ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
(համառոտ ակնարկ)
«Աստվա՛ծ, ողորմի՛ր մեզ և օրհնի՛ր, ցու՛յց տուր երեսդ և գթա՛ մեզ, որպեսզի երկրի վրա ճանաչեն ճանապարհը Քո, և բոլոր ազգերի մեջ՝ փրկությունը Քո: Ժողովուրդները Քեզ գոհություն պիտի մատուցանեն, Աստվա՛ծ, գոհություն պիտի մատուցեն Քեզ բոլոր ժողովուրդները» (Սաղմ.ԿԶ 1-4):
Հայոց եկեղեցական գրքերը՝ Կանոնագիրքն ու Մաշտոցը, Հայսմավուրքն ու Վարք սրբոցը, հայրերի ու վարդապետների գրվածքներն ու ճառերը և պատմիչների երկերն ու հիշատակարանները այնքան հարուստ նյութ են տրամադրում մեզ Սուրբ Գրքի ուսման և հայերի կողմից առանձնահատուկ սիրով սիրված լինելու մասին, որ բնավ հնարավորություն չունենք այդ ամենն հիշատակելու մեր այս ակնարկում։ Փորձենք համառոտակի ցույց տալ աստվածային պատգամի իրականացումը և Սուրբ Գրքի սերտողության ավանդությունը Հայոց երկրում։ Նշենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հիմնադրման առաջին իսկ օրից իր առաքելության և ընդհանրական ու առանձնական աստվածպաշտության անկյունաքար է նկատել Աստծո խոսքի քարոզության և այն լսելու, ընթերցելու, սերտելու անհրաժեշտությունը համայն ժողովրդի համար՝ իր բոլոր դասերով ու խավերով հանդերձ։
Ըստ հայ մատենագրության առաջին ներկայացուցիչներից մեկի՝ Ագաթանգեղոսի. «[Սուրբ Գրիգոր Լուսավորիչը] այսպես թագավորի և բոլոր աշակերտների հետ մեկտեղ ամբողջ ժամանակը օր ու գիշեր Գրքերի ընթերցանությամբ էր անցկացնում և դրանով ծաղկած ու շահված՝ բարի օրինակ էին դառնում ուսումնասեր ունկնդիրներին։ Մանավանդ որ զգուշացուցիչ պատվիրաններ ունեին Աստծո կարգած պատգամավորներից, որոնց առաջինը հրամայում է, թե՝ «Տիրոջ օրենքի մասին պիտի խորհես գիշեր և ցերեկ (տե՛ս Սաղմ. Ա 2), և երկրորդը նմանապես պատվիրում է. «Հետամտի՛ր Աստծո խոսքը ընթերցել, հորդորել և ուսուցանել հավատացյալներին։ Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մեջ է, որ տրվեց քեզ մարգարեությամբ, երեցների ձեռնադրումով։ Այդ բանի վրա մտածի՛ր և հարատևի՛ր դրանում, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին։ Զգո՛ւյշ եղիր քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ և հարատևի՛ր դրանում։ Եթե այդ բանն անես, կփրկես և՛ քեզ, և՛ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմ. Դ 13-16)։
Արդ, այս կերպով իր կյանքի բոլոր օրերը առաքելական, առաքելագործ [եղանակով] վարեց, գնաց ընդունված հրամանների հետքերով, տարեցտարի այս արեց, մինչև դեպքերի վախճանը և, թաղված Քրիստոսի սիրո մեջ, լուսավորվում էր» (1)։
Մեծ սուրբը, բացի Աստծո խոսքի քարոզությունից, եկեղեցիներ կառուցելուց և հոգևորականներ կարգելուց, հորդորեց ս. Տրդատ թագավորին՝ դպրոցներ հիմնել, «որպեսզի զանազան գավառներից, կողմերից, այլևայլ տեղերից մանկանց բազմություն հավաքեն ուսուցանելու նպատակով գազանամիտ, վայրենագույն և ճիվաղաբարո գավառների բնակիչներին, որոնց ընդգրկեց ուսուցման մեջ և հոգևոր սիրով ու եռանդով վերացրեց դևերի ու սնոտի կուռքերի պաշտամունքի շարավահոտ աղտն ու ժանգը և այնչափ հեռացրեց իրենց բուն բարքերից, մինչև որ նրանք ասացին, թե՝ «Մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը» (2)։
Սակայն այս գիշերօթիկ, իսկ ապա՝ ս. Ներսեսի ջանքերով բացված «ցերեկեայ» դպրոցներում Ս. Գիրքը դասավանդվում էր ասորերեն և հունարեն լեզուներով։ Եկեղեցիներում ու վանքերում ծեսը և աստվածաշնչյան ընթերցանությունները նույնպես «մուրացածոյ բարբառով» էին։ «Իսկ ովքեր գրագիտության արվեստից զուրկ էին, այսինքն՝ ժողովրդի՝ նախարարների ու շինականների խառնիճաղանջ բազմությունը, եթե ուսուցիչները, նստելով գիշեր – ցերեկ, ամպերի նման ուսումը ինչպես հորդ անձրև նրանց վրա հոսեցնեին, նրանցից ոչ մեկը ոչ մի խոսք, ոչ կես խոսք, ոչ մի բան, ոչ մի նշույլ իրենց լսածներից չէին կարող մտքում պահել կամ հասկանալ» (3)։
Այս պատճառով ժողովրդի լայն զանգվածները շարունակում էին կառչած մնալ իրենց բիրտ հեթանոսական բարքերին։ Ամբողջ մի դար պետք էր սպասել, մինչև աստվածային անքննին նախախնամությամբ բովանդակ Հայոց աշխարհը իր քիմքի վրա ճաշակեր Աստվածաշնչի կենարար քաղցրությունը։ Ս. Գրքի թարգմանությամբ պայմանավորված գրերի գյուտով միայն բարենպաստ պայմաններ ստեղծվեցին երկրի կատարյալ աստվածաշնչացման համար։ Հայաստանն այսուհետ թևակոխեց նոր՝ չտեսնված երկնային օրենքների ու անքնին խորհուրդների, ճշմարտության և իմաստության, սիրո և ներողամտության, բարության և սրբության, առաքինության և աստվածպաշտության անանց փուլը, որը տիեզերական հեղաշրջում պիտի կատարեր հայոց սրտերում, պիտի փոխեր նրա բարոյական նկարագիրը և պիտի կերտեր Երկնքի արքայությանն արժանի երկնաքաղաքացիների։ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»,-ահա Աստվածաշնչից թարգմանված առաջին հայաբարբառ տողը, որը դարձավ նաև սկզբնավորված թարգմանչաց շարժման և դպրության խորհրդանիշը։
Ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշման՝ Ս. Գրքի քաջ իմացությունը պարտադիր է նախևառաջ հոգևորականների համար թե՛ իրենց անձերի, թե՛ հավատացյալների փրկության համար։ Մայր Մաշտոցում զետեղված Վարդան Վարդապետի «Յաղագս քահանայութեան» կանոնում, ի թիվս քահանայական պաշտոնին վերաբերող պահանջների, շեշտվում է. «Վերջապես և ա՛յս իմացեք, եղբայրնե՛ր, որ քահանայական բարձր աստիճանը երկու հիմքի վրա է կայանում, որոնք են Սուրբ Գրքի իմացությունն ու անձի սրբությունը։ Այս երկուսից մեկի բացակայության դեպքում այդպիսի մեկի համար քահանայությունը չի կայանում, ինչպես շենքը՝ առանց հիմքի։ Քանզի եթե քաջատեղյակ է Ս. Գրքին, բայց գործեր չունի, կամ գործեր ունի, իսկ գիտություն՝ ոչ, անարժան է քահանայության (4)։ Իսկ ս. Թադեոս առաքյալի կանոնում եպիսկոպոսին հանձնարարվում է «ձեռնադրել միայն այն արժանավորներին, ովքեր գիտեն և հասկանում են Ս. Գիրքը, Եկեղեցու կարգերը և Աստծո օրենքները։ Տգետներին բացահայտ մերժել և ամենևին չձեռնադրել, քանզի տգիտությունը, իբրև ամենամեծ չարիք, մերժվում է Աստծո կողմից» (5)։
Մեր Եկեղեցին այս խնդրում ելնում է հետևյալ աստվածային պատգամից. «Արդարև, քահանայի շրթունքները զգույշ պիտի վարվեն գիտության հետ, մարդիկ նրա բերանից պիտի օրենքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը» (Մաղաք. Բ 7)։
XIդ. պատմիչ Ասողիկը զարմանահրաշ տեղեկություններ է հաղորդում ոմն Սարգիս վարդապետի մասին, որը «մանկուց Ս. Գիրքն ամբողջությամբ անգիր գիտեր» (6)։
Ս. Ներսես Շնորհալին «հավաքում էր Աստծո խոսքը սիրողներին և նրանց հետ բնակվում։ Սուրբ Հոգու խոսքն էր կարդում և Սուրբ Հոգու հետ խոսակցում» (7)։ Նա և նրա օրինակին հետևած Սիմեոն Այրիվանեցի կաթողիկոսը հանդիմանում էին Դավթի 150 սաղմոսներն անգիր չիմացող քահանաներին։
Մեծն Լամբրոնացու մասին ուշագրավ վկայություն կա. «Ընթերցում և ուսանում էր միշտ ու գրում առանց հանգստանալու՝ գիշեր-ցերեկ, այնպես որ երբեք ոտքն իսկ չմեկնեց իր անկողնու մեջ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը, այլ ցերեկը զբաղվում էր աղոթքով և Սուրբ Գրքի ընթերցանությամբ և ամենայն բարի գործով, իսկ գիշերը, նստելով աթոռի վրա, մի քիչ քնում էր, ապա շուտ արթնանալով, շտապում աղոթքի կանգնելու՝ աչքերից արտասուքի աղբյուրներ բխելով» (8)։
Իսկ մեծ Վկայասերի՝ Գրիգոր կաթողիկոսի մասին կարդում ենք. «Միշտ զբաղվում էր Ս. Գրքի ընթերցանությամբ և աստվածախոս աղոթքներով», որին մեծն Շնորհալին՝ նրա թոռը, ձոնել է այս տողերը.
«ԶԲանի սիրողսն հաւաքեալ
Եվ առ ինքեան բնակեցուցեալ
ԶԳիրս Հոգւոյն միշտ ընթերցեալ
Եվ ընդ նոսին յուր խօսեցեալ» (9)։
XIII դ. ապրած Հովհաննես Երզնկացի Պլուզ վարդապետը նույնպես անգիր գիտեր Աստվածաշունչ Մատյանը։ Մի օր Անիի Մայր Տաճարում պաշտամունք մատուցելիս քահանաները բարձր գրակալի վրա են զետեղում Ատյանի Ավետարանը, որպեսզի կարճահասակ վարդապետը չկարողանա կարդալ և ծաղրվի։ Իսկ նա ամոթով է թողնում վերջիններիս, երբ անգիր և անսխալ կարդում է օրվա ընթերցվածքները։
XIII դ. ապրած Հակոբ Բ. կաթողիկոսը կկոչվի «հանճարոյ իմաստութեամբ վարժն Աստվածաշունչ Գրոց, հմուտ և գիտող բանից իմաստնոց, աննախանձաբար սիրողն և պատուողն ուսումնասիրաց, որ և հայր մեր հոգևոր» (10)։
Ս. Գրիգոր Տաթևացին 7 տարեկանից է սկսել ուսումնասիրել Ս. Գիրքը։ 14 տարեկանում Սուրբ Հոգու շնորհով նա այնքան քաջատեղյակ էր Աստվածաշնչին, որ անգամ մեկնում էր այն իր հետ խորհրդակցելու եկած վարդապետների համար։
Պատմում են, որ Կ. Պոլսի Պատրիարք երջանկահիշատակ Շնորհք արք. Գալուստյանը սովորություն ուներ ամեն գիշեր մոմի լույսի ներքո ընթերցելու Ս. Գիրքը, թեպետև կատարելապես քաջատեղյակ էր Աստվածային Մատյանին։
Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստանով մեկ վանքեր հիմնեց և «շեն ու անշեն տեղերում հաստատեց դաշտաբնակ, շենաբնակ, լեռնական, անձավաբնակ, արգելաբնակ վանականների բազում ու անհամար խմբեր» (11)։ Հայոց վանքերը, սակայն, սոսկ ճգնարաններ չէին. այնտեղ ներանձնական կյանքը, սրբակենցաղ վարքը և վշտակյաց տկարությունը միահյուսված էին մանավանդ Ս. Գրքի ուսմանը. «Այնտեղ չէին հարբում գինով, այլ լցվում էին Հոգով ու սրտերը հոգևոր երգերով էին պատրաստում ի փառս և ի գովություն Աստծո։ Այնտեղ վարժվում էին հոգեպատում Գրքերի քաղցրուսույց ընթերցանությամբ։ Այնտեղ քաջալերվում էին հորդորող լուսավոր քարոզությամբ՝ հասնելու Քրիստոսի նշանակած պսակառատ նպատակներին» (12)։
Հ. Ք. Չրաքյանը այդ մասին գրում է. «Ինչ-որ ուրիշներ IV և V դարերի Եգիպտոսի համար են ավանդում, մենք էլ մեր անապատականների ու վանականների համար կարող ենք ասել, որ նրանց բովանդակ գիտությունը, նրանց ուսումի ու խոկումի նյութը միայն Աստվածաշունչ Մատյանն էր։ Եթե ունենայինք այդ վանքերի կանոններն ու կանոնադրությունը, նման ս. Պախոմեոսի կանոններին, պիտի գտնեինք Ս. Գրքի ուսման մեջ հարատևելու խիստ պարտավորություն՝ գեթ Նոր Կտակարանն ու Սաղմոսարանը անգիր սերտելու» (13)։
Վանքերը, շնորհիվ հոգևոր տեսական ու գործնական աստվածպաշտության բուռն աճի, շուտով վերաճում են հոգևոր կյանքի կենտրոնների, և վարդապետանոցները՝ հոգևոր ուսումնական հաստատությունները, մեծ մասամբ հաստատվում են այդտեղ։ Ղազար Փարպեցին տեղեկություններ է հաղորդում Ս. Գրքի դասավանդման կերպի մասին. «Իսկ մեր երանելի վարդապետները երեք-չորս անգամ մեզ սովորեցնելով Եկեղեցու բոլոր Կտակարանները, սկզբից մինչև վերջ, մեզնից էլ հաշիվ էին պահանջում նույնը և մեզ հարկադրում էին այդ բոլորն իմանալ Դավթի Սաղմոսների պես» (14)։ Նշենք, որ մեր մատենագիրները մեծավ մասամբ վանականներ ու հոգևորականներ են եղել, «ինչպես որ արևմտյան մենաստանները միշտ մայր ու դայակ եղան դպրության» (15):
Այս և ուշ դարերի հոգևոր ուսումնական հաստատություններում, ինչպես մյուս բոլոր քրիստոնյա ազգերի, այնպես էլ հայերի մոտ, դասավանդման գլխավոր առարկան Ս. Գիրքն էր։
Այսպես, Հովհան Երզնկացին, իբրև ուսուցիչ, Սեպուհ լեռան Ս. Մինաս վանքում մեկնում էր Աստվածաշունչը։
Ներսես վարդապետ Սասնեցին՝ Մշո Ս. Ղազար վանքի վանականը, 1332 թ. գրում է. «Գլաձորի համալսարանը գնացի, ուր եօթն ամ աշխատեցայ ի վարժումն Հին և Նոր Կտակարանաց և այլ բազում սրբոց բանից» (16)։
Սիմեոն Այրիվանեցին Եղիվարդ գյուղի մենաստանում դասավանդում է «Հին և Նոր Կտակարանք»։
Հովհաննես Վարդապետը Տարոնի Ս. Կարապետ վաանքում ուսուցիչ է կարգվում՝ «Ասել դաս և մեկնել զգիրս Աստվածաշունչ՝ աշակերտելոցն եկեղեցւոց մանկանց» (17)։
Ս. Գր. Նարեկացին, անկասկած, անգիր գիտեր Հին և Նոր Կտակարանները. այս մասին նա ինքն է վկայում.
«Ունեմ Մովսեսին իր օրենքներով
Մահացածների աշխարհից եկած,
Մարգարեների գրքերը բոլոր՝ գրված հոգուս մեջ
Եվ մատյանները առաքյալների,
Շարված իմ մտքի մատների վրա
Տիրոջդ համայնի՝ հանդերձ Կտակով Իր ավետաբեր…» (18)։
Ուսումնասիրողներն իրավամբ պնդում են Նարեկա վանքի մեծ ճգնավորի մասին, «քաջ և մանաւանդ անգիր սերտող մը միայն պիտի կրնար այնքան նիւթ և հիւթ քաղել անկից» (19)։ Գր. Նարեկացու «Մատյանում» հանդիպող սուրբգրային մեջբերումների թիվն անցնում է 1000-ից։
Ասողիկը Սևանի վանքի մասին գրում է, որ այնտեղ «հավաքվեցին բազում եղբայրներ՝ ստանալով բազմաթիվ Սուրբ Գրքեր, որպեսզի լուսավորվեն հոգու աչքերը՝ տեսնելու Տիրոջ ճանապարհը՝ ըստ իր անստվեր ուղևորությունների» (20)։ Մովսես Վարդապետը՝ ապագա կաթողիկոսը, Երևանի հյուսիսային կողմում՝ ներկայիս Ս. Աստվածածին (Զորավոր) եկեղեցու տարածքում վանք է հիմնում. «Նրա մոտ հավաքվեցին բազմաթիվ միաբաններ, միայնակյացներ, Սուրբ Գրքի իմաստուն ու սրբակյաց աշակերտներ։ Մեծ ու փոքր միասին սիրով ու խաղաղ մնում էին խցում՝ միշտ աղոթելով ու Սուրբ Գիրքն ընթերցելով» (21)։
Սուրբ Գրքի ուսումը, սակայն, չի սահմանափակվում միայն հոգևորականների ու վանականների դասով։
Ս. Սահակն ու ս. Մեսրոպը, ըստ Կորյունի վկայության, Ս. Գրքի թարգմանությունից անմիջապես հետո «աստվածային իմաստությամբ կրթեցին հենց այնտեղ իրենց մոտ եղած արքունիքը ամբողջ ազատագունդ բանակի հետ։ Երանելի Սահակն ուսման վարժությամբ զբաղեցնում էր ավելի Մամիկոնյան մարդկանց, որոնց առաջինի անունն էր Վարդան, որ և Վարդկան էր կոչվում։ Նույնպես ամեն մարդու աշխատում էր նա կրթել, հասկացնել ճշմարտության գիտությունը» (22)։
Ս. Սահակն ու ս.Մեսրոպը լծվեցին ամենուր նոր դպրոցներ հիմնելու ոչ միայն կղերի, այլև ազնվականների ու ռամիկների համար, որտեղ դասավանդման անկյունաքարը դարձյալ Ս. Գիրքն էր, որ մեր մատենագրության մեջ հանդիպում է «Սուրբ Գրոց ուսում», «գիտութիւն Աստուծոյ», «շնորհք պատուիրանացն Աստուծոյ» և այլ անունններով։ Բոլորի աչքերն այսուհետ ուղղվում են դեպի Վաղարշապատ, որտեղից բխում էր «բացեալ աղբիւրն Աստուծոյ», և դեպի ուր շարժվում էին գունդ-գունդ՝ Ս. Գրքով լուսավորվելու համար։
Ղազար Փարպեցին վկայում է. «Անվերջ բխում-հոսում էին մեկնությունների խոսքերը, որոնք մարգարեների գաղտնին հայտնի դարձնելով՝ ամբողջ ժողովրդի առաջ էին դնում հոգևոր կերակուրներով լեցուն սեղանը։ Իմաստության հետևողներն էլ ճաշակում էին դրանք և իրենց քիմքերը քաղցրացնում՝ ըստ սաղմոսերգուի խոսքի, որ ասում է. «Վարդապետության խոսքերն առավել են, քան խորիսխը մեղրի» (տե՛ս Սաղմ. ԺԸ 1)։ Եվ որպեսզի միանգամից ասեմ, ըստ Եսայի սուրբ մարգարեի խոսքի, թե Հայոց ամբողջ երկիրն Աստծո գիտությամբ լցվեց ս. Սահակ հայրապետի հոգևոր քարոզներից, որոնք բազում վտակների պես ծովերն էին լցնում» (23)։
Իսկ երբ պարսիկները մտադրվեցին արմատախիլ անել քրիստոնեությունը, հանդիպեցին հայ ժողովրդի աննկուն կամքին. «Մեզ հայր ենք ճանաչում Սուրբ Ավետարանը, և մայր՝ առաքելական կաթողիկե Եկեղեցին. թող ոչ ոք իբրև չար անջրպետ մեջ ընկնելով՝ մեզ սրանից չբաժանի» (24)։ Ավելին, այդ օրհասական օրերին «աստվածային Կտակարանների ընթերցումը երբեք չէր դադարում ոչ մի ժամ» (25)։ Իսկ թշնամու դեմ «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» ելած քաջ դյուցազնի մասին նույն պատմիչը գրում է. «Մանկությունից տեղյակ էր սուրբ Կտակարաններին» (26)։ Նրան հարած շատ իշխաններ ու նախարարներ «Սուրբ Գիրքը սովորել էին մանկությունից» (27)։ Սա հաստատվում է նաև նաև Ղևոնդ Երեցի խոսքում. «Ինձնից ավելի տեղյակ և հմուտ եք սուրբ Կտակարաններին» (28)։ Իսկ Ավարայրի ճակատամատից առաջ քաջ Վարդանը զորքին քաջալերելու համար կարդում է Մակաբայեցիների գիրքը։
Շուշանիկը իր մոտ իբրև հիշատակ պահում և հանապազ կարդում էր իր պապի՝ ս. Սահակ հայրապետի անձնական փոքրիկ Ավետարանը (29)։
«Վահրամ Պահլավունին (X դ. զինվորական) առավոտ թե երեկո Հովհաննես Մկրտչի նման ճգնում էր պահեցողությամբ և, Աստվածաշունչ ընթերցելով, կերակրում իր բանական հոգին» (30)։
«Մուշեղ իշխանը՝ Սմբատ սպարապետի որդին (IX դ.), կրթված էր Աստվածաշնչի ընթերցումներով և ծանոթ էր ճարտասանական արվեստին» (31):
XII դ. պատմիչ Մատթեոս Ուռհայեցին դրվատանքով վկայում է, որ Գագիկ արքան «կատարելապես գիտակ է Աստծո Հին և Նոր Կտակարաններին», իսկ Գրիգոր Պահլավունին «անչափ կրթված, բոլոր գիտություններն ուսումնասիրած, Աստծո Հին և Նոր Կտակարանները կատարելապես յուրացրած մարդ էր։ Նա իմաստասերների հետ Ս. Սոֆիայի ատյանում էր նստում և բանավիճում հոռոմ վարդապետների հետ»։ Իսկ Բագրեվանդի գավառից Արտներսեհ մեծ իշխանի մասին նույն պատմիչը գրում է. «Նա ևս քաջատեղյակ էր, շատ տաղանդավոր, իսկական իմաստասեր մարդ էր, ուսանել էր Մեծ Արգինայում և սովորել աստվածային Կտակարանները» (32):
Արիստակես Լաստիվերցին ևս իշխան Գրիգոր Պահլավունու (Մագիստրոսի) մասին նույն վկայությունն է տալիս. «Իմաստուն և աստուածային Գրքերին հույժ հմուտ այր էր, ինչպես ուրիշ ոչ ոք» (33)։
Հեթում Ա թագավորը սիրում էր կարդալ Աստվածաշունչը. նրա մասին դրվատանքով է խոսում Երզնկացին. «Վարժ աստուածային Գրոց Սրբոց»։ Նմանօրինակ հիշատակություն կա Թորոս Բ-ի մասին.
«Աստուածային Գրով վարժեալ
Եվ յիմաստից արուեստ մտեալ»։
Կիլիկիո Հեթում թագավորի մասին կարդում ենք. «Քանզի մանկությունից վարժված էր աստվածային օրենքների ընթերցանության կրթությամբ, որը կարող է իր մեջ հաստատվածներին ավելի լավ սնուցել, քան մայրերի ու դայակների հոգատարությունը։ Նա սիրեց իմաստությունը և սիրվեց նրա կողմից» (34)։
Հեթում Բ-ի հորաքույր Ֆիմին, պատերազմի պատճառով փախչելով հայերի մոտ, արքաեղբայր Հովհաննես եպիսկոպոսից խնդրում է Սողոմոնի գրքերը՝ սփոփանք և մխիթարութուն գտնելու. «Որով,- ասում է ընծայողը,- յԱստուած և յաստուածայինսն խոկասցես միշտ, և տրտմեալ սրտի քո սփոփանս սովաւ արասցես»։ Նույն առիթով սույն տիկնոջ «աստուածասէր եղբայրը»՝ Լևոնը, Ավետարան է նվիրում նրան` «ի մխիթարութիւն և ի փրկութիւն հոգւոյ» (35)։
Ըստ XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ Խաչենի Ջալալ անվանված իշխան Հասանը, որը Զաքարեի և Իվանեի քեռորդին էր, «մի բարեպաշտ, աստվածասեր, հեզ ու հանգիստ, ողորմած ու աղքատասեր, անապատականների նման աղոթքների ու աղաչանքների մեջ ճգնող (էր)։ Որտեղ էլ լիներ, անխափան կատարում էր ցերեկվա և գիշերվա պաշտամունքը, ինչպես վանականները։ …Չափազանց քահանայասեր և ուսումնասեր էր ու աստվածային Կտակարանների ընթերցող» (36)։
Աստվածաշունչը շատ սիրվեց նաև հասարակ ժողովրդի կողմից. «Բայց ավելի տարածուն էին Դավթի սաղմոսները, որոնք իրենց ախորժական եղանակով ու աղոթական իմաստներով խոսում էին բոլորի սրտերի հետ և բոլորի շուրթերին էին» (37)։
Ղազար Փարպեցին այսպես է նկարագրում Սուրբ Գրքի թարգմանությամբ կյանքի կոչված բուռն հոգևոր զարթոնքը. «Սուրբ Եկեղեցիների արարողությունները զարդարվեցին: Կանանց և տղամարդկանց բազմությունները ճոխացան Փրկչի տոների ժամանակ և մարտիոսացածների վկայարաններում։ Գոհանալով, հոգևոր մխիթարությունից երջանկացած նրանք իրենց տներն էին գնում՝ մեծամեծերն ու տղաները սաղմոսելով և կցորդներն ասելով ամենայն տեղ՝ հրապարակներում, փողոցներում և տներում» (38)։
Թովմա Արծրունին պատմում է Սասնա լեռների Խույթ գյուղի բնակիչների մասին, ովքեր «անգիր գիտեին հայոց վարդապետների թարգմանած հին սաղմոսները, որ մշտապես ունեն շուրթներին» (39)։
Իսկ Հովհաննես Գառնեցին վկայում է, որ ամբողջ ժողովուրդը՝ «քահանայք, ռամիկք, մանկունք, կոզեռք և հաւատաւոր կանայք», ի տարբերություն մյուս ազգերի, ովքեր սաղմոսները գրքով են երգում, անգիր են ասում Դավթի հոգեզմայլ սաղմոսները և այդ իսկ պատճառով բազում սխալներ թույլ տալիս։
Սաղմոսները դարեդար երգվել ու արտասանվել են ռազմի դաշտում, պանդխտության մեջ, արտերում ու այգիներում, Եկեղեցիներում ու վանքերում, նեղության և ուրախության մեջ։
Սակայն ժողովրդի բոլոր խավերի կողմից սաղմոսների լայն կիրառությունը փաստող բազում մատենագրական վկայություններից չպետք է տպավորություն ստեղծվի, թե Սաղմոսաց գիրքը հայերի ամենասիրելի գիրքն է եղել անցյալում։ Հայերը, ինչպես նաև մյուս քրիստոնյա ազգերը, ամենից շատ պատվել, գերադասել և սիրել են Ավետարանը՝ իբրև ուղղակի մեր Տէր Հիսուս Քրիստոսի խոսք։
Կիլիկիո Բաբկեն Ա կաթողիկոսն ինքն անձամբ ճանաչել է երկու կույր հայերի, «որոնք անթերի գիտեին ընթերցվածքները» (40)։
***
Բոլոր ժամանակներում մեծ է եղել Աստվածաշնչի դերը նաև մատաղ սերնդի դաստիարակության մեջ։ «Մեր բարեպաշտ նախնիք լայնօրէն կը խառնէին դաստիարակութեան գործին մեջ Ս. Գիրքը. իրենց պարծանք կը համարէին անոր հմտութիւնը և սփոփանք՝ անոր ընթերցումն ու սաղմոսերգութիւնն իրենց բոլոր կենաց մէջ» (41)։
Բարեպաշտ ընտանիքներում Աստվածաշնչի ընթերցումով են մեծացել հայոց բազում սուրբեր, հայրեր, վարդապետներ, թագավորներ, իշխաններ և ուրիշներ։ Մանուկների դաստիարակությունը աչքաթող չի արվել հայրերի ու վարդապետների կողմից՝ Ներսես Շնորհալի, Գրիգոր Տաթևացի, Վարդան Վարդապետ, Մխիթար Գոշ, Հովհաննես և Մովսես Երզնկացիներ։ Օրինակ՝ Հովհանը երեխաներին չարությունից ետ պահելու համար («նրանց մտքի վրա չարը դյուրին է տպավորվում, ինչպես կնիքը՝ փափուկ մոմի վրա») խորհուրդ է տալիս մանուկների միտքը սնել «ուսմամբ աստուածային օրինացն» (42)։
Առհասարակ, ինչպես վկայում է ս. Հովհաննես Ոսկեբերանը, հնուց բարեպաշտ սովորություն կար Ս. Գիրքը բացելուց առաջ ձեռքերը լվանալու։ Տղամարդիկ բացում էին գլուխները, իսկ կանայք՝ պատկառանքով ծածկում։ Այս սովորությունը տարածված է եղել և հայերի մոտ։ Այսպես, Ստեփանոս վարդապետ գրիչը 1171 թ. Ավետարանում խնդրում է. «Մաքրութեամբ և զգուշութեամբ հպիք յայս Ամենափրկիչ Սուրբ Աւետարանս», այն էլ՝ «ծոմապահութեամբ և խնդրուածովք… վասն բժշկութեան ամենեցուն»։
Այսօր Մ. Մաշտոցի անվան մատենադարանում պահվում են Ս. Գրքի բազմաթիվ ձեռագիր օրինակներ, որոնցից շատերը գրչության, մանրանկարչության և կազմության առումով արվեստի գլուխգործոցներ են։ Պահպանված ձեռագրերի թիվը, սակայն, չի արտահայտում Հայաստանում և նրա սահմաններից դուրս երբեմնի գործածված Աստվածաշունչ Գրքերի իրական քանակը։ Այս կապակցությամբ Բաբկեն կաթողիկոս Կյուլեսերյանը գրում է. «Եթէ կարելի ըլլար՝ նոյնիսկ մերձաւորապէս հաշուիլ, թէ քանի օրինակ հայերէն Հին և Նոր Կտակարաններ արտադրած են հայ գրիչները Ս. Գրոց թարգմանութենէն մինչ տպագրութեան գիւտին ընդհանրացումը, ապշեցուցիչ թիւերու առջև պիտի գտնուէինք։ Ստեփանոս Օրբելեան միայն Սիւնեաց վիճակին մէջ կհաշուէ 10 000- էն աւելի Ս. Գիրք (անշուշտ, Հին և Նոր Կտակարան)» (43)։
Այս թվերը, ինչ խոսք, հարգանք ու պատկառանք են ներշնչում՝ վկայելով Հայաստանում ընդհանրական և առանձնական աստվածպաշտության մեջ Ս. Գրքի լայն գործածության մասին։ Սակայն Սուրբ Գրքի ուսումը, ինչպես առհասարակ հոգևոր կյանքը, ապրել է տեղատվության շրջաններ: Ցավոք միշտ էլ եղել են ժամանակներ՝ կարճ, թե տևական, երբ հոգևոր զարթոնքին հաջորդել են գաղջության, անբարոյականության, նյութապաշտության, սուտ գիտական գաղափարներով մոլորվելու շրջաններ, որն առաջ է բերել հոգու սով՝ Աստծո խոսքը լսելու սով, և պայմանավորել բովանդակ հասարակական կյանքի ճգնաժամը։ Առաքել Դավրիժեցին, նկարագրելով իր ժամանակի հոռի բարքերը, որոնք աղերսներ ունեն ներկայիս հետ, եզրակացնում է. «Եվ սրանց բոլորի պատճառը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հեռացումը Աստվածաշնչից և Աստծո երկյուղից. բնավ Գրքեր չէին կարդում, Աստվածային Մատյանները փակվել ու լռել էին, որովհետև խափանվել էր Աստվածաշնչի ընթերցումը, որ արհամարհված էր նրանց աչքում. հողով ու մոխրով պատված՝ ընկած էին որևէ անկյուն, որովհետև ըստ Տիրոջ խոսքի՝ ո՛չ Գիրքն էին ճանաչում, ո՛չ Գրքերի զորությունը» (տե՛ս Մատթ. ԻԲ 29) (44)։
—————————————————————————
(1) Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983, 889-891:
(2) Նույն տեղում, էջ 839:
(3) Փ. Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1968, էջ 91:
(4) Գիրք Մեծ Մաշտոց կոչեցեալ, Պօլիս, 1807, էջ 343:
(5) Նույն տեղում, էջ 343:
(6) Ստեփանոս վրդ. Տարօնացի, Տիեզերական պատմութիւն, Փարիզ, 1859, էջ 172:
(7) Շնորհալի, Չափածո երկեր:
(8) Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 420:
(9) Սիսուան, Վենետիկ, 1885, էջ 406:
(10) Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 509-510:
(11) Ագաթանգեղոս, 839:
(12) Նույն տեղում, էջ 847:
(13) Բազմավեպ, 1901, էջ 159:
(14) Ղազար Փարպեցի, Թուղթ Վահան Մամիկոնյանին, Երևան, 1902, էջ 481-483:
(15) Հ. Վ. Հացունի, Դաստիարակութիւնը հին հայոց քով, Վենետիկ, 1923, էջ 182:
(16) Բ. Եղիայեան, Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Անթիլիաս, 1926, էջ 1174:
(17) Նույն տեղում, էջ 1174:
(18) Ս. Գր. Նարեկացի, Մատյան ողբերգության, Երևան, 1979, ԿԴ, Բ:
(19) «Լոյս» շբթթ., Կ. Պօլիս, 1906, թիւ 46:
(20) Ստեփանոս վրդ. Տարօնացի, Տիեզերական պատմութիւն, Փարիզ, 1853, էջ 146:
(21) Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Երևան, 1994, էջ 46:
(22) Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 1994, էջ 36:
(23) Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982, էջ 41:
(24) Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Երևան, 1989, էջ 135:
(25) Նույն տեղում, էջ 137:
(26) Նույն տեղում, էջ 213:
(27) Նույն տեղում, էջ 43:
(28) Նույն տեղում, էջ 219:
(29) Սոփերք, Թ 27:
(30) Գր. ավագ քահանա Հայրապետյան, Աստվածաշունչը, Գ տպագրություն, Երևան, 1995, էջ 10:
(31) Նույն տեղում, էջ 9:
(32) Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 121:
(33) Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Երևան, 1971, էջ 36:
(34) Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 516:
(35) Սիսուան, Վենետիկ, 1885, էջ 145:
(36) Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982, էջ 192-193:
(37) Վ. Հացունի, Աստուածաշունչն ու Հայաստան, տե՛ս Յուշարձան Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան 1500 ամեակի, Երուսաղէմ, 1938, էջ 390:
(38) Ղ. Փարպեցի, էջ 41:
(39) Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Երևան, 1978, էջ 138:
(40) Բ. Եղիայեան, էջ 1176:
(41) Վ. Հացունի, Դաստիարակութիւնը հին հայոց քով, Վենետիկ, 1923, էջ 58:
(42) Նույն տեղում, էջ 62:
(43) «Լոյս» շբթթ., Կ. Պօլիս, 1905, թիւ 16, էջ 395:
(44) Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Երևան, 1988, էջ 229-230:
0 կարծիք