ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՆՆՋՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ
Ամեն տարի Հայ Եկեղեցին օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Ս. Աստվածածնի Ննջման և Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասնությունները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանադության շնորհիվ:
Ավանդության համաձայն` Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրում է Երուսաղեմում Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը հարատևում է աղոթքների ու պահքի մեջ, հաճախ այցելում իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթում: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվում Գաբրիել հրեշտակապետն ու ավետում Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ս. Կույսը նաև պատվիրում է Հովհաննես Առաքյալին, որ վերջինս Ս. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Ս. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնում է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցնում է մի տախտակ ու տալիս Աստվածածնին և խնդրում, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և դնում երեսին, այնուհետև թրջում այն իր արցունքներով և խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատում են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևում: Սենյակի վերևում երևում է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու համար նրա` երկինք փոխադրված լինելը:
Հուղարկավորությանը բացակա Ս. Բարթուղիմեոս Առաքյալը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Սակայն երբ Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, այլևս չեն գտնում Ս. Կույսի մարմինն այնտեղ: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին որպես մխիթարություն:
Ըստ ս. Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված տեղում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Խաղողի օրհնությամբ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը:
Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով նրա` Աստծո Մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Ս. Կույսը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
0 կարծիք