Քրիստոսի 12 առաքյալների և սուրբ Պողոսի՝ 13-րդ առաքյալի հիշատակի օրը

Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները։

«Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն»

(Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 1)։

Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը։ Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մադաթիա առաքյալը։

Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին (Ավետարան ըստ Մատթեոսի, 28․ 18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով` այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները։ Քրիստոսի պատվիրանների մեծագույն քարոզիչներից է նաև Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ։

Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի «Գործք Առաքելոցը»։ Իսկ Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաև Պողոս առաքյալի թղթերը՝ 14 նամակներ գրված իր իսկ կողմից հաստատված եկեղեցական համայնքների ու առանձին քրիստոնյաների։

Հայ Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանը նախորդող շաբաթ օրը։

Հայ Եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ։

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ