Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատիկի՝ Սբ. Հարության տոնին նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից։ Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ: Երկրորդ Ծաղկազարդն արդեն հիշատակն է համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները:
Ավանդության համաձայն, Վիրապում բանտարկված Սբ. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր հրեշտակը: Մի օր նա բացակայում է, և հաջորդ օրը, Սբ. Գրիգորը հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով, և հրեշտակներն ամեն տարի տոնում են այդ օրը: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն էր տոնում Քրիստոսի համբարձվելը ի Վերին Երուսաղեմ:
Հայ Եկեղեցու մեծագույն աստվածաբան Գրիգոր Տաթևացու մեկնության համաձայն, բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որոնք էլ հենց ծառայում էին Քրիստոսին Նրա երկրավոր կյանքի ընթացքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ փրկարար տնօրինության մասին մինչև Համբարձումը: Եվ Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե՝ ո՞վ է այս հզոր թագավորը, իսկ ստորին դասից Քրիստոսին ուղեկցող հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը ներկայացված է Աստվածաշնչում՝ Սաղմոսաց գրքում. «Ո՞վ է այս փառքի արքան,- կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր բարձրացրեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. ԻԲ. 8-9): Նույն այս հարցուպատասխանը նաև Սբ. Պատարագի արարողության ընթացքում կատարվող «վերաբերումի» մաս է կազմում:
Երկրորդ Ծաղկազարդը քրիստոնյաներին վերստին հիշեցնում է Քրիստոսի համբարձումը` մեղանչական մարդուն մահվանից հետո երկինք բարձրանալու ու Աստծո ներկայության մեջ երանություն վայելելու հույս պարգևելով:
0 կարծիք