Արկադիոս կայսեր օրոք (395-408 թթ.) Երուսաղեմում գտնվում է Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ են գնում և այն զետեղում եկեղեցում:
Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով:
Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի Գոտու Գյուտի տոնը ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետը 1774թ. իր հրատարակած օրացույցի մեջ:
Ս. Աստվածածնի Գոտու Գյուտը Հայ Եկեղեցու Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկն է: Եկեղեցու այս յոթ տոները ցույց են տալիս Աստվածամոր՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով շարունակելով այսօր էլ իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:
Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե՛ սրբերի մասունքների, թե՛ նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. ԺԳ 21): Ուստի, Եկեղեցին, հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն:
0 կարծիք