Գոհարինեն, Ծամիդեսը, Տյուքիկոսը և Ռատիկոսը, որոնք հայտնի են Գոհարյանք ընդհանուր անունով, չորս եղբայրներ էին, որդիները Դավիթ հայ իշխանավորի, ով իր անդրանիկ որդու՝ Արեգի հետ գերի էր ընկել և կարողացել էր ազատվել միայն իսլամական կրոնն ընդունելուց հետո: Սակայն Դավթի կինը քրիստոնեաբար է մեծացնում իր մյուս զավակներին, որոնք չափահաս դառնալով՝ մտնում են Սեբաստիայի իսլամական բանակը և համարձակորեն դավանում քրիստոնեությունը: Մյուսներն իմանալով, որ իսլամ դավանող հոր զավակներ են և իսլամությունից քրիստոնեության դարձածներ, մատնվում են քաղաքի իշխանի ձեռքը, բայց ավագ եղբոր միջոցով մի կերպ ազատվում:
Որոշ ժամանակ անց կրկին մատնվում են և համարձակորեն հայտարարում իրենց քրիստոնյա լինելը: Անօգուտ սպառնալիքներից ու խոշտանգումներից հետո, ի վերջո, գլխատվում են 1156 թ.՝ ցույց տալով իրենց պատրաստակամությունը հանուն ճշմարտության նահատակվելու, միաժամանակ իրենց կյանքով իրագործելով Տիրոջ այն խոսքը, թե՝ «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ ետևից» (Ավետարան ըստ Մատթեոսի, ԺԶ․ 24):
Հայ Եկեղեցին սուրբ Ստեփանոս Ուլնեցու և Գոհարյանց տոնը հիշատակում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
0 կարծիք