Զրույց Ղևոնդ քահանա ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ

ԱՂԱՆԴՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ ՄՇԱԿՈՒԹԱԿՈՐԾԱՆ ԼԻՆԵԼՆ Է

– Քրիստոնեության ձևավորման և տարածման սկզբնական ժամանակներից ի վեր առաջացել են հարակից զանազան այլ ուսմունքներ, որոնք անընդունելի են համարվել՝ բնորոշվելով որպես շեղումներ ուղիղ դավանանքից։ Տե՛ր հայր, որո՞նք են ուղիղ դավանանքի հիմնական չափանիշները, և ինչո՞վ է բացատրվում այդ շեղումների պարբերաբար ի հայտ գալը։

– Արդեն իսկ առաքյալների կենդանության և քարոզության օրերին նկատվում է զանազան ուղղությունների ու քարոզիչների սպրդումը առաքյալների ձեռքով հաստատված և նրանց խնամատարությունը վայելող համայնքներում։ Աստվածային Պողոսը լայնորեն պատկերագրում է վերոբերյալ անառողջ վիճակը՝ դրանք համարելով մարդակենտրոն դրսևորումներ, որոնք ոչ մի աղերս չունեն Աստծու մարմնացած խոսքի, առաքելական ավանդության և քարոզության հետ, այլ դարձ են «դեպի ուրիշ ավետարան», «խռովության սերմանում», որոնք «ուզում են շուռ տալ Քրիստոսի Ավետարանը»։

Գրեթե չի եղել մի ժամանակաշրջան, որ Տիրոջ խոսքի առաքելությունը շարունակող ու իրականացնող Ընդհանրական Եկեղեցին զերծ լինի ամենատարբեր շարժումների զուգահեռաբար գոյությունից։ Բնականաբար, եկեղեցին չի կարողացել անտարբեր մնալ, Քրիստոսին դավանելու անաղարտության պահպանման հարցում նախանձախնդիր չլինել և ժամանակ առ ժամանակ տևական պայքարի տարբեր եղանակներով՝ գրչով, խոսքով, երբեմն էլ ծայրահեղ միջոցներով ձգտել է կանգնեցնել վերոհիշյալ շաժումների ծավալումը։ Արդեն իսկ երկրորդ-երրորդ դարերից հանդիպում ենք եկեղեցական հայրերի «Բան ճշմարտության», «Ընդդեմ հերձվածողաց», «Եղծ աղանդոց» և այլ խորագրերով հակաճառական և եկեղեցու ուղղափառ դավանանքի ջատագովական երկերի։ Դավանական ուղիղ փառաբանությունը նախնական եկեղեցում կարևորագույն հիմնաքարն է եղել, որով Սուրբ Գրքի և այդպիսով սկզբնավորված դավանանքի, հոգևոր մշակույթի յուրաքանչյուր տառ ու բառ դիտվել է որպես փրկաբանական արժեք։ Սույն շարժումներն իրենց նետած մարտահրավերներով ինչ-որ իմաստով էլ անուղղակիորեն նպաստել են եկեղեցու դավանանքի բանաձևման, բյուրեղացման, հաստատման և կենսագործունեության աշխուժացմանը։ Այս է պատճառը, որ հետառաքելական շրջանում անհրաժեշտություն է եղել ձևակերպելու հավատի հիմնական սկզբունքները՝ դրանից դուրս կամ դրանց հակասող ցանկացած այլ սկզբունք դիտելով որպես ոչ ուղղափառ։ Այդ սկզբունքները քննարկվել և ընդունվել են տիեզերական ժողովներում, կազմվել են հանգանակներ, որոնք պարտադիր են համարվել եկեղեցիների համար։ Այսպիսին է Նիկիական հանգանակը, որն ամեն կիրակի Հայոց Եկեղեցում ընթերցվում է ս. պատարագի ընթացքում։ Սա առաջին անհրաժեշտ պայմանն է եկեղեցու ուղղափառության։ Նիկիական հանգանակը չընդունող եկեղեցիներն ու շարժումները համարվում են Ընդհանրական եկեղեցուց դուրս։ Օրինակ․ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը, որը չի դավանում Սուրբ Երրորդության վարդապետությանը, չի կարող համարվել Ընդհանրական եկեղեցու անդամ. այդ շարժումը քրիստոնեական չէ։ Նույնը կարելի ասել նաև մորմոնների մասին, թեև նրանց պաշտոնական անվանման մեջ առկա է Քրիստոսի անունը, մինչդեռ նրանց դավանանքը բազմաստվածական է։

Ուղղափառության ընդհանուր սահմանները դժվար է ներկայացնել, քանի որ 2000-ամյա եկեղեցու ընդհանրական, սուրբ, մեկ և առաքելական լինելը նկարագրելու համար հազարավոր էջեր են անհրաժեշտ։ Բայց և այնպես, կարելի է որոշակիորեն ընդգծել որևէ ուղղության շեղումը ուղղափառությունից։

– Տարբեր ժամանակաշրջաններում առաջացած հերձվածողական, աղանդավորական շարժումները, կարծես, բնութագրվել են տվյալ ժամանակաշրջանով և կարճ կյանք ունենալով՝ ի վերջո, անհետացել կամ կերպափոխվել են։ Կա՞ն առանցքային հարցեր, որոնք բնորոշ են բոլոր աղանդներին բոլոր ժամանակներում։

– Այսօրվա կրոնական աշխարհի համայնապատկերում առկա աղանդները կարելի է բաժանել երկու դասի՝ իրենց ենթադասերով։

Ա. Քրիստոնեության հետ անմիջական առնչություն ունեցող դասի մեջ այն քրիստոնեական հերձվածները կամ աղանդներն են, որոնց թվում կարելի է ընդգրկել հայ հոգեգալստականներին, խարիզմատներին, ադվենտիստներին, տնային զանազան եկեղեցիներին։ Բացի այդ, կեղծ քրիստոնեական ուղղություններն են, որոնց մեջ կարելի է ընդգրկել մորմոններին, Եհովայի վկաներին։ Այս դասի մեջ են նաև նորագույն ուղղությունները, որոնցից Հայաստանում «հայտ» են ներկայացրել առայժմ մունիստները («Միավորված եկեղեցի»), և շուտով հայտնվելու նշաններ են ցույց տալիս սայենտոլոգները, Նոր դարը։

Բ. Ոչ քրիստոնեական աղանդների դասի մի մասը սիրում է ներկայանալ որպես ոչ կրոնական շարժում, մինչդեռ էության մեջ կրոնական հոսանքներ են։ Դրանք են արևելյան կրոնական հոսանքներն իրենց տարատեսակներով՝ Հարե կրիշնա, ՏՄ (հինդուիզմի տարատեսակ), բահայիստներ (իսլամական ծագում ունեցող աղանդ, որը դատապարտվեց իսլամի կողմից), նաև՝ վերջին ժամանակներում ակտիվություն ցուցաբերած օկկուլտ ուղղությունները, որոնք ընդգրկում են թեոսոֆիան (մադամ Բլավատսկայայի հետևորդները), անտրոպոսոֆիան (շտայներականները), աստրոլոգիան, սպիրիտուալիզմը կամ ոգեպաշտությունը (ոգեկանչությունը), սատանայապաշտությունը։

Փորձեմ ներկայացնել առաջին դասին բնորոշ որոշ առանձնահատկություններ։

Անցյալ դարի երկրորդ կեսին շատ կրոնական շարժումներ հռչակեցին «Կորչեն հեղինակությունները» կարգախոսը, որով, իբր, ազատություն է շնորհվում անհատի մտածելակերպին, գործելակերպին։ Այդ կաղապարն առաջին հերթին կիրառեցին Աստվածաշնչի դեմ՝ որպես Աստծու կողմից մարդկությանը տրված պատգամի։ Առաջ եկան հետևյալ տեսակետները.

1) Սուրբ Գիրքը բարոյականություն, իրավունքի նորմեր և սկզբունքներ կրող գիրք է՝ նման շատ ուրիշ գրքերի, որոնք հայտնի են մարդկությանը (կրիշնայականների համար՝ «Բհագավատ-գիտան», իսլամի համար՝ «Ղուրանը», մունականների համար՝ «Սան Մեն Մունի աստվածային սկզբունքը» և այլն), և այն կապ չունի Աստծու հետ։

2) Սուրբ Գիրքն, իրոք, Աստծու խոսքն է, բայց այն պարունակում է սխալներ, ճիշտ չի մեկնաբանվում, թարգմանությունները սխալ են և այլն։ Սա նշանակում է, որ այն հասկանալու համար այլ «հայտնությունների» անհրաժեշտություն կա։ Օրինակ, մորմոնների համար «Մորմոնի գիրքն» է փոխարինում ու լրացնում Սուրբ Գիրքը։

Երրորդ տեսակետին հարողներն ամենավտանգավորն են։ Նրանք պնդում են, որ Սուրբ Գիրքը Աստծու խոսքն է, և ճիշտ է 100 տոկոսով, բայց Սուրբ Գիրքը հասկանալու համար պետք է անպայման իրենց վարդապետությանը դավանեն, իրենց խմբի կամ կազմակերպության անդամ լինեն։ Բոլոր ավանդական կամ նոր եկեղեցիները, իբր, սխալ են հասկանում Սուրբ Գիրքը, այն պատք է հասկանալ միայն իրենց նման։ Այս է պատճառը, որ 18-20 տարեկան երիտասարդները, դռնեդուռ թակելով, «լույս» են տարածում՝ կարծելով, թե «փրկում են» մարդկանց մոլորությունից։ Սա դիլետանտիզմի պարզագույն դրսևորում է, երբ մեկ անգամ աչքերը երկինք բարձրացրած անհատը սկսում է երկնային մարմինների տեսություն բացատրել։

Հաջորդ առանձնահատկությունն առնչվում է Քրիստոսի աստվածության հարցին։ Անշուշտ, այս խնդիրն ունի պատմական նախադրյալներ՝ արիոսականություն, մոդալիզմ և այլն, բայց այժմեական «մոդալիստները» միայն արտաքուստ են նման պատմականներին։ Եհովայի վկաներն ասում են, որ Հիսուս Քրիստոսն արարված է, այսինքն՝ Աստված չէ։ Նրանք Հիսուսին շնորհում են «հրեշտակային» ծագում։ Մորմոնները հավատում են, որ Հիսուսը մարմնացյալ Աստված է, բայց նաև պնդում են, որ բոլոր մարդիկ (անշուշտ, եթե դառնան մորմոն) նույնպես ապագայում կդառնան Աստված…

Հաջորդը բացառիկության «ախտանիշն» է, որ բնորոշ է այսօրվա գրեթե բոլոր կրոնական շարժումներին։ Դա մեկ դարձվածքով կարելի այսպես ներկայացնել. «Բոլորը սխալ են, ճիշտ ենք միայն մենք»։ Սրանում կարելի է համոզվել՝ աղանդավոր ցանկացած մեկի հետ մի քանի բառ փոխանակելով։

– Որո՞նք են այսօր Հայաստանում լայն տարածում ստացած աղանդները, ի՞նչ առանձնահատկություններ ունեն դրանք։

– Կարելի է առանձնացնել մորմոններին, Եհովայի վկաներին, խարիզմատ շարժման մի քանի ճյուղերի՝ հոգեգալստականներին, նեոխարիզմատներին («Կյանքի խոսք») և այլն։ Այս բոլոր շարժումներին բնորոշ է անդամների պարզունակ աշխարհայացքը և աշխարհընկալումը։ Միայն իրենք իրենց ճշմարիտ համարելով՝ նրանք ինքնակամորեն ինքնամեկուսացման են ենթարկվում, կտրվում ազգային հենքից, հասարակությունից։ «Բացառիկ» և «ընտրյալ» լինելու մարմաջով իրենք իրենց վերագրում են աշխարհը «փրկելու» առաքելություն, և նման համոզմունքն աղանդի անդամին դարձնում է հանդուգն այն աստիճան, որ իրենցից դուրս գտնվող մարդկանց դիտում են որպես սատանայի կամքը կատարողներ։

Այս աղանդներին բնորոշ է նաև «վախճանաբանական հիվանդությունը»։ Ընդհանրական եկեղեցին, սկսած առաքելական ժամանակներից, միշտ էլ բախվել է նման «ապոկալիպտիկ» շարժումների հետ։ Աշխարհի վախճանի տարեթվերի գուշակությունը, հիմնավորումը Սուրբ Գրքով, պատմական, տիեզերական փաստարկներով՝ կրկնությունն են առաջին հազարամյակի ավարտի վախճանաբանական հաշվարկների։ Գրեթե բոլոր աղանդներին բնորոշ է Սուրբ Գրքին «լրացնող» ու նաև այն շրջանցող նոր «հայտնությունների», նոր «աստվածաշունչ» գրքերի երևան բերելը. Ելենա Ուայտի «հայտնությունները», «Նոր աշխարհի թարգմանություն» կոչվածը, վերջերս Հայաստան թափանցած ոմն Վասսուլայի «հայտնությունների» հայերեն թարգմանությունները և այլն։ Բնորոշ առանձնահատկություն է նաև իրենք իրենց առաքելական ժամանակների եկեղեցու միակ իրավահաջորդը հռչակելը։

– Կա՞ն արդյոք կոնկրետ դիտարկումներ Հայաստանում դրանց տարածվածության վերաբերյալ։

– Այն թվերը, որոնք շրջանառվում են այսօր, խիստ չափազանցված են։ Գրեթե նույն կարգի թվեր է նշում նաև ամերիկյան պետդեպարտամենտի՝ Հայաստանում կրոնական ազատությունների ամենամյա ամփոփագիրը։ Բայց, կարծեմ, հստակ թվերով ոչ ոք չի կարող խոսել տարածվածության մասին։ Բնական է, որ Հայ Եկեղեցու տարածման, եկեղեցիների վերաբացման, հոգևորականների թվի ավելացման շնորհիվ զգալիորեն նվազել և նվազելու է աղանդավորների թիվը։ Այս մարումը նրանց ստիպում է դիմել զանազան միջոցների՝ կենդանացնելու իրենց մեռնող «մարմինը»։ Հաճախ նրանք հանդես են գալիս մեր անունից՝ ներկայանալով որպես Հայ Եկեղեցու անդամներ, դիմում են զանազան գովազդային միջոցների։ Վերջերս հոգեգալստական մի ճյուղ Երևանում հարցաթերթիկներ էր բաժանում՝ խոստանալով դրամական պարգև՝ լավ շարադրված նյութերի համար, անշուշտ, անհատական տվյալներ լրացնելուց հետո։ Սա հոգեվարքի առաջին նշաններից է։

– Տե՛ր հայր, Դուք անձնապես ինչպե՞ս կմեկնաբանեք մեր Սահմանադրության խղճի ազատության մասին կետը՝ հոդված 26-ը։ Որքանո՞վ է այն պաշտպանում Հայաստանում պետականորեն ընդունված կրոնի դիրքերը։

– Նախ նշեմ, որ «Հայաստանում պետականորեն ընդունված կրոն» հասկացություն այժմ գոյություն չունի. այն իրական էր Տրդատ Մեծի ժամանակներում։ Այսօր ՀՀ Սահմանադրության 8.1 կետի համաձայն՝ եկեղեցին անջատված է պետությունից, այսինքն՝ մեր պետականությունն ունի աշխարհիկ (secularis) կառուցվածք։ Նույն կետի համաձայն՝ եկեղեցի – պետություն հարաբերությունները կարգավորվում են օրենքով։ Այդ օրենքների քննարկման գործընթացի փուլն արդեն սկսվել է, որի ավարտին ավելի հստակ կձևակերպվեն փոխադարձ պարտավորությունները։ Իսկ 26-րդ հոդվածը թույլ է տալիս ՀՀ տարածքում կրոնական կազմակերպությունների գործունեություն, որոնց շարքում թիվ մեկը՝ Հայ Առաքելական Եկեղեցին է։

– Առհասարակ ի՞նչ վտանգ են ներկայացնում աղանդները՝ թե՛ անհատի, թե՛ ազգի և թե՛ պետության մակարդակով. հասկանալի է, որ դա միայն հավատքի խնդիր չէ։

– Հայ Եկեղեցու առանձնահատուկ հատկանիշը մշակութաստեղծ լինելն է։ Այսօր հայոց մշակույթը Հայ Եկեղեցու՝ մեզ ավանդած ժառանգությունն է։ Այլ կրոնական կազմակերպությունները Հայաստանում մշակութակործան են։ Հենց այդ առումով էլ վտանգավոր են և՛ ազգի, և՛ պետության համար։ Ի՞նչ մշակույթ են ներմուծում հայերիս մեջ մորմոն քարոզիչները՝ «Մորմոնի գրքի» հեքիաթապատումներով ամերիկյան նախակոլումբոսյան քաղաքակրթությունների մասին, ըստ որոնց՝ Կոլումբոսից շատ առաջ հրեաների մի խումբ կտրել-անցել է Խաղաղ օվկիանոսը (ոչ թե Ատլանտյան) և հանգրվանել այնտեղ, կամ Եհովայի վկաները, որոնք ազգային ամեն ինչ սատանայական են համարում։

Բոլորին հայտնի է, որ տարիներ առաջ ՀՀ-ում ընդունված այլընտրանքային զինծառայության մասին օրենքը Եհովայի վկաների համար էր։ Անցած տարիները ցույց տվեցին, որ նրանք այդ ծառայությանն էլ չեն գնում, գերադասում են բանտ նստել։ Ինչո՞ւ։ Որովհետև  հրաման չկա։ Ես անձամբ դեմ չեմ այլընտրանքային զինծառայությանը, բայց այնպիսի անհատների համար, ովքեր պիտանի են պետությանը, ազգին, հասարակությանը, օրինակ՝ խոստումնալից երաժիշտների, ում համար երկու տարին կարող է մասնագիտությունը կորցնելու կամ թողնելու պատճառ դառնալ, հրաշամանուկների, ովքեր կարող են կորցնել այս կամ այն հատկությունները, բայց ոչ թե նրանց համար, ովքեր ամեն առիթով հայհոյում են ազգայինն ու պետականությանը։

– Եկեղեցական, պետական կամ հասարակական կառույցների կողմից կա՞, արդյոք, որոշակի վերահսկում նոր առաջացած և արդեն Հայաստան հասնող աղանդների ներթափանցումը կասեցնելու ուղղությամբ, կամ կա՞ նման վերահսկման կարիք, թե՞ գուցե այլ մեթոդներ պետք է կիրառել. ո՞րն է Ձեր տեսակետն այս առնչությամբ։

– Մեր Սահմանադրությամբ եկեղեցին նման առաքելություն և լծակներ չունի։ Վերահսկման խնդիրն այժմեական չէ։ Անհնար է կասեցնել նոր ուղղությունների թափանցումը։ Մնում է մեկ բան՝ Հայ Եկեղեցու թափանցումը հայերիս կյանքի յուրաքանչյուր ոլորտ՝ կենցաղ, ընտանիք, դպրոց, բուհեր։ Թափանցման աստիճանն ինչքան մեծ, այնքան՝ արդյունավետ։ Դատարկ տեղ չպետք է լինի մեզանում, որպեսզի թե՛ արևելյան քողարկված կրոնական ուսմունքները (յոգա, շնչառական վարժություններ և այլն, որոնք քարոզվում են ԶԼՄ-ների միջոցով), թե՛ արևմտյան կեղծ քրիստոնեական ուսմունքները (սայենտոլոգիան, Նոր սերունդը և այլն), ոտք դնելու տեղ չունենան մեզանում։

Հիշենք մեր Տիրոջ խոսքը. «Որ ոչ ժողովէ ընդ իս՝ ցրուէ» (Մատթ., 12, 30)։

Զրույցը վարեց Աննա ԱԼՈՅԱՆԸ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Արդյունքներ չկան

Ձեր փնտրած էջը գոյություն չունի։ Փորձեք ձևափոխել որոնումը կամ գնացեք կայքի սկիզբ։