Ծաղկազարդ

Բաժին՝ Ծաղկազարդ
 
Ադամ քահանա Մակարյան
 

Պատարագի արարողության համապատասխան հատվածում պատարագիչ հոգևորականը, երկու ձեռքով սկիհը բարձր պահած, շրջվում է դեմքով դեպի ժողովուրդը և ասում. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»` Օրհնյալ լինես Տիրոջ անունով եկածդ, սրան նաև ավելացնում է` «Օրհնեալ, որ գալոցդ ես»` Օրհնյալ լինես Դու, որ գալու ես:Հիսուսի մուտքը Երուսաղեմ Նշված առաջին խոսքով հիշատակվում է Քրիստոսի առաջին գալուստը, իսկ մյուսով` երկրորդ գալուստը: Քրիստոսի երկրորդ գալստյան վերաբերյալ նման հիշատակություն կա նաև Ղազարու հարության ժամամուտի, ինչպես նաև Պատարագի երեքսրբյան երգեցողության մեջ: Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների հիշեցումն է արվում նաև Սուրբ Զատկին նախորդող կիրակիին` Ծաղկազարդի օրը: Ծաղկազարդի օրը առաջին հերթին հիշատակվում է Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ (Մատթ. 21.1-11, Մարկ. 11. 1-11, Ղուկ. 19. 28-40, Յովհ. 12. 12 -19): Սակայն Ծաղկազարդի օրվա արարողությունները խորհրդանիշն են նաև Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների: Առավոտյան ժամերգության ժամանակ հոգևորականները հավաքվում են եկեղեցու ատյանում` Սուրբ Խորանի դիմաց, երբ երգվում է Տեր հերկնից շարականը, որ տերունական առաջին գալստյան անդրադարձով պատմում է Երուսաղեմ մուտքի մասին: Իսկ երեկոյան Դռնբացեքի արարողություն կատարող հոգևորականները բարձրանում են խորան` այս խորհրդանշական արարողությամբ հիշատակելով Քրիստոսի երկրորդ գալուստը:

Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են արմավենու և ձիթենու ճյուղերով` ի հիշատակություն Քրիստոսի Երուսաղեմ մուտքի, երբ մարդիկ Նրա ճանապարհին արմավենու և ձիթենու ճյուղեր էին սփռում: Քանի որ Հայաստանում արմավենիներ և ձիթենիներ չկան, հայաստանյան եկեղեցիներն այդ օրը զարդարվում են ուռենու ճյուղերով: Եկեղեցական մեր Հայրերի կողմից ուռենին պատահականորեն չի ընտրվել Ծաղկազարդին եկեղեցիները զարդարելու համար, այլ հատուկ խորհրդով: Ուռենու կտրված ճյուղը, հողի մեջ տնկվելով, արմատակալում է և աճում: Այդպես էլ քրիստոնյաները կտրվելով նախկին հեթանոսական սովորույթներից արմատավորվեցին ճշմարիտ հավատքին: Ուռենու ճյուղերը ոչ թե վեր են բարձրանում, այլ խոնարհվում են: Սա ցույց է տալիս, որ նույնպես քրիստոնյաները պետք է խոնարհ լինեն: Երբ կտրում են ուռենու գագաթը, այն կրկին առատ շիվեր է տալիս: Այսպես նաև շատ մարտիրոսներ գլխատվեցին և երկնային անթառամ պսակների արժանացան:

Այս օրը պատկերն է նաև արարչության առաջին օրվա, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկինքը կատարելությունների և հրեշտակների տեղն է, ովքեր Աստծու մերձավորներն են և Նրան անդադար փառաբանողները, իսկ երկիրը` մարմնավորների ու անկատար անասունների, որոնք, զուրկ լինելով բանականությունից, հեռու էին Աստծուց: Այս երկուսի մեջտեղում դրախտն էր, որը տեղն էր բանական մարդկանց, ովքեր գտնվում էին հրեշտակների և անասունների միջև: Եվ Տերն այնպես կարգեց, որ եթե մարդը երկնքի բնակությունը ցանկանա, երկնայիններին նմանվի, իսկ եթե երկրի բնակությունը ցանկանա, անասուններին նմանվի: Մարդը անկում ապրեց դրախտից, և այսօր հատկապես Ծաղկազարդի արարողությունները հորդորում են աստվածահաճո կյանք ապրելով` փափագել երկնային բնակության:

[hr]

Աղբյուրը՝ Ադամ քահանա Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը» (գիտելիքներ հավատացյալներին), Ս․ Էջմիածին, 2011, էջ 177։[divider]

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Փրկչի մուտքը Երուսաղեմ

Ռուբեն աբղ. ԶԱՐԳԱՐՅԱՆ...