Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Եսայի մարգարե,
Մարգարեները և մարգարեությունները,
Մարգարեներ և գուշակներ,
Մարգարեություն և գուշակություն,
Գուշակների մասին։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, 16. 9-17
Մարդու սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած էլ ուղղի նրա ընթացքը: Թագաւորի շուրթերին մարգարէականպատգամ կայ, եւ նրա բերանը չի սխալուի դատաստանի ժամանակ: Կշռաքարի արդարութիւնը Տիրոջից է. արդար նժարներ են նրա գործերը: Ով չարիք է գործում, նա գարշելի է թագաւորի համար, քանի որ նրա իշխանութեան աթոռը հաստատ է մնում արդարութեանշնորհիւ: Արդար շուրթերը հաճելի են թագաւորին, քանի որ Տէրը սիրում է ուղիղ խօսքը: Թագաւորի զայրոյթը մահուան պատգամաբերէ, բայց իմաստունը մեղմացնում է այն: Թագաւորի որդու երեսի լոյսը կեանքէ, եւ նրա բարեհաճութիւնը սպասուող անձրեւաբեր ամպի պէս է: Առաւել ցանկալի է իմաստութիւն ստանալ,քան ոսկի. եւ առաւել բաղձալի է խոհեմութիւն ձեռք բերել, քան արծաթ: Կեանքի շաւիղները հեռացնում են չարիքներից, եւ արդարութեան ճանապարհների վրայ է գտնւում կեանքի երկարութիւնը: Խրատ ընդունողը բարիքների մէջ կը լինի, եւ յանդիմանութիւն պահողը կ՚իմաստնանայ: Տիրոջ ճանապարհից զգոյշ գնացողը պահպանում է իր անձը, կեանքը սիրողը զսպում է իր լեզուն:
Բարուք, 3. 31 – 4. 4
Չկայ մէկը, որ իմանայ նրա ճանապարհները, ո՛չ ոք, որ գիտակցի նրա շաւիղները: Բայց Նա, որ գիտէ ամէն ինչ, Նա՛ է ճանաչում իմաստութիւնը, Նա՛ է իր իմաստութեամբ գտել այն, Նա, ով ստեղծել է երկիրը յաւիտենական ժամանակների համար, լցրել այն կենդանիներով եւ չորքոտանիներով, Նա, ով լոյսն է ուղարկում՝ եւ լոյսը գնում է, յետ է կանչում՝ եւ լոյսը դողալով հնազանդւում է նրան. աստղերը ծագել են՝ իւրաքանչիւրն իր տեղում, եւ ուրախացել. Նա կանչում է աստղերին, ու նրանք ասում են՝ «Ահա այստե՛ղ ենք», եւ զուարթօրէն ճառագում են իրենց Արարչի համար: Դա մեր Աստուածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատուել, որը գտաւ իմաստութեան բոլոր ճանապարհները եւ դրանք տուեց իր ծառայ Յակոբին ու իր սիրեցեալ Իսրայէլին: Դրանից յետոյ իմաստութիւնը յայտնուեց երկրի վրայ ու շրջեց մարդկանց մէջ:
Իմաստութիւնը Աստծու պատուիրանների գիրքն է, Օրէնքն է, որ կայ յաւիտեան: Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այն, պիտի ապրեն, իսկ ովքեր թողնում են այն, պիտի մեռնեն: Դարձի՛ր, Յակո՛բ, եւ բռնի՛ր իմաստութիւնից՝ նրա լոյսի ծագման իսկ պահին: Քո փառքն ուրիշին մի՛ տուր, եւ քո վաստակները՝ օտար ազգին: Երանի է մեզ, Իսրայէ՛լ, որովհետեւ գիտենք, թէ ի՛նչն է հաճելի Աստծուն:
Պողոս Առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին, 2. 1-7
Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, մանաւանդ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ, ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ: Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը. քանզի մէ՛կ Աստուած կայ եւ մէ՛կ միջնորդ՝ Աստծու եւ մարդկանց միջեւ. Յիսուս Քրիստոս՝ մարդը, որ տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար՝ ի վկայութիւն իր ժամանակների. դրա համար ես կարգուեցի որպէս քարոզիչ եւ առաքեալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում), եղայ վարդապետ հեթանոսների՝ հաւատով եւ ճշմարտութեամբ:
Ավետարան ըստ Ղուկասի, 7. 1-10
Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ: Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր: Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային: Եւ նրանք Յիսուսի մօտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»: Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ՝ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կը բժշկուի. որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին, թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»: Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»: Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած:
Եսայի մարգարե, 6. 1-10
Այն տարին, երբ մեռաւ Օզիա արքան, տեսայ Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով: Նրա շուրջը սերովբէներ կային, որոնցից իւրաքանչիւրը վեց թեւ ունէր. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը եւ երկուսով էլ թռչում էին: Ձայնակցում էին իրար եւ ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով»: Կանչողների ձայնից դռան բարաւորը վեր բարձրացաւ, ու տունը լցուեց ծխով: Եւ ես ասում եմ. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ եւ պղծաշուրթ ժողովրդի մէջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսայ Զօրութիւնների Տիրոջը»: Եւ ահա ինձ ներկայացաւ սերովբէներից մէկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից: Բերեց մօտեցրեց իմ բերանին եւ ասաց. «Ահա մօտեցրի քո շուրթերին. դա կը հանի քո անօրէնութիւնները, եւ քո մեղքերը կը սրբի քեզնից»: Եւ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, եւ կամ ո՞վ կը գնայ այդ ժողովրդի մօտ»: Ու ես ասացի. «Ահաւասիկ ես, ի՛նձ ուղարկիր»: Նա ասաց. «Գնա՛ եւ յայտնի՛ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսէք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնէք, բայց չճանաչէք», քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպէսզի չլինի թէ երբեւէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, եւ ես էլ բժշկեմ նրանց»:
Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 11. 32-40
Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերաններ, հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների. կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. եւ ուրիշներ ենթարկուեցին տան ջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի. քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորուած՝ անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում: Եւ սրանք ամէնքը հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկա տարուեն:
Ավետարան ըստ Ղուկասի, 4. 14-22
Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց: Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից: Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ: Եւ նրան տուին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, օր գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»: Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում գտնուողների բոլորի աչքերը նրա վրայ էին սեւեռուած: Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»: Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԴՁ. Սրբոյն Եսայեայ մարգարէին:
Օրհ. ակ. Որ զաստուածային: Հրց. աձ. Որ յերկնային: Մեծ. աձ. Զքեզ երեւեալ: Մնկ. եւ Հմբ. դձ. Որ զյառաջագոյն։ Ժմտ. Տէր որ հիմնեցուցեր։ Ճշ. շրկ. աձ. Ճառագայթ։
0 կարծիք