Աստվածաշնչի նշանակությունը ի պետս երեխաների դաստիարակության

Բաժին՝ Մաս Ե.
«Որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է» (Բ Տիմ. Գ 15)։

Ուզո՞ւմ ես, որ զավակդ բարեբարո լինի. սկզբից ևեթ դաստիարակի՛ր նրան համաձայն առաքյալի հորդորի՝ «Տիրոջ խրատով և ուսումով» (Եփես. Զ 4): Մի՛ կարծիր, թե նրա համար ավելորդ բան է Սուրբ Գիրք լսելը. քանզի նա նախևառաջ այնտեղից է լսելու. «Պատվի՛ր քո հորն ու մորը»։ Հետևաբար սա հենց քեզ օգտակար կլինի։ Մի՛ ասա. «Այդ վանականների գործն է, մի՞թե ես իմ որդուն վանական պիտի դարձնեմ»։ Նրան վանական դարձնելու կարիք չկա, սակայն ինչո՞ւ ես վախենում այն բանից, ինչը նրա համար այնքան օգտակար է։ Որպես քրիստոնյա դաստիարակիր նրան։ Աշխարհականներին հատկապես անհրաժեշտ է իմանալ Ս. Գրքի վարդապետությունը, և առավելապես երեխաներին, քանզի այդ տարիքին է հատուկ ծայրահեղ անխոհեմությունը։ Ամոթ չէ՞ արդյոք երեխաներին ուղարկել արվեստներ ու գիտություն սովորելու և չհոգալ «Տիրոջ խրատով և ուսումով» նրանց կրթելու մասին։ Այդ իսկ պատճառով մենք առաջինն ենք ճաշակում նմանօրինակ դաստիարակության պտուղները, քանզի դաստիարակում ենք երեխաներին հանդուգն, անժուժկալ, անհնազանդ ու ստոր։ Չանե՛նք այդ բանը, այլ անսանք երանելի Պողոսի հորդորին, օրինակ ծառայենք՝ մանուկ հասակից նրանց ստիպելով ընթերցել Ս. Գիրքը (ս. Հովհաննես Ոսկեբերան)։

Ոչ ոք թող չասի ինձ, թե մենք երեխաներին Աստծո խոսքը լսել տալու կարիքը չունենք։ Ոչ միայն պետք է զբաղեցնել, այլև միմիայն այդ մասին հոգալ։ Սակայն ձեր տկարությունների պատճառով է, որ չեմ պնդում այդ բանը. բնավ ետ չեմ պահում նրանց այլ զբաղմունքներից, ինչպես նաև ձեզ՝ հասարակական գործերից։ Ըստ իս՝ միանգամայն արդարացի է յոթ օրերից մեկը բոլորիս Տիրոջը նվիրելը։ Քանզի որքան անհարիր է ծառաներից պահանջել, որ զօր ու գիշեր ծառայեն մեզ, իսկ մեզ կարճ ժամանակ իսկ Տիրոջը չտրամադրելը։ Ընդ որում մեր ծառայությունը Նրան ոչինչ չի տալիս, քանզի Աստված ոչ մի բանի կարիքը չունի, այլ հենց մեր օգտի համար է։ Ձեր երեխաներին հանդեսների տանելիս՝ գիտությունն ու որևէ այլ բան խոչնդոտ չեք համարում։ Իսկ հոգևոր օգուտ ստանալուց խորշում եք՝ այն սին անվանելով։ Էլ ինչպես չզայրացնեք Աստծուն, երբ ամեն ինչ սովորեցնում եք երեխաներին, դրանց համար ժամանակ գտնելով, իսկ նրանց՝ Աստցուն նվիրելու գործը նկատում եք վաղաժամ ու դժվարին։ Ո՛չ, այդպես չէ, եղբայրներ։ Հենց այս տարիքն է, որ առավելապես նմանօրինակ հորդորների կարիքն ունի։ Հասակը մատաղ է. փութով յուրացնում է այն, ասում են իրեն, և ինչպես կնիքն է դրոշմվում մեղրամոմի վրա, այնպես էլ երեխաների հոգում այն, ինչ լսում են։ Ընդ որում նրանց կյանքը հենց այդ ժամանակից արդեն սկսում է հակվել կամ արատին կամ առաքինությանը։ Ուստի, եթե սկզբից ևեթ, այսպես ասած, սեմից հեռացնենք նրանց արատից և առաջնորդենք ուղիղ ճանապարհ, ապա հետագայում դա արդեն նրանց սովորությունը և ասես էությունը կդառնա։ Այլևս այնքան էլ քմահաճորեն չեն շեղվի դեպի վատը, քանզի սովորությունը կմղի բարի գործերի։ Այդժամ նրանք ծերերից առավել հարգարժան կլինեն և քաղաքացիական գործերի համար պիտանի՝ պատանեկան հասակից դրսևորելով մեծահասակների հատկություններ։ Քանզի անհնար է, ինչպես առաջ էլ ասել եմ, որ Ս. Գրքի խոսքերը ունկնդրելուց բավականություն ստացողներն ու նրա վարդապետությունն ըմբռնողները հեռանան այստեղից առանց որևիցե իրական, մեծ բարիք ստանալու՝ դրանց հաղորդակցվողը լինի այր, կին թե պատանի։

Եթե մենք, մեր խոսքերին վարժեցնելով, ընտելացնում ենք գազաններին, ապա մի՞թե այս հոգևոր վարդապետությամբ ավելիով չենք կարողանա ուղղել մարդկանց՝ մանավանդ որ մեծ տարբերություն կա այստեղի ու այնտեղի, բժշկությունների ու բժշկվողների միջև։ Մեր միջի վայրենությունն էլ այնպիսին չէ, ինչպես գազաններինը. նրանցը ըստ բնության է, իսկ մերը ըստ քմահաճության։ Խոսքերի զորությունն էլ տարբեր է. այնտեղ այն բխում է մարդու մտքից, իսկ այստեղ՝ Հոգու զորությունից ու շնորհից։ Այսպիսով, ով անձնատուր է լինում հուսահատությանը, թող խորհի գազաններին վարժեցնելու մասին և այլևս չի հուսահատվի։ Թող հանապազ այցելի այս հիվանդանոցը, թող հանպազ լսի Հոգու օրենքները և, վերադառնալով տուն, մտապահի լսածը։ Այսպիսով նա բարի հույսի ու խաղաղության մեջ կհաստատվի՝ սեփական փորձի վրա զգալով հաջողությունը։ Իսկ սատանան հենց որ տեսնի, որ մարդու հոգում Աստծո օրենքն է գրված, իսկ սիրտը վերածվել այդ օրենքի քարե տախտակների, այլևս չի մոտենա նրան։ Քանզի, ուր երկնային գրերը դրոշմված են ոչ թե պղնձյա սյան վրա, այլ Սուրբ Հոգով աստվածասեր սրտերում և ճաճանչում են Նրա շնորհներով, այնտեղ նա նույնիսկ հայացք նետել չի կարող և հեռու կփախչի։ Սատանայի և նրա ներշնչած խորհուրդների համար ավելի սարսափելի բան չկա, քան աստվածային ճշմարտություններով կլանված միտքը և միշտ այդ աղբյուրին կառչած հոգին։ Աշխարհում ոչինչ ի զորու չէ այսպիսի հոգուն սասանելու, թեկուզ տհաճություն պատահի, ոչ էլ կհպարտացնի ու կպանծացնի նրան հաջողությունը, այլ փոթորիկների ու խռովքի մեջ էլ խաղաղություն կվայելի։ Եվ իսկապես էլ մեր խռովահուզության պատճառը դրսում չէ, այլ մեր հոգու տկարություններում։ Եթե մեր հոգու տառապանքը պայմանավորվեր հանգամանքներով, ապա բոլոր մարդիկ էլ պարտադիր կճաշակեին այդ բանը։ Քանզի բոլորս էլ նավարկում ենք միևնույն ծովով, հընթացս որի անհնար է խույս տալ ալիքներից ու փոթորիկներից։ Եվ եթե կան այնպիսիք, ովքեր չեն ենթարկվում ալեկոծության ուփոթորիկների, ապա, ակներև է, որ փոթորիկն առաջացնում է ոչ թե այս կամ այն հանգամանքը, այլ մեր հոգու վիճակը։ Հետևաբար, եթե մենք մեր հոգուն տրամադրենք այպես, որ դյուրությամբ տանի ամեն ինչ, ապա մեզ համար ոչ փոթորիկ կլինի, ոչ էլ խորտակում, այլ միշտ բարենպաստ անդորր կլինի։

(Ս. Հովհաննես Ոսկեբերան)

Հնում բարեպաշտ քրիստոնեական ընտանիքներում երեխաներն իրենց մտավոր կրթությունն սկսում էին Ս. Գրքի ուսումնասիրությունից (1)։ Այսպիսով, նրանց մտավոր կրթությունն ընթանում էր բարոյականի հետ միասին, որն իմաստնացնում էր նրանց մանկական ըմբռնումները, խրատում նրանց մատաղ սրտերը, և, բնականաբար, սերը Գրքի նկատմամբ խոր արմատներ պիտի արձակեր նրանց հոգում։

Նմանօրինակ դաստիարակություն էին որդեգրել նեոկեսարյան այն սուրբ ընտանիքում, որից սերում էր տիեզերական մեծ վարդապետ ս. Բարսեղը։ Մայրը Բարսեղի քույր Մակրինային դաստիարակելիս սերտել էր տալիս այն Գրքերը, որոնք հասկանալի էին աղջկան (հատկապես Սողոմոնի Իմաստությունը)։ Իսկ այդ Գրքերից հատկապես այն, ինչն առաջնորդում էր առաքինի կյանքի։ Մակրինան սաղմոսները գիտեր այնպես, որ իր բոլոր գործերում, որպես բարի ընկեր, ուղեկցում էին նրան։ Մայրն արգելում էր դստերը կարդալ հեթանոսական ողբերգություններում ու կատակերգություններում հանդիպող կրքերի նկարագրությունները։ Հետագայում Մակրինան նույն ոգով դաստիարակեց իր եղբայր Պետրոսին։ Այդպես դաստիարակվեց նաև Բարսեղ Մեծը. «Աստծո ողորմությամբ ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով,- ասում է նա, – դաստիարակվել եմ քրիստոնյա ծնողների կողմից՝ վաղ մանկությունից նրանցից սովորելով Սուրբ Գիրքը, որը և առաջնորդում էր ինձ դեպի ճշմարտության ճանաչողությունը» (2

Հրեաների հին սովորությունն էր (որ պահում են ցայսօր) իրենց երեխաներին նախքան արհեստներ սովորեցնելը դաստիարակել աստվածային Գրքերի ուսուցմամբ։ Սա կարևոր խրատ է բոլոր ծնողներին, որ անձամբ կամ այլոց միջոցով հոգան նախկին բարվոք դաստիարակությամբ որդիներին Սուրբ Գրքին վարժեցնելու մասին, որը նրանց կյանքի բարեպաշտության հիմքն է (Տ. Գաբրիել Ավետիքյան)։

———————————————————————-

(1) Որոգինեսի հայրը ամեն օր Ս. Գիրքը կարդալ և պատմել էր տալիս իր որդուն, որն առանձնակի սեր էր ցուցաբերում այդ պարապմունքների նկատմամբ և իր աստվածաբանական հարցերով զարմացնում հորը։ Նրա հայրը վկայում էր, որ հաճախ էր գիշերը գաղտնի համբուրում իր որդու կուրծքը՝ իբրև «Սուրբ Հոգու տաճար»։ Մանկուց Ս. Գիրքը սերտում էին ս. Գրիգոր Աստվածաբանը, ս. Հովհան Ոսկեբերանը, ս. Մակրինան և այլք։
Հերոնիմոս Երանելին այսպիսի խորհուրդ է տալիս այրի Լիդիային նրա դստեր դստիարակության առնչությամբ. «Թող ամեն օր քեզ հետ միասին մի քանի թերթ ընթերցի Ավետարանից և առաքելական թղթերից։ Այսպիսով, թող ամեն առավոտ քեզ ասես մի ծաղկեփունջ մատուցի՝ սրբազան Գրքերից քաղված։ Թող այդ լինի նրա ամենագլխավոր հոգսը, ամենասովորական գործը…»։
(2) Как читать Библию? Москва, 1996, стр. 15.
Հատկորոշիչներ՝ աստվածաշունչ, երեխաներ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Աստվածաշունչը և աղանդները

«Այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ...

Աստվածաշունչը և մյուս գրքերը

«Եղբայրնե՛ր, ձեզ համար այս բանը օրինակ բերեցի իմ...

Սուրբ Գիրքը չընթերցողների մասին

«Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն...