Սուրբ Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն ու Ակյուլինեն

Քրիստափորը և երկու կանայք` Կալինիկեն ու Ակյուլինեն նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Ս. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերի լինելով ծառայում էր հռոմեական բանակում և քրիստոնյա է դառնում ծառայության ընթացքում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները՝ նրա մեջ մեծագույն ցանկություն է առաջանում հանդիմանելու հեթանոսներին և քարոզելու ճշմարտությունը, բայց հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում: Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում: Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում: Դատավորի առջև բերվելով հանդիմանախառն պատասխաններ է տալիս նրան՝ մերժելով դատավորի՝ կռապաշտության դառնալու հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց՝ Կալինիկեին և Ակյուլինեին՝ նրան գայթակղեցնելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս: Զայրացած դատավորը նախ՝ նահատակել է տալիս երկու կանանց, ապա՝ զինվորներին, որոնք բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, և հետո՝ գլխատում է ս. Քրիստափորին:

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ս. Խարեթյանների, սուրբ վկաներ Արտեմիոսի, Քրիստափորի, և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակը նշում է Խաչվերացի Զ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ