Այսպիսով, ի՞նչ տրամադրությամբ քրիստոնյաները պիտի կարդան Աստծո խոսքը։
«Աստծո խոսքը,- գրում է մի հեղինակ,- մարդու խոսք չէ, հետևաբար չպետք է այն կարդալ այնպես, ինչպես սովորական գիրքն ենք կարդում։ Աստծո խոսքում անթեղված է հրաշագործ «զորություն… ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16)։
Հետևաբար, եթե ցանկանում ես հոգեշահ կերպով կարդալ Աստծո խոսքը, ապա.
Ա. Ընթերցիր երկյուղածությամբ և աղոթքով։ Ձեռնամուխ եղիր ընթերցանությանը՝ նախապես թոթափելով սիրտդ բոլոր կենցաղային հոգսերից և ներքուստ աղերսիր Տեր Հիսուս Քիստոսին, որ բացի միտքդ՝ Աստվածաշունչը հասկանալու համար։
Բ. Կարդացածը վերագրիր անձիդ այնպես, որ ասես այն հենց քեզ է վերաբերում. «Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում»,- մի անգամ ասաց Տերն Իր աշակերտներին (Մարկ. ԺԳ 37)։
Գ. Կարդա առանց աճապարելու՝ ջանալով հասկանալ յուրաքանչյուր բառը։ Եթե չհասկանաս որևէ խոսք, մտածիր, թե այն ինչ կարող էր նշանակել, և ներքուստ աղոթիր, որ Տերը հասկացնի քեզ. եթե, այնուամենայնիվ, չհասկանաս, թո՛ղ և շարունակի՛ր ընթերցանությունը։ Նշանակում է՝ դեռ չի եկել այդ խոսքը հասկանալու ժամանակը, կհասկանաս հետո։
Դ. Եթե հասկացել ես Աստծո խոսքի խրատը, ապա անմիջապես ջանա՛ կատարել այն՝ Տեր Հիսուսից խնդրելով օգնել քեզ այդ բանում, և կլինես «քո Տիրոջ հավատարիմ և երանելի ծառան» (հմմտ. Հովհ. ԺԳ 17) (1)։
Գիրքն ընթերցելիս պետք է իմանալ հետևյալը.
Ա. Չպետք է կարդանք բազում էջեր և թերթեր, որովհետև շատ ընթերցողն ի զորու չէ բոլորը հասկանալու և մտապահելու։
Բ. Քիչ կարդանք և շատ խորհենք կարդացածի շուրջ, որովհետև այդպես ընթերցվածը ավելի լավ է հասկացվում, մեր հիշողությունը ընթերցածը լավ է յուրացնում, և այսպես մեր միտքը լուսավորվում է։
Գ. Տեսնենք, թե կարդացածից ինչն է հասկանալի, ինչը՝ ոչ։ Երբ հասկանում ես կարդացածը, լավ է, իսկ երբ չես հասկանում, թո՛ղ և շարունակի՛ր ընթերցանությունը։ Անհասկանալին կա՛մ հաջորդ անգամ ընթերցելիս կպարզվի, կա՛մ էլ Աստծո օգնությամբ կրկնակի ընթերցանության ժամանակ։
Դ. Ինչ որ սովորեցնում է Գիրքը՝ խույս տալու, փնտրելու և անելու, ջանա՛ գործով կատարել։ Չարից փախի՛ր և բարի՛ն արա։
Ե. Եթե Գրքից միայն միտքդ հարստանա, իսկ կամքդ չուղղես, ապա ընթերցանությունից ավելի չար կդառնաս, քանի որ ուսյալ և խելացի հիմարները ավելի չար են լինում, քան անբան անասունները։
Զ. Հիշի՛ր, որ ավելի լավ է քրիստոնեաբար սիրել, քան շատ գիտենալ. լավ է աստվածահաճո կյանքով ապրել, քան պերճաբանել. «Գիտությունը հպարտացնում է, բայց սերը՝ հաստատում» (Ա Կորնթ. Ը 1)։
Է. Ինչ որ ինքդ Աստծո օգնությամբ սովորես, այն էլ հարմար առիթով սովորեցրու ուրիշներին, որպեսզի ցանված սերմը աճի և պտղաբերի (ս. Տիխոն Զադոնսկի)։
———————————————————————–
(1) «Как читать Библию?», Москва, 1996, стр. 12.
0 կարծիք