Սուրբ Թեոդորոս զորավար։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Սողոմոնի իմաստության գիրք, 8. 19 – 9. 5
Ես մտավարժ մանուկ էի եւ բարի հոգու հանդիպեցի. մանաւանդ՝ խիստ ազնիւ էի, եւ մարմինս էլ՝ անարատ: Եւ այն էլ հասկացայ, որ եթէ Աստուած ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն: Իմաստութիւնը նաեւ այն է, որ ճանաչես, թէ ումից է շնորհը տրւում: Ես ընկայ Տիրոջ առջեւ եւ ամբողջ սրտով աղաչեցի նրան:
Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ ողորմութեան, դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին. եւ քո իմաստութեամբ ձեւաւորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհը եւ ուղիղ հոգով դատ ու դատաստան անի: Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնից եւ խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից: Արդարեւ, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ եւ կարճատեւ կեանքի տէր, ես հասուն չեմ դատի ու օրէնքի իմացութեան մէջ:
Եսայի մարգարե, 62. 6-9
Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը: Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի եւ Երուսաղէմը դարձնի պարծանք երկրի վրայ: Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը, եւ օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր, այլ ովքեր այդ ամբարեցին՝ նրա՛նք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը, եւ ովքեր այդ հաւաքեցին՝ նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում:
Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 8. 28-39
Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով, որովհետեւ նրանց, որ առաջուց գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ. եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց: Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին: Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ: Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է: Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն էլ առաւ. եւ Աստծու աջում է եւ բարեխօս է մեզ համար: Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը, ինչպէս գրուած էլ է. Քեզ համար ենք մեռնում ամէն օր. համարուեցինք որպէս ոչխար սպանդի համար: Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ, որովհետեւ վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով:
Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 16-22
«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման: Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին: Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք, քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով: Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն: Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
Զ. օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին:
Աւտրն., Հոգւոց։ Աստուած անեղ ո՛չ գոյ։ Հրց. Մրտ. գկ. Զինուորութիւնք: Մնկ. դձ. Որ ընտրեցեր: Ժմտ. Զօրական եւ վկայ։
Յերեկոյին՝ Լոյս զուարթ (թիւ)։ Մեսդ. Ետուր երկիւղածաց։ Ս. Աստուած՝ որ խաչեցար։ Հմբ. դձ. Որ զօրէնս սրբութեան։ Ս. Խաչիւս, Կեցո, Պահպանեա։
0 կարծիք