Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Գրիգոր Աստվածաբանը։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, 8. 33-36
Լսեցէ՛ք իմաստութիւնը, եւ դուք կը լինէք իմաստուն. մի՛ շեղուէք դրանից: Երանի այն մարդուն, որ կը լսի ինձ, եւ այն մարդուն, որ կը պահի իմ ճանապարհները, մշտապէս կը տքնի իմ դռների առջեւ եւ կը պահպանի իմ դռների շեմերը: Իմ ուղիները կեանքի ուղիներ են, եւ Տէրն է սահմանել իմ կամքը: Բայց ովքեր մեղանչում են իմ դէմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մէջ, եւ ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը:
Ովսե մարգարե, 10. 12
Ձեզ համար արդարութեան սերմեր ցանեցէ՛ք եւ կենաց պտուղ քաղեցէ՛ք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտռեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ:
Ամովս մարգարե, 5. 10-14
Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին: Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի, քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը: Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով եւ աղքատին դռնէ դուռ էիք գցում: Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է: Բարին փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը։
Առաքյալների գործերը, 20. 25-32
Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ: Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով: Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին: Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար: Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշերեւցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկեւմէկ՝ արտասուքներով խրատեցի: Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ՝ բոլոր սրբերի հետ:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 10. 11-16
Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է, քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում: Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար: Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
Սրբոյն Գրիգորի Աստուածաբանին։
Օրհ. ակ. Որք զարդարեցին։ Հրց. դձ. Սքանչելագործ։ Մնկ. և հմբ. բձ. Որ լուսով։ Ժմտ. Զհայրապետականն։
0 կարծիք