ԴԱՐՁ…

Բաժին՝ Դարձ
 Վարսիկ Բադիկյան
    «Լուսարձակ» թերթի աշխատակից

 

ԴԱՐՁ…

    ԴԱՐՁ…
    … Ծնկել ենք, մոմ ենք վառում
    Խաչազարդ գրքի դիմաց,
    Շշուկով մերիկս ասաց.
    «Աղոթե՜, լսե Աստված…»։
    Ծունր իջել, խունկ ենք ծխում,
    Աղերսում խաչյալ Աստծուն.
    «Տե՜ր, օրհնանք ու հույս բաշխե
    Մեր անթաղ մեռելներուն…»։
     (Վ. Բադիկյան)

    Մեր սերունդը ծնվեց ու մեծացավ այն տարիներին, երբ Սպիտակի եկեղեցին հողին հավասարեցնելուց հետո տեղում բնակելի շենք էր կառուցվել, իսկ գյուղերի եկեղեցիները՝ խաչազուրկ, դարձել էին կոլտնտեսությունների պահեստներ։ Իշխանավորների աչքից թաքուն, սակայն Խաչյալի հայացքի դիմաց՝ հին տան գողտրիկ մի անկյունում, մեր տատիկներն ու պապիկները վախեցած խաչակնքում ու մոմաբույր գիրքն էին համբուրում՝ Ավետարանը։ Խաչազարդ սփռոցով մանկան նման բարուրում էին, մոմ վառում ու նորից թաքցնում։ Մենք կա՛մ աչք էինք փակում այդ «սնոտիապաշտության» վրա, կա՛մ էլ գերազանցիկ աշակերտի հաստատակամությամբ՝ մեր տատ ու պապի ականջը խոթում ճչան ձայներով. «Մարդը կապիկից է առաջացել…»։

Հետո՞ ինչ։ Այն, որ հիշյալ բնակելին եկեղեցու տեղում էր կառուցվել, հին սպիտակցիները մտաբերեցին, երբ 88-ի դեկտեմբերյան երկրաշարժից հիմնովին ավերվեց՝ փլատակների տակ կտրելով տասնյակների կյանքի թելը։ Ու դա Աստծո շունչը դեռ իրենց հոգիներում պահած աստվածավախ համամլեցիներն Աստծո պատիժ համարեցին։ Իսկ մե՞նք, մենք հավատո՞ւմ էինք, որ Աստված պատժեց մեզ՝ Իրեն մոռանալու համար։ Մենք աթեիստական դաստիարակություն էինք ստացել դպրոցում, բուհում, մեր գիտակցությունը լցված էր աստվածմերժությամբ, կոմունիստական գաղափարախոսությամբ, որը մեր ծնողների համար գրեթե փոխարինում էր կրոնին։ Մենք տեսնում ու ոչ միայն չէինք վրդովվում, այլև մեզ նեղություն չէինք տալիս զարմանալու անգամ, որ այդ պահեստ-ժամը, Աստծու տուն լինելով երկնքի համար, երկրում նաև մշակույթի, մարդկային ձեռքի ճարտար արարչության վկա-կոթողն է, որն այսպես ստորացնելով՝ մեր մեջ ստորացնում էին նաև Աստծո արարչագործության վեհագույն վկան՝ հոգին։ Մեր հոգիները կարծես թե չէին էլ փորձում ընդվզել։ Բայց դա ժամանակավոր էր։ Մենք սկսեցինք փնտրել ճշմարտության ճանապարհը։ Դա երկրի, ժողովրդի համար բարդ ու դժվարին ժամանակաշրջան էր։ Ավերված երկիր ու հազարավոր թարմ շիրիմներ, շրջափակում, պատերազմ։ Մեր հոգիները՝ վիրավոր, խոցյալ մարմնով, հույս ու սեր էին որոնում. «Տե՜ր, զորավիգ եղիր»։

Խառնակ էր ժամանակը, և Տիրոջ անունով եկողներից բոլորը չէ, որ Տիրոջ ուղարկածներն էին։ Տարածվեցին աղանդները, ու աղանդավորները շատացան։ Մեր զրուցակիցն էլ, որ խնդրեց անունը չհրապարակել, դարձավ Եհովայի վկա։ Ու հիմա՝ տասը տարի անց, պատմում է, թե ինչպես…

– 1993 թվականն էր։ Պատերազմ էր, սով։ Մարդիկ, տասնյակ կիլոմետրեր ոտքով կտրելով, գալիս էին շրջկենտրոն՝ խմորի հերթ կանգնելու։- Ասում է նա։- Լույս չկար։ Անտառներն ու նույնիսկ այգիներն էին հատվում։ Ինձ համար էլ հուսալքված, հոգեպես ճնշված, խռովուն օրեր էին։ Այդ ժամանակ էլ…

… Նրան հանդիպում են Եհովայի վկա կրոնական աղանդի ներկայացուցիչներն ու հրավիրում «հավատի գալ»։     Երիտասարդ կինը, որ բարձրագույն կրթություն ուներ, բացարձակապես ծանոթ չէր Աստվածաշնչին, և ինչպես ինքն է բնորոշում.

– Կրոնի հարցում դատարկ տակառ էր ուղեղս, և այն սկսեց լցվել Եհովայի վկաների մեկնաբանություններով։

Իսկ դրանք շատ էին տարբերվում Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանությունից։ Զրուցակցուհիս ծիսակարգի և կանոնների տարբերություններն ընդգծող մի քանի օրինակ է բերում և ավելացնում.

– Այս աղանդին հետևողը կարող է տարիներով գնալ նրանց հավաքներին, լսել նրանց քարոզները, կարդալ նրանց տված գրքերը, բայց չհասնել այն աստիճանին, որ Եհովայի վկա մկրտվի։ Շատ-շատ է պետք կարդալ։ Անձնական կյանքի համար գրեթե ժամանակ չի մնում, մոռանում ես շրջապատդ, հարազատներիդ։ Սկսեցի հիասթափվել,- շարունակում է նա,- ամեն անգամ հավաքույթից հետո ինձնից անկախ գրգռված էի լինում՝ ագրեսիվ, վիճում էի հորս հետ՝ ինքս էլ չիմանալով, թե ինչի համար։ Հայրս էլ երևի դժգոհ էր, որ գնում էի այնտեղ։ Գնում էի ու ոչ թե հոգու հանգստություն գտնում, այլ ընդհակառակը… Կարծես ուղեղդ առնում են կաղապարի մեջ, ու դու միայն ընդունակ ես մի բանի մասին մտածելու. փրկվելու մասին, որ հնարավոր է միայն իրենց նշած ուղիով։

Հինգ տարի գնալով հիշյալ քարոզություններին՝ այդ երիտասարդ կինն այդպես էլ հոգու հանգստություն չի գտել, չի գտել իրեն հուզող հարցերի պատասխանը։ Հետո առավել խռովված հոգով որոշում է այլևս չգնալ, չկարդալ այդ գրքերը։ Անտարբերությամբ է անցնում-դառնում նաև Սպիտակի նորաշեն եկեղեցու մոտով, թեկուզ հետաքրքրության համար ներս չի մտնում։ Այդպես՝ ևս երեք տարի։ Բայց ահա հիմա մենք հանդիպել ու զրուցում ենք հենց Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցում՝ մոմերի բեկբեկուն լույսերի, խնկաբույրի մեջ։ Մինչ այդ կիրակնօրյա հերթական պատարագն էր մատուցում հայր Ավետիքը։ Նրան սպասարկում, օգնում էին սպիտակցի եկեղեցասեր մանկունք։

Երիտասարդ կինը մոտեցավ, նշխար ստանալու իր հերթին սպասեց։ Այս կինն ընդամենը մի քանի պատարագ էր լսել՝ սկսած ապրիլի 20-ից՝ Սուրբ Զատիկի օրվանից, երբ ինքը մկրտվեց, դարձավ հայ քրիստոնյա, դարձավ իր նախնիների հավատին ու Եկեղեցուն, որ 1700-ամյա պատմություն ունի։ Իսկ այս եկեղեցին, որի աղոթասրահում հանդիպել և հետո զրուցում էինք, կառուցվել և օծվել է 1998-99 թթ.՝ խոնարհվածի տեղում՝ երջանկահիշատակ քաղաքապետի՝ Սուրեն Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ հանուն ահա այս մեծ դարձի, որ կատարվում է…

– Ամեն անգամ այստեղ պատարագ լսելով՝ ես տուն եմ գնում խաղաղված հոգով և ինձ հանգիստ ու մաքրված եմ զգում։ Ավա՜ղ, հայրս չկա հիմա, որ հասկանամ՝ գո՞հ է իմ դարձից։

Աստծո կամքով չէ՞, արդյոք, որ նախկին Եհովայի վկային հանդիպել է Սբ. Հարություն եկեղեցու աբեղա հայր Ավետիքը և օգնել դուրս գալու հոգեկան ծանր վիճակից, վերադառնալու իր նախնիների հավատին։

– Այսպես մի օր էլ ներս մտա այս եկեղեցու դռնից, մոմ վառեցի ու աղոթեցի իմ և ինձ ծանոթ ու անծանոթ մարդկանց հոգու փրկության համար։ Հիմա համոզված եմ, որ Աստված լսեց ինձ՝ Իր մոլորյալ զավակին…

Իհարկե, Հայրը միշտ էլ պատրաստ է գրկաբաց ընդունելու Իր մոլորյալ որդիներին։ Իսկ մենք՝ որդիներս, ինչպե՞ս ենք ապրում Նրա շնորհած կյանքը, արժանի՞ ենք արդյոք մեր վարքով… Մտածենք այս մասին խաչակնքելուց առաջ և հետո։

 

 

————————-
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
 

————————–

Հին հղումը

Հատկորոշիչներ՝ աղանդներ, դարձ, եկեղեցի, Սպիտակ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Նրա աչքերն ինձ ամեն ինչ ասացին

«Feu et Lumiere»Ֆրանսերենից թարգմանեցՍիրանուշ...

Կ. Իկսկուլը

Կ. Իկսկուլը նախահեղափոխական Ռուսաստանի տիպիկ...