Անիրավ դատավորի մասին առակը, որը փոխաբերորեն միշտ աղոթելու պատվերն է տալիս, պարզաբանումների անհրաժեշտությունն է նաև բերում աղոթելու ձևի և մտադրությունների մասին: Մեր Սուրբ Եկեղեցու ակնառու հոգևորականներից Ներսես Լամբրոնացին պատկերավոր կերպով ասում է, որ աղոթքը շարժումն է այն պարանի, որի ծայրին կապված զանգը հնչում է երկնքում: Իսկ մեր նշանավոր վարդապետ մատենագիրներից Սուրբ Եզնիկ Կողբացին շեշտում է աղոթողի մտքերի մաքրության կարևորությունը` ասելով. «Ավելի լավ է հստակ խորհրդով ննջել, քան պիղծ խորհդով աղոթքներ մատուցել»: Առակում այրի կինը խնդրում է իր օգտի համար: Սակայն մենք պետք է աղոթենք ոչ միայն մեզ, մեր սիրելիների, այլ նաև թշնամիների համար, ինչպես որ պատվիրեց նաև Քրիստոս (Մատթ. 5.44): Մարդկանց համար հաճախ բավականին դժվար է թշնամու համար սիրով աղոթելը: Երբ մտագարությամբ հիվանդները բժշկին հարվածում են և վնասում, բժիշկներն այդ ժամանակ ավելի են խղճում նրանց և ջանում նրանց բուժելու համար` իմանալով, որ այդ ամենը գալիս է նրանց հիվանդությունից։ Նույնպիսի վերաբերմունք պետք է ունենանք նաև մենք մեզ վիրավորողների և թշնամիների հանդեպ և աղոթենք նրանց համար: Սակայն եթե Աստված ամենագետ է, ինչի՞ համար են անհրաժեշտ աղոթքները. չէ՞ որ Աստված գիտի, թե մեզ ինչ է հարկավոր: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ աղոթելը պետք է, որպեսզի խոնարհեցնենք Աստծուն, անդադար աղոթքով միանանք Նրան, զղջմամբ հիշենք մեր մեղքերը և հաշտվենք Նրա հետ: «Եթե Աստված պատվիրում է աղոթել,- ասում է եկեղեցական Սուրբ Հայրը,- ապա ոչ թե նրա համար, որ կարիք ունի մեր հիշեցման, այլ որպեսզի իմանանք, որ միայն Նրա օգնությամբ ենք ամեն ինչ անում, և որպեսզի անընդհատ աղոթքով Նրան հաճելի լինենք»։
Անիրավ դատավորի առակը նաև ակնարկում է մի խնդրի մասին, որ գոյություն ունի դարեր ի վեր: Խոսքը մարդկային հասարակության մեջ անիրավ դատավորների առկայության մասին է: Դեռևս Հին Կտակարանում արձանագրված կարևոր պատվիրաններից են սուտ վկայություն չտալը (Ելք 20.16, Բ Օր. 5.20, 19.16-19) և կողմնակալությամբ, անարդարությամբ դատ չանելը (Բ Օր. 1.16, 16.18-20): Սա ցույց է տալիս, որ նույնիսկ հնագույն ժամանակներից եղել են անիրավ և կաշառք վերցնող դատավորներ: Այս խնդրի լուծման համար այսօր տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ առաջարկում են բարձրացնել դատական համակարգում աշխատողների աշխատավարձը, որպեսզի դատավորները նյութապես բավարարված լինեն և շահագրգռված չլինեն կաշառք վերցնելու: Միակողմանի է այս մոտեցումը, որովհետև առանց մարդու բարոյականը բարձրացնելու, աշխատավարձը ինչքան էլ ուզում ես բարձրացրու, անիրավ դատավորը էլի մնալու է անիրավ դատավոր: Սա մեզ հուշում է, որ մեր կյանքում անիրավությամբ գործեր չանենք, որպեսզի երբ հետո` Դատաստանի օրը, կանգնենք Ամենաարդար Դատավորի առջև, մեր դատապաշտպանները` մեր լուսավոր հավատքը, խիղճը և մեր առաքինի գործերը, արդարացնեն մեզ, և երկնավոր Դատավորը մեզ արժանի դարձնի մուտք գործելու Երկնքի Արքայություն:
[hr]
Աղբյուրը՝ Ադամ քահանա Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը» (գիտելիքներ հավատացյալներին), Ս․ Էջմիածին, 2011, էջ 174-175։[divider]
0 կարծիք