Քրիստոսի համբարձման տոն։ Հինանց Խ. օր։

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Համբարձում,

Ճառ՝ ասված Համբարձման տոնի առիթով (Զաքարիա Ձագեցի),

Համբարձում (Շնորհք արք. Գալուստյան),

«Համբարձում» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Երգ երգոց, 3. 6 – 4. 3

«Ո՞վ է սա, որ ելել գալիս է անապատից, բարձրանալով, ինչպէս ծառացած ծուխ, ինչպէս զմուռսի եւ կնդրուկի եւ ամէն տեսակ իւղերի փոշու սիւն։ Ահա Սողոմոնի գահաւորակը. նրա շուրջը Իսրայէլի վաթսուն սպառազէն քաջեր են կանգնած, բոլորն էլ սուսերաւորներ եւ հմուտ պատերազմողներ, եւ իւրաքանչիւրը սուր ունի ազդրին՝ գիշերուայ արհաւիրքների համար։ Սողոմոն արքան իր համար գահաւորակ պատրաստեց Լիբանանի մայրի փայտերից. նրա սիւները շինեց արծաթից, նրա սնարները՝ ոսկուց, իսկ ձեղունը՝ ծիրանի կերպասից։ Նրա ներսը ակնազարդ է, Երուսաղէմի դուստրերի սէրն է սփռուած։ Ելէ՛ք, ո՜վ Սիոնի դուստրեր, եւ նայեցէ՛ք Սողոմոն արքային ու նրա պսակին, որով մայրը նրա հարսանիքի օրը՝ իր որդու սրտի ուրախութեան օրը պսակեց նրան»։

«Ահա դու, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների՝ հարսնաքօղիդ տակ։ Քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։ Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, եւ ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։ Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսած նռան՝ հարսնաքօղիդ տակ։

Եսայի մարգարե, 63. 1-6

Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդոմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է եւ հուժկու զօրութեամբ։ Ես խօսում եմ արդարութեան եւ փրկութեան իրաւունքի մասին։ Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն, ասես, հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը։ Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրոյթով տրորեցի նրանց, բարկութեամբ ճմլեցի նրանց եւ գետնին հաւասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արիւնաթաթախ արի. քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկութեան տարին եկել հասել էր։ Նայեցի, բայց օգնող չկար, մտածեցի, թէ ինչու ոչ ոք չկար, որ թիկունք դառնար ինձ։ Իմ բազուկը փրկեց նրանց, եւ միայն իմ բարկութիւնն ինձ զօրավիգ եղաւ։ Իմ բարկութեամբ տրորեցի եւ իմ զայրոյթով մորթեցի նրանց, գետնին հաւասարեցրի նրանց։

Առաքյալների գործերը, 1. 1-14

Առաջին պատմութիւնը գրի առայ, ո՛վ Թէոփիլէ, այն բոլոր բաների մասին, ինչ Յիսուս սկսեց անել եւ ուսուցանել սկզբից մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատուէր տուեց առաքեալներին, որոնց ինքն ընտրել էր, եւ երկինք վերացաւ: Նա իր չարչարանքներից յետոյ իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծու արքայութեան մասին: Եւ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատուէր տուեց նրանց, որ Երուսաղէմից չմեկնեն, այլ սպասեն Հօր խոստումին, «որը, եւ ասաց, եւ լսեցիք ինձնից, որովհետեւ Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ յետոյ պիտի մկրտուէք Սուրբ Հոգով»: Նրանք, մօտենալով, հարցրին նրան եւ ասացին. «Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»: Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ. այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը»: Եւ երբ այս խօսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացաւ, եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից: Եւ մինչ իրենց աչքերը յառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երեւացին սպիտակ զգեստների մէջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, պիտի գայ նոյն ձեւով, ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»: Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ: Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան: Սրանք բոլորը, միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ:

Ավետարան ըստ Ղուկասի, 24. 42-54

Եւ մինչ դեռեւս ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»։ Եւ նրանք տուին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ։ Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տուեց նրանց ու ասաց. «Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուեն այն ամէնը, որ գրուած են իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»։ Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը։ Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը, եւ քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած։ Եւ այս բաների վկաներ էք դուք։ Եւ ահա ես ուղարկում եմ Ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»։ Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց։ Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում։ Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ։ Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն։

Ավետարան ըստ Մարկոսի, 16. 9-20

Կիրակի առաւօտեան յարութիւն առած լինելով՝ Յիսուս նախ երեւաց Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել։ Եւ սա գնաց ու պատմեց նրանց, որ Յիսուսի հետ էին եւ դեռեւս սգում ու լաց էին լինում։ Երբ նրանք լսեցին, թէ նա կենդանի է եւ երեւացել է Մարիամին, չհաւատացին։ Յետոյ Յիսուս այլ կերպարանքով երեւաց նրանց, որոնք հանդ էին գնում։ Սրանք էլ եկան ու պատմեցին ուրիշների. բայց նրանք էլ չհաւատացին։ Յետոյ, մինչ Տասնմէկը սեղան էին նստել, Յիսուս նրանց երեւաց եւ յանդիմանեց նրանց իրենց անհաւատութեան եւ խստասրտութեան համար, որովհետեւ չէին հաւատացել նրանց, որոնց ինքը երեւացել էր՝ մեռելներից յարութիւն առած։ Եւ նրանց ասաց. «Գնացէ՛ք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէ՛ք Աւետարանը բոլոր մարդկանց։ Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով չհաւատայ, պիտի դատապարտուի։ Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հաւատում են. իմ անունով դեւեր պիտի հանեն, լեզուներ պիտի խօսեն, իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, եւ եթէ մահացու թոյն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիւանդների վրայ ձեռք պիտի դնեն եւ բժշկեն»։ Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը։ Իսկ նրանք ելան ու քարոզեցին Աւետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցութեամբ. եւ իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խօսքը։

Ավետարան ըստ Ղուկասի, 18. 1-14

Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. «Իմ ոսոխի դէմ իմ դատը տես»: Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. «Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»։

Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կ՚անի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»:

Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, Եւ արհամարհում էին ուրիշ շատերին: «Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: Փարիսեցին կանգնած էր մեկուսի Եւ , ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. «Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, Եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում Եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»: Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի Եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը Եւ ասում. «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»: Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ միւսը. որովհետԵւ , ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, Եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»:

Ավետարան ըստ Մատթեոսի, 28. 16-20

Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր: Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին: Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:

Ավետարան ըստ Մատթեոսի, 19. 1-15

Եւ երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, Գալիլիայից տեղափոխուեց եւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը: Եւ նրա յետեւից բազում ժողովուրդ գնաց, եւ այնտեղ նրանց բժշկեց: Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն մի յանցանքի պատճառով»: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»: Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»: Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել: Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում» : Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»: Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է, որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»:

Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին: Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»: Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց:

Ավետարան ըստ Մարկոսի, 10. 13-27

Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ: Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին: Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»: Եւ նա վերցնելով նրանց իր գիրկը՝ նրանց վրայ ձեռքը դրեց եւ օրհնեց նրանց:

Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած: Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիր, պատուի՛ր քո հօրն ու մօրը»: Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»: Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»: Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:

Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»: Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ: Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»: Եւ աշակերտները առաւել եւս էին զարմանում ու միմեանց ասում. «Ապա ուրեմն ո՞վ կարող է փրկուել»: Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Խ. օր Յինանց։ Համբարձումն Քրիստոսի։

Զկնի Աստուած անեղին երգ՝ Թագաւոր փառաց։ Հետ. շրկ. դկ. Մեծահրաշ։ 0րհ. դձ. Համբարձաւ (յատեանն): Հրց. դկ. Օրհնեսցի պսակ: Մեծ. դկ. Աստուածածին մայր լուսոյ։ Երգ՝ զյարութիւն եւ Համբարձաւ: Քրզ. Ասասցուք։ Ս. Աստուած, որ համբարձար փառօք առ հայր։ (Մինչեւ ի Հոգւոյ գալուստն երգ, քարոզ եւ Ս. Աստուած սոքա են)։ Ելցեն ի Թափօր։ Շրկ. դձ. Համարձաւ։ Գիրք, Աւտրն., Անդաստան, Պահպանիչ։

Սաղմոս ձայնիւ ԻԳ. Համբարձէք։ Աւտրն., Խնդր., Կեցո, Քում ամենազօր Համբարձմանդ։ Ժմտ. Հիացան վերնականքն եւ Որ անպատումն։ Ճշ. շրկ. աձ. Որ Համբարձաւն։ Սրբ. Ով է որպէս։

Յերեկոյին՝ թափօր։ Շրկ. դձ. Համբարձաւ Տէրն մեր Քրիստոս։ Գիրք, Աւտրն., Անդաստան, Ս. Խաչիւս, Պահպանեա։ Սղմ. ԽԶ. Համբարձաւ Աստուած։ Աւտրն., ապա Խոնարհեցո եւ Ապրեցո։ Հմբ. դձ. Որք տնկակից եւ Համբարձաւ Տէրն մեր յերկինս։ Արձակման Սղմ. ԻԴ. Համբարձէք, Աւտրն., Խնդր., Կեցո, Թագ. խաղաղութեան։

Յիշատակ փոխադրութեան Հայրապետական Աթոռոյն Հայոց ի Սսոյ ի Ս. Էջմիածին, յամի Տեառն 1441:

Տօն ազգային: Հանդէս եւ մաղթանք յեկեղեցիս Հայաստանեայց:

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ