«Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը,
որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։
Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հուգու սուսերը,
որ է Աստծո խոսքը»
(Եփես. Զ 10)։
----------------------------------------------------------------
Երբ ցանկանում ես ընթերցել, զգո՛ւյշ եղիր, որ թշնամին չխանգարի քեզ՝ վհատության մեջ գցելով կամ մտացրություն առաջացնելով, կամ էլ ասելով. «Նախ այս կամ այն գործն արա, որովհետև չնչին բան է, իսկ հետո հանգիստ խղճով կկարդաս…»։ Մի՛ հավատա նրան, այլ նմանվի՛ր ծարավ եղջերուին, որ փափագում է գալ ջրի ակունքների մոտ, այսինքն՝ (դարձի՛ր դեպի) Աստվածային Գրքերը, ուր և կհագեցնես կրքերից տոչորվող ծարավդ (ս. Եփրեմ Ասորի)։
Ամո՛ւր փակիր դուռը և սկսի՛ր ընթերցել Սուրբ Գիրքը։ Բայց անգիտաբար մի՛ կարդա, որ իզուր չչարչարվես՝ նմանվելով սանդի փայտի, որով ցորեն են ծեծում, ինչը թեև բյուր անգամ մտնում ու ելնում է սանդի մեջ, բայց ցորենի ոչ մի հատիկ նրան չի կպչում. թափուր մտնում ու թափուր դուրս է գալիս։
Բնավ հոգ մի՛ տար Գիրքը վարժ կարդալու մասին, որ շուտ վերջացնես գործդ։ Եղբա՛յր, առանց տարակուսելու իմացի՛ր, որ սա դևից է. նա չի կամենում հոգուդ լուսավորությունը սուրբգրային բարի իմաստներով, որպեսզի իմաստնանալով՝ չճանաչես նրա չարությունը և գիտությամբ ու առաքինությամբ դյուրությամբ հալածես իրեն քեզնից։ Որովհետև ինչպես առյուծն է սարսափելի բոլոր կենդանիների համար, այդպես էլ Աստվածաշնչի գիտությամբ զարդարված առաքինի հոգին՝ դևերի համար։
Իսկ նա, ով անսում է դևին, աճապարանքով կարդալով՝ ջանում է բովանդակ Գիրքը վերջացնել, նման է կարկտաբեր և հեղեղաբեր անձրևի, որից օգուտ չկա հողին, բացի մեծ վնասներից։ Նույնպես և արագ ընթերցելն է անօգուտ և վնասակար հոգու համար։ Այլ դու մեղմ անձրևի նման հանդարտորեն կարդա՝ ուշադրություն դարձնելով (յուրաքանչյուր) բառի, քննի՛ր նրա մեջ պարփակված իմաստը, քանզի սա է հաճելի Աստծուն և օգտակար՝ հոգուդ։ Շատ օրեր քիչ խոսքերի վրա աշխատելն է օգտավետ, քան բազում էջեր մի օրում ընթերցելը, որն ապարդյուն աշխատանք է։
Եվս մի բան. սնափառության դևն հափշտակում է վարժ ընթերցողների միտքը. ընթերցողը, անփորձ լինելով, չի գիտակցում, որ իր մեջ առաջացած ուրախությունը դևից է, որը մղում է նրան մարդկանց առաջ պարծենալու, որ այս Գիրքն այսքան օրում է կարդացել վերջացրել։ Պարծենալու դրդած նույն դևը միաժամանակ առաջացնում է լսողների զարմանքը և փութով գովեստի մղում նրանց, որ ընթերցողն առավել ուրախանա իր անմիտ գործով և, սովորություն ձեռք բերելով, ամեն օր այդպես ընթերցի ու գովասանքի արժանանա։ Նաև ա՛յս իմացիր, որ դևը այդպես կարդացողին երկակի վնաս է պատճառում. քանի որ հոգին զրկվում է իմաստների ճաշակումից և վարձքից, որը պիտի ստանար Աստծուց իր աշխատանքի համար, քանզի խոսեց այդ մասին և գովեստի արժանացավ։ Բայց դու, եղբա՛յր, ընթերցի՛ր ինչպես հարկ է և օգտակար (Գրիգոր Վարդապետ)։
0 կարծիք