի փոքրիկ դրվագ.

«Ասացէ՛ք մեղայ Աստուծոյ. հաւատամք ի Հայր Սուրբ Աստուած ճշմարիտ, հաւատամք յՈրդին Սուրբ Աստուած ճշմարիտ, հաւատամք եւ ի Հոգին Սուրբ Աստուած ճշմարիտ: Զի Սա է կենդանի եւ կենդանարար մարմին եւ արիւն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ լինի մեզ ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց մերոց: Խոստովանիմք եւ հաւատամք»:

Հաղորդությունն ընդունելու երկրորդ կարևոր պայմանը հոգևոր մաքրությունն է: Պողոս առաքյալը հետևյալ խրատն է տալիս մեզ այս հարցում. «Ահա թե ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանորեն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին ու արյանը։ Թող մարդ նախ ինքն իրեն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից. որովհետև, ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են. որովհետև, եթե մենք մեզ քննեինք, ապա չէինք դատապարտվի։ Իսկ եթե դատվում ենք, Տիրոջից խրատվում ենք, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք» (Ա Կորնթ. ԺԱ 27-30):

Երբ հյուր ենք ընդունում մեր տանը, աշխատում ենք, որպեսզի այնտեղ ամեն ինչ մաքուր լինի: Երբ մեր անձերից ներս պետք է ընդունենք Աստծուն, առավել ևս պետք է մաքուր լինենք ո՛չ միայն մարմնով, այլ՝ հատկապես հոգով: Այս է պատճառը, որ հաղորդությունից առաջ պետք է քննենք ինքներս մեզ, զղջանք մեր սխալների համար, խոստովանենք Աստծու և Նրա պաշտոնյայի՝ հոգևորականի առջև: Այդ օրը պետք է նաև ֆիզիկապես մաքուր լինել: Այդ պտճառով մեզ հրահանգվում է հաղորդության օրը, նախքան հաղորդություն, որևէ կերակուր չճաշակել:

Երբեմն մենք մեզ չափից ավելի անարժան ենք զգում՝ հաղորդությանը մոտենալու համար: Երբեմն էլ մոտենում ենք այդ սուրբ խորհրդին՝ առանց քնննելու մեզ: Իհարկե երկու մոտեցումներն էլ մոլորեցուցիչ են և վնասակար: Այս խնդիրը մեր առջև լուծում է Հովհան Մանդակունի հայրապետը՝ տալով հետևյալ բացատրությունը.

«Երբ միտքդ չի վկայում քո սրբության մասին, հայտնի է, որ սուրբ խորհրդին մերձենալդ Աստծու կամքով չէ, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Աստծու կամքն այս է՝ ձեր մտքի վկայությունը», և եթե քո միտքը վկայում է սրբությանդ մասին, Աստծու կամքով է մերձավորությունդ, իսկ եթե խղճմտանքով ես մոտենում, իմացի՛ր, որ դատապարտված ես դուրս գալու, և անօրեն, քան բոլոր անօրենները, որովհետև սա առավել մեծ անօրինություն է, քան արյունահեղ սպանողների չարությունը: Եթե մարդը մարդ է սպանում, մարդասպան է կոչվում, իսկ ով անարժանությամբ Տիրոջ մարմնին է հաղորդվում, նա աստվածասպան է, քանզի վերստին խաչում է Աստծու Որդուն»:

Կյանքի իմաստը, էությունը և բերկրանքը ո՛չ թե կերակուրի մեջ է, այլ Աստծու հետ հաղուրդակցության: Այս մտածումով է, որ մենք պետք է մոտենանք սուրբ խորհրդին: Եվ որպեսզի մեր մերձեցումն Աստծու հետ ավելի իրական լինի, վերհիշում ենք այն կարևոր հանգամանքները, որոնք լրացնելու դեպքում իրավունք ենք ձեռք բերում հաղորդվելու:

Նախ.

1. Անհրաժեշտ է մկրտված լինել, ինչպես նաև ունենալ ուղղափառ հավատի խոստովանություն:

2. Հաղորդություն ընդունելու օրը, հաղորդությունից առաջ արգելվում է որևէ կերակուր ճաշակելը, եթե, իհարկե, առողջական խնդիրներ չունեք:

3. Մինչև Աստծուն մերձենալու այդ պահը, նույնիսկ Պատարագից էլ առաջ, խրախուսելի է ինքնաքննությունը, որպեսզի ճանաչելով ինքդ քեզ կարող լինես վճռելու՝ հաղորդվե՞լ, թե՝ ոչ:

4. Որևէ պատճառով ինքնաքննությունն անտեսելով հաղորդվելը արդարացուցիչ չէ:

5. Մեղքի պատճառով Աստծու և մարդու միջև խզված կապը վերականգնելու լավագույն միջոցը հաղորդությունն է: Հետևաբար այդ կապը վերականգնելու համար պետք է զղջում և ցավ ունենալ գործած մեղքերի համար, այնուհետև՝ խոստովանություն:

Ամեն անգամ, հաղորդության ժամանակ Հիսուսի մեղմ և քնքուշ ձայնն է լսվում.

«Ես կերակուր եմ քեզ համար, որ ոչ թե Ինձ դարձնես քեզ նման, այլ դու դառնաս Ինձ նման»:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին