Շավիղ Զ. (Երկնքի ճանապարհը),
Փրկչի մուտքը Երուսաղեմ,
«Ծաղկազարդ» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից),
Ծաղկազարդ (Ադամ քահանա Մակարյան)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Երգ երգոց, 2. 8-9, 10-16, 5. 1, 6. 8-11
(Երգ երգոցի այս հատվածը քաղվածաբար է ընդգրկված ճաշոցում)Իմ սիրեցեալի ձայնն է. ահա գալիս է նա, վազքով անցնում է լեռների վրայով եւ ցատկոտում բլուրների վրայ։ Իմ սիրեցեալը նման է այծեամի կամ եղնիկի հորթերի, որ լինում են Բեթէլի լեռներում։
Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։ Ահա ձմեռն անցաւ, անձրեւները անցան-գնացին, ծաղիկները երեւացին մեր երկրում, էտելու ժամանակը հասաւ, տատրակի ձայնը լսուեց մեր երկրում։ Թզենին իր բողբոջն արձակեց, ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը։ Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։ Ո՛վ իմ աղաւնեակ, դու, որ պատսպարուել ես վէմի հովանու տակ, ցո՛յց տուր քո երեսն ինձ եւ լսելի՛ դարձրու ինձ քո ձայնը, քանզի քաղցր է քո ձայնը, եւ գեղեցիկ է երեսը քո։ Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին, որ ապականում են այգիները, որպէսզի ծաղկեն մեր որթերը։Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ:
Թող իմ սիրեցեալն իջնի իր պարտէզը,եւ իր ծառերի պտուղներն ուտի։
Դուստրերը տեսան նրան եւ երանի տուին,թագուհիները եւ հարճերը գովեցին նրան։ Ո՞վ է սա, որ ելնում է ինչպէս առաւօտ, եւ գեղեցիկ է, ինչպէս լուսին, ընտիր, ինչպէս արեգակ՝ զարմանալի յօրինուած։ Ես ընկուզենիների պարտէզն իջայ՝ նայելու, թէ առուներն ինչպէս են ջրում, տեսնելու, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը,ծաղկե՞լ է արդեօք նոճին, ծաղկե՞լ է արդեօք նռնենին, այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները:
Եսայի մարգարե, 62. 11-12
Ահա թէ ինչ ազդարարեց Տէրը մինչեւ երկրի ծագերը. «Ասացէ՛ք Սիոնի դստերը. ահաւասիկ գալիս է քո Փրկիչը, եւ իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»: Տիրոջ ձեռքով փրկուած Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչուելու ես Փնտռուած քաղաք եւ ոչ թէ Լքուած»:
Պողոս Առաքյալի նամակը եփեսացիներին, 1. 3-10
Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ, երկնային աշխարհում. նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով: Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճութեան: Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով: Նրանո՛վ է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողու թիւն, ըստ իր շնորհի մեծութեան չափի, որ եւ առատացաւ մեր մէջ ամենայն իմաստութեամբ եւ գիտութեամբ: Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանած էր Նրանով, որպէսզի, ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի:
Ավետարան ըստ Մարկոսի, 10. 46 – 11. 11
Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին: Երբ լսեց, թէ անցնողը Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դաւթի՛ Որդի, Յիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»: Եւ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: Յիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն: Կոյրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերուի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»: Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ: Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»: Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից:
Երբ մօտեցան Երուսաղէմին, Բեթփագէին եւ Բեթանիային, Ձիթենեաց լերան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին եւ նրանց ասաց. «Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է. եւ հէնց որ այնտեղ մտնէք, կը գտնէք մի կապուած աւանակ, որի վրայ ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք: Եւ եթէ մէկը ձեզ ասի. «Այդ աւանակը ինչո՞ւ էք արձակում», կ՚ասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կ՚ուղարկի»: Գնացին եւ գտան աւանակը՝ կապուած դռան մօտ, դրսում, փողոցի մէջ, եւ այն արձակեցին: Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք այդ աւանակն արձակում»: Եւ նրանք նրանց ասացին, ինչպէս Յիսուս ասել էր. ու նրանց թոյլ տուին: Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ: Եւ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ: Եւ նրանք, որ առաջից ու յետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութի՜ւն՝ երկնքում եւ փա՜ռք՝ բարձունքներում»: Եւ Յիսուս մտաւ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամէն ինչի վրայ. եւ որովհետեւ երեկոյի ժամ էր, բարձրացաւ Բեթանիա՝ Տասներկուսի հետ միասին:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 11. 1-46
Եւ մի հիւանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից: Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ սրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր: Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»: Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»: Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին: Լսելուց յետոյ, թէ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր: Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»: Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»: Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կ՚առողջանայ»: Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում: Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ, բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք: Արդ, եկէ՛ք գնանք նրա մօտ»: Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէ՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»: Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ: Եւ Բեթանիան Երուսաղէմի մօտ էր շուրջ երեք կիլոմետր: Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար: Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր: Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի, բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կը տայ»: Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կ՚առնի»: Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ՚առնի»: Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատո՞ւմ ես այս բանին»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»: Եւ այս ասելուց յետոյ, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»: Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ: Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել: Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի: Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. «Ո՞ւր դրիք նրան»: Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»: Եւ Յիսուս արտասուեց: Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»: Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»: Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած: Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»: Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»: Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը»: Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»: Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատած: Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէ՛ք դրան եւ թողէ՛ք, որ գնայ»: Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան: Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց:
Երգ երգոց, 1. 1 – 2. 3
Հարսն ասում է. «Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով: Քո ստինքներն աւելի լաւ են գինուց, եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից: Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ, եւ դէպի իրենց ձգեցին քեզ: Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»: Հարսն օրիորդներին պատմում է, թէ Փեսան ինչ է շնորհել իրեն. «Արքան ինձ իր սենեակը տարաւ»: Հարսը պատմում է օրիորդներին, եւ նրանք ասում են. «Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով, եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»: Օրիորդները Հարսին յայտնում են Փեսայի անունը. «Արժանին սիրեց քեզ»: Հարսն ասում է. «Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման: Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ: Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»: Հարսն ասում է Փեսային. «Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»:
Փեսան ասում է հարսին. «Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ կը գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերով եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ: Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»: Օրիորդներն ասում են Հարսին. «Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման, եւ գեղեցիկ է քո պարանոցը, ասես մանեակներով զարդարուած լինի: Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս, որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»: Հարսն ասում է իր եւ Փեսայի մասին. «Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար, որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ: Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝ Ենգադդի այգիների մէջ»: Փեսան ասում է Հարսին. «Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների»: Հարսն ասում է Փեսային. «Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ, եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝ հովանու ներքոյ: Մեր տան գերանները մայրիներ են, եւ նոճիներ են մեր առաստաղները»:
Փեսան ասում է իր եւ Հարսի մասին. «Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան: Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»: Հարսն ասում է Փեսային. «Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ: Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի. եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»:
Զաքարիա մարգարե, 9. 9-15
Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի, ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրայ: Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները՝ Երուսաղէմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակուի, եւ նա խաղաղութիւն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրայ՝ ծովից մինչեւ ծով եւ գետերից մինչեւ երկրի ծագերը: «Իսկ դու արեամբ կնքուած ուխտի համար պիտի արձակես քո գերիներին իրենց անջուր գբից, դուք պիտի ապրէք այդ ժողովրդի ապահով վայրերում, եւ ես քո պանդխտութեան մէկ օրուայ փոխարէն պիտի հատուցեմ քեզ կրկնակին: Ես քեզ, ո՛վ Յուդայի երկիր, ինձ համար պիտի լարեմ ինչպէս աղեղ, պիտի լցնեմ նաեւ Եփրեմի երկիրը, իսկ քո որդիներին, ո՛վ Սիոն, ոտքի պիտի հանեմ Յունաստանի դէմ, պիտի յեսանեմ քեզ ինչպէս ռազմիկի պողպատէ սուսեր»: Տէրը վերակացու պիտի լինի նրանց վրայ, նրա նետը պիտի թռչի ինչպէս փայլակ: Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ: Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի նրանց:
Պողոս Առաքյալի նամակը փիլիպպեցիներին, 4. 4-7
Միշտ ուրախ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք: Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց: Տէրը մօտ է: Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն: Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով:
Ավետարան ըստ Մատթեոսի, 20. 29 – 21. 17
Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց: Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»: Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»: Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»: Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»: Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:
Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ: Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»: Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. «Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»: Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր. եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ: Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»: Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա: Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»: Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»: Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց: Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»: Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց:
Առակաց գիրք, 8. 22-31
ՏՈՆԱՑՈՒՅՑ
† ԾԱՂԿԱԶԱՐԴ։
Ի գիշերին հսկումն է եւ դիցեն զՍրբութիւնն ի վերայ բազմոցի Սեղանոյն։ Զկնի Ճանապարհ մոլորելոցին երգ՝ Թագաւոր փառաց։ Հետ. շրկ. դձ. Թագաւոր գոլով (զչորսն ի միասին ասա)։ Օրհ. աձ. Որ վերօրհնիս (յատեանն), իւր սարօքն։ Իւղաբերից Աւետ. զԹաղմանն միայն կարդա եւ զկնի՝ Զամենայն աւուրս կենաց իմոց։ ԶՏէր յերկնիցն երգեսցեն յատեանն։ Առաւօտու երգ՝ Այսօր մտանէ։ Քրզ. Ասասցուք։ Ս. Աստուած՝ որ եկիր եւ գալոց ես։ Գիրք, Աւետարան, Անդաստան, Քրզ. Ս. Խաչիւս, Աղթ. Պահպանիչ։ Ժմտ. Յորժամ եկեալ։ Շրկ. բկ. Յիսուս Միածին։ Աւետարան, Հոգւոցն։ Շրկ. բկ. Այսօր ընդ հրակերպեան։ Նորաստեղծեալ (երկու տուն)։ Քրզ. Խնդր. Կեցո, Աղթ. Քում ամենազօր գալստեանդ։ Ժմտ. Ցնծա Երուսաղէմ, եւ զարդարեա։ Ճշ. սկսուածք՝ Տէր թագաւորեաց, Շրկ. դկ. Անսկիզբն։ Սրբ. Հրեշտակային։
0 կարծիք