«Այս օրենքների Գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որ գիտենաս կատարել դրա մեջ բոլոր գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես» (Հեսու Ա 8)։
«Երանելի է այն մարդը, ով ամբարիշտների խորհուրդով չի գնում, մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ժանտերի աթոռին չի նստում» (Սաղմ. Ա 1), այսինքն՝ քննում է Աստծո օրենքը՝ ոչ թե իմանալու՝ ճշմարիտ են կամ իրեն հաճելի, այլ տեսնելու, թե Աստված դրանով ինչ է հրամայում անել կամ չանել։ Եվ որպեսզի ցույց տա, թե պետք է հարատևել այդ բանում, ավելացնում է. «գիշեր-ցերեկ»։ Այսինքն՝ միշտ պետք է խորհի կամ էլ, երբ հարկ լինի, ցերեկ թե գիշեր, «տանը նստելիս թե ճանապարհ գնալիս, պառկելիս թե վեր կենալիս», ինչպես ասվում է Բ Օրենք Զ 6-7- ում։ Օրինակ՝ մի բան անելիս կամ ձեռնարկելիս նախ մտածի՝ արդյո՞ք Աստծո օրենքներին համապատասխանում է այն, ինչ անում է, թե՞ հակառակ է դրանց։ Նույնպես և գիշերը։
Ոչ միայն այսչափ, այլև օրվա ընթացքում բազում անգամ քննում է, թե Տերն ինչ է հրամայում, որպեսզի ըստ այնմ կարգավորենք մեր կյանքն ու գործերը։ Այլև քննում է բաղդատությամբ, այսինքն՝ համեմատելով իր գործերն ու կյանքը Աստծո օրենքների՝ իբրև տիպարի կամ էլ կյանքի փորձաքարի հետ, որ տեսնի՝ համահո՞ւնչ են միմյանց, իսկ եթե ոչ, ապա ջանա համաձայնեցնել (իր վարքը օրենքի հետ)։
Այս մտածությունը կամ խորհրդածությունը ախտերի ու տրտմությունների հալիչ է, առաքինություններ աճեցնող ու անարատ վարքի տիպար։ Բանն այն է, որ Տիրոջ օրենքների քննությունն ու նրանց մասին խորհրդածությունը նման են ջրի, իսկ ախտն ու տրտմությունը՝ դառն աղի. ինչպես որ աղն է ջրին հպվելիս հալչում, այդպես էլ ախտն ու տրտմությունն են հալչում օրենքի շուրջ խորհրդածությանն հպվելիս։ Ասացի, որ նաև տիպար են, որովհետև պատվիրանների քննությունը նման է բարի վարքի և կյանքի անարատության նախանկարի (նախատիպ օրինակի), ըստ որի էլ կառուցվում է մարդու բարի ու աստվածահաճո կենցաղավարությունը։ Ուստի նրանք, ովքեր կամենում են ապրել ըստ Աստծո (օրենքի), պետք է այս մտահոգությունն ունենան ու այսպես գործեն։ Այդպես էին անում սուրբերը, և այդպես են անում Աստծո ծառաները. այդպես գործելով՝ նրանք իմաստնանում ու երջանկանում են, քանզի նմանօրինակ մտածությունն աճեցնում է հոգևոր կյանքը…
Իսկ նրանք, ովքեր անհոգ են ընթերցելու և խորհելու նկատմամբ, չեն կարող աճել առաքինություններով ու առաջնորդվել ըստ Աստծո օրենքների։ Եթե նրանք, ովքեր միշտ խորհում ու քննում են, բազմիցս են վրիպում, ապա որքան առավել կվրիպեն նրանք, ովքեր անփույթ են, քանզի եթե չենք հետևում այդ խորհուրդներին, ապա «եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը» (Իմաստ. Թ 15) (Հ. Միքայել վրդ. Չամչյանց)։
Մովսեսն հրամայում է խոկալ Աստծո օրենքների շուրջ տանը նստելիս, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս, գրել դրանք տների մուտքին ու դռների վրա, «որ մնան,- ասում է,- անշարժ քո աչքերի առջև» (Բ Օրենք Զ 8)։
Դավիթը Սաղմոսարանում ասում է. «Աստծո օրենքների շուրջ գիշեր-ցերեկ խորհող մարդը նման է ծառի, որ տնկված է ջրերի հոսանքների վրա, որն իր պտուղը ժամանակին է տալիս, և նրա տերևը չի թափվում» (տե՛ս Սաղմ. Ա 2-3)։
Քանզի ո՞ր ջուրը կարող է այնպիսի տնկիներ աճեցնել, պտղաբեր ու տերևաշատ դարձնել դրանք, ինչպես սուրբգրային ընթերցվածքները՝ միտքը։ Կամ՝ ո՞ր անձրևը կարող է այնպես սնել բույսերն ու փարթամացնել ճյուղերը, ինչպես սուրբգրային գիտությունը՝ աստվածասեր հոգին։
Տեսնո՞ւմ ես՝ ինչպես հոգաց Քրիստոս թե՛ անձամբ, թե՛ առաքյալների ու մարգարեների միջոցով հորդորելու մեզ՝ կրթվել և աճել Սուրբ Գրքի ընթերցվածքներով։ Հարատև պարապել և գիշեր-ցերեկ տքնել ու նույն բանում ջանալ, միշտ խոկալ ու (ընթերցանությունն) իր հոգևոր կերակուրն ու ջուրը համարել (Սարգիս Շնորհալի)։
Սուրբ Գրոց հոգևոր խրատները տալիս են ճշմարիտ վարքի իմացություն և հորդորում են մեզ դեպի հոգևոր կարգը։ Քանզի երբ մարդ նյութական բաներ է խորհում, նմանապես և մարմնավոր հիշողություններով աղտեղի շարժումներ է ունենում, որոնք պղտորում են միտքն ու մարմնի զգայարանները։ Իսկ եթե հոգևոր սրբությունների մասին է մտորում, Սուրբ Հոգու ազդեցությամբ հոգևոր վարքի մասին է խորհում և ջանում առաքինության գործեր կատարել (ս. Գրիգոր Լուսավորիչ)։
Պետք է Գրքերը կարդալ առավոտյան՝ աշխատանքից առաջ, մոտ քառորդ ժամ, ապա ամբողջ օրը ծամծմել կարդացածը, ինչպես ոչխարն է որոճում (Ամբրոսի Օպտինսկի)։
Ամեն հոգս ու երկրային մտածում մերժելուն համեմատ պետք է ըստ ամենայնի ջանալ փութեռանդորեն և նույնիսկ անդադրում զբաղվել Սուրբ Գրքի ընթերցանությամբ, մինչև որ հարատև ընթերցանությունը համակի հոգիդ… Այս խոհրդածության օգուտը երկակի է. նախ՝ հոգին կլանվում է ընթերցանությամբ ու խորհրդածությամբ։ Երկրորդ՝ այն, ինչ հաճախակի կրկնությամբ (երբ փորձում ենք յուրացնել հիշողությամբ) չենք կարողացել հասկանալ մեր՝ այդ ժամանակ զբաղված մտքով, հետո, բոլոր գործերից ու հոգսերից ազատվելով և հատկապես գիշերային լռության մեջ խորհրդածելով, ավելի լավ ենք հասկանում, այնպես որ հանգստանալիս և նույնիսկ խորը քուն մտնելիս բացահայտվում է ամենածածուկ իմաստի ընկալումը, որը մենք դույզն ինչ իսկ չէինք հասկացել արթմնի (ս. Իոան Կասիան)։
Զբաղվի՛ր Գրքի ընթերցանությամբ, և երբ դառնաս աղոթքին և քո գործին, ապա աշխարհում տեսածիդ ու լսածիդ փոխարեն կխորհրդածես Սուրբ Գրքերից ընթերցված հատվածների մասին։ Դրանով մոռացության կմատնվեն աշխարհային հիշողությունները. այդպիսով՝ միտքը մաքրության մեջ կհաստատվի: Ընթերցանությունն օգնում է հոգուն, երբ վերջինս աղոթքի է կանգնում. ընթերցանությամբ հոգին լուսավորվում է, որպեսզի առանց ծուլանալու և այլայլվելու հանապազ աղոթի։
Եթե կամենում ես, որ Սուրբ Գրքի ընթերցանությունն հաճելի լինի և իմաստով հասկանալի, մի կողմ դիր (ընթերցածիդ) չափն ու քանակը, և թող միտքդ խորամուխ լինի Հոգու խոսքերի մեջ, մինչև որ հոգիդ զարմանա Աստծո փրկագործության առջև, ու խորունկ խորհրդածության միջոցով ձգտի բարեբանության կամ հոգեշահ տխրության (ս. Իսահակ Ասորի)։
Սուրբ Գիրքը վերցնելիս մի՛ ձգտիր միմիայն ընթերցել թերթ թերթի հետևից, այլ խորհրդածելով՝ թափանցիր յուրաքանչյուր բառի մեջ։ Կանգ առ այն բառերի վրա, որոնք դրդում են քեզ խորասուզվել անձիդ մեջ կամ ապաշխարության պատճառ են դառնում, կամ էլ հոգևոր խնդությամբ ու սիրով համակում են սիրտդ։ Այդ Աստվա՛ծ է մոտենում քեզ, բաց սրտով խոնարհաբար ընդունի՛ր Նրան այնպես, ինչպես Ինքն է կամենում, որ հաղորդվես Իր հետ (ս. Նիկոդիմ Սվյատոգորեց)։
Անապատի վանականները Աստվածաշունչն ընթերցում էին օր ու գիշեր, և վանական զգեստ չէր ստանում, ով անգիր չէր իմանում առնվազն Ավետարաններն ու Սաղմոսները։ Ընթերցանությամբ անգիր սովորած ամբողջական հատվածների մտովին ծամումը, նրանց շուրջ խորհրդածությունը (պահպանելու համար Խոսքն իրենց սրտում), լռությունը, որ հնարավորություն էր ստեղծում ունկնդրելու Հոգուն, միայնությունը, որ ազատում էր նրանց իրենց սեփական եսից և աշխարհային ցանկություններից, դարձնում էին այս աբբաներին մարդիկ լի Աստվածաշնչով («Աբբա՛, մի խոսք ասա՛ ինձ»)։
0 կարծիք