Քարոզ հարության մասին

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
-----------------------------

ՔԱՐՈԶ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եղան հերձվածողներ, ովքեր ասում էին, թե հող դարձած մարմինների համար հարություն չկա։ Ոմանք ուրանում էին նաև Քրիստոսի հարությունը։ Չարահնար սատանան է ուրանալ տալիս մեռելների հարությունը և ապա այդ նույն կարգով՝ անգոսնել տալիս Աստծո մարդանալը և Քրիստոսի հավատով փրկությունը։ Նախ Պողոս առաքյալն է գրում, որ Քրիստոսի հարությունը պատճառն է բոլոր մարդկանց հարության, և նրանով հաստատվում է մեր հարությունը։ Նա ասում է. «Քարոզվում է, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից»։ Այսինքն՝ նա, ով Քրիստոսին մեռելներից հարություն առած է խոստովանում, հարկ է, որ նա խոստովանի նաև բոլոր մեռելների հարությունը, իսկ ովքեր ուրանում են մեր հարությունը, նրանք չեն խոստովանում, որ Քրիստոսը հարություն առավ։ Եվ այս երկու խնդիրն է դրված մեր առջև։ Նախ՝ համառոտ խոսքերով հաստատել Քրիստոսի հարությունը և ուրացողների անիրավությունը, և ապա հաստատել մեր հարությունը և ուրացողների չարիքը։

Բայց նախ տեսնենք, թե ի՞նչ է հարությունը։ Ոմանք այն սահմանում են այսպես՝ հարությունը վերստին կենդանանալն է, ոմանք էլ՝ թե հարություն է հոգու և մարմնի վերստին նորոգումը։ Եվ այս երկու սահմանումները ինքնըստինքյան էլ պարզ են։ Իսկ ոմանք էլ ասում են, թե հարություն է ընկածի վերստին հառնելը անմահ և հավիտենական կենդանության համար։ Եվ այս սահմանումը կատարյալ է։

Այստեղ պետք է իմանալ, որ անկումը երկու կերպ է. նախ՝ հոգևոր մահվամբ, որ մեղքն է, և երկրորդ՝ մարմնավոր մահվամբ։ Այդ պատճառով էլ մահը երկու տեսակի է՝ հոգևոր և մարմնավոր։ Հոգևոր մահվան մասին այստեղ ոչինչ չենք ասի, այլ կխոսենք մարմնավոր մահվան մասին։

Մարմնավոր հարությունը նույնպես երկու կերպ է. նախ՝ երբ մի անգամ հարություն են առնում և դարձյալ մեռնում, ինչպես մինչև Քրիստոսի հարությունը՝ Եղիան, Եղիսեն, նաև այն երեքը, որոնց հարություն տվեց Քրիստոսը, սակայն նրանք նորից մեռան։ Այս հարությունն անկատար է։ Երկրորդ՝ երբ հարություն են առնում և այլևս չեն մեռնում, և այս հարությունը կատարյալ է։ Այսպիսին էր Քրիստոսի հարությունը, ինչպես ասում է Պողոսը կորնթացիների թղթում. «Գիտենք, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից, այսուհետև չի մեռնի, և մահն այլևս չի տիրի նրան»։ Այսպիսին է լինելու վերջին օրը բոլորի հարությունը։ Որի մասին այնպես է սահմանում, թե այն ընկածի վերստին հառնումն է անմահ և հավիտենական կյանքի համար։

Արդ, քանի որ ծանոթացանք հարության սահմանումին, գանք Քրիստոսի հարության մասին մեր առաջին խոսքին։

Պետք է իմանալ, որ Քրիստոսի հարությունը հաստատվում է տասը գլխավոր վկայություններով. նախ՝ մարգարեների, որոնք նախապես գուշակեցին այն, ինչպես ասում է Եսային. «Երկրի վրա վերջ տվին նրա կյանքին։ Տերը կամենում է մաքրել նրան վերքերից, ցույց տալ նրան լույսը, որ հարությունն է։ Դավիթ մարգարեն ասում է. «Նրա մարմինը չտեսավ ապականություն, և նրա հոգին չթողնվեց դժոխքում»։ Երկրորդ՝ հաստատվում է օրինակներով (ինչպես Հովնանը կետի փորում երեք օր ու գիշեր կենդանի մնաց և երեք օր հետո դուրս ելավ այնտեղից)։ Որ նշանակն է Քրիստոսի մարմնի, որը մեռած էր, գերեզմանում և կենդանի էր և երեք օրից հարություն առավ։ Դարձյալ՝ Մովսեսի ժամանակ վառվող մորենին, որը չէր այրվում, նույնպես նշանակն էր Քրիստոսի մարմնի, որը մեռած էր և կենդանի, որը ցույց են տալիս նաև Նրա կողից բխած ջուրն ու արյունը։ Երրորդ՝ Նա Ինքը, Իր մասին վկայելով, ասում է. «Ահա պիտի ելնենք Երուսաղեմ, և մարդու Որդին պիտի մատնվի և երեք օրից հարություն պիտի առնի»։ Չորրորդ՝ հրեշտակների խոսքերից, որոնք ասացին խնկաբեր կանանց. «Հիսուսի՞ն եք փնտրում՝ Նազովրեցի Խաչյալի՞ն։ Այստեղ չէ՛, այլ հարություն առավ»։ Հինգերորդ՝ կանանց վկայությունից, որոնք այդ մասին պատմեցին առաքյալներին, և նրանց խոսքերը անհիմն թվացին։ Ինչո՞ւ։ Որովհետև ոմանք ասացին, թե երկու հրեշտակներ տեսան, ոմանք՝ թե՝ մեկ հրեշտակ, ոմանք՝ մի երիտասարդի, իսկ ոմանք էլ, թե՝ շրջված վեմը տեսանք, ուրիշները, թե՝ մեր աչքի առջև շրջվեց վեմը. և այս խոսքերը սուտ էին թվում։ Եվ ոչ միայն սրանով էին խոսքերն իրար հակասում, այլ նաև երբ կանայք դաս-դաս չորս անգամ եկան գերեզման և այլևայլ տեսարանների հանդիպեցին, սակայն բոլորը միաբան հարության մասին էին ավետարանում։ Վեցերորդ՝ հաստատվում է նույն զինվորների կողմից, որոնք պահպանում էին գերեզմանը, որոնք մտնելով քաղաք՝ քահանաներին պատմեցին հարության մասին։ Նրանք թեև չէին կարող տեսնել Քրիստոսին, սակայն գերեզմանի շարժումից և հրեշտակների երևումից վախեցան և իմացան, որ Նա հարություն է առել։ Քանի դեռ վեմը կնքված էր, նրանք փութով գնացին ու պատմեցին, որպեսզի գան, տեսնեն և չպատժեն իրենց։ Իսկ երբ քահանաները լսեցին, նրանց շատ արծաթ տվեցին, որպեսզի ասեն, թե՝ «Նրա աշակերտները եկան և գողացան նրան, մինչ մենք քնած էինք»։ Ահա նաև նրանք են վկայում հարությունը, որոնց արծաթ տվեցին՝ չասելու այդ մասին։ Յոթերորդ՝ հաստատվում է սուրբ մեռելների կողմից, որոնք Քրիստոսի հետ հարություն առան գերեզմաններից և մտան սուրբ քաղաք։ Իսկ հարություն առած մեռելների մասին, թե նրանք դարձյալ մեռա՞ն, թե՞ ոչ, կարծիք կա վարդապետների մեջ. ոմանք ասում են, թե նրանք հարություն առան, որպեսզի վկայեն Քրիստոսի հարությունը, և վկայելուց հետո դարձյալ մեռան։ Իսկ ոմանք էլ ասում են, թե ընդունեցին իրենց հարությունը։ Ութերորդ՝ կնքված վեմից ու պատանքներից է հաստատվում. վեմից, քանի որ այն կնքված էր մատանիով, ամենևին տաշված չէր, և գերեզմանի վրա ծերպ կար, որի միջով տեսնում էին մարմինը, և պատանքներից, քանի որ գլխի վարշամակն առանձին ծալված և մի կողմ էր դրված, որ ցույց էր տալիս Նրա Աստվածության ամբողջովին ծածկված և զատված լինելը արարածների, այսինքն՝ հրեշտակների և մարդկանց մտքերից։ Իսկ մարմնի պատանքը՝ ոչ ամբողջովին ծալված և ոչ ամբողջովին պարզված, նշանակն էր Նրա մարդկային տնօրինության, որը թեպետև մարմնով երևում էր, սակայն խորհուրդն անիմանալի էր մնում բոլոր ստեղծվածների համար։ Նրա կոշիկների մի կապն անգամ, այսինքն՝ Նրա տնօրինության խորհուրդը, չէր կարող արձակել Հովհաննեսը։ Իններորդ՝ հաստատում են տեսնողների վկայությունները, որոնք մարմնավոր աչքերով տեսան հարություն առած Քրիստոսին։ Քանի որ նույն օրվա մեջ հինգ անգամ երևաց. նախ՝ Մարիամ Մագդաղենացուն, որի մասին պատմում է Հովհաննեսը։ Իսկ ի՞նչ պատճառով նախ կանանց երևաց. որովհետև մահաբեր գուժը կնոջ միջոցով մտավ մեր բնության մեջ, հարկ էր, որ մարդկությանը նրանով էլ լիներ կենաց և փրկության ավետիսը։ Երկրորդ՝ գերեզմանից վերադառնալիս՝ ճանապարհին, երևաց նաև այլ կանանց, որոնք, ինչպես պատմում է Մատթեոսը. «Ընկան Նրա ոտքերը և երկրպագեցին Նրան»։ Երրորդ՝ երևաց Պետրոսին, ինչպես ասում է Ղուկասը. «Երևաց Սիմոնին», իսկ Պողոսը կորնթացիների թղթում ասում է. «Երևաց նախ Կեփասին»։ Եվ այս՝ երկու պատճառով. որպեսզի Պետրոսը չհուսահատվի ուրացության պատճառով, և որպեսզի ցույց տա մեղավորների հանդեպ աստվածային ողորմածությունը։ Չորրորդ՝ Էմմավուսում երևաց երկու աշակերտներին, որի մասին պատմում է Ղուկասը։ Հինգերորդ՝ նույն երեկոյան փակված դռների միջով երևաց բոլոր աշակերտներին։ Տասներորդ՝ Քրիստոսի հարությունը ոչ միայն տեսնողների վկայություններից է հայտնի, այլև Իրենից՝ Քրիստոսից, քանի որ հարությունից հետո շոշափվեց Նրա մարմինը, Նա կերավ և խմեց աշակերտների հետ, խոսեց և ուղարկեց նրանց՝ մկրտելու, օրհնեց նրանց և նրանց աչքի առջև համբարձվեց երկինք։ Իսկ նրանք գնացին և քարոզեցին մեռելներից հարություն առած Քրիստոսին, որի հարության շնորհով փրկվեցինք մենք՝ բոլոր հավատացյալներս։

Իսկ նրանք, ովքեր ուրանում են Քրիստոսի հարությունը, մոլորեցնում են տասը տեսակի վնասներով, մանավանդ կորստյան տանող հերձվածներով։ Նախ՝ որովհետև հակառակվում են երևելի և հայտնի ճշմարիտ դեպքերին։ Երկրորդ՝ որովհետև սուտ են համարում մարգարեներին, որոնք հայտնեցին Քրիստոսի հարության մասին։ Երրորդ՝ ունայն են ցույց տալիս առաքյալների քարոզությունը, ինչպես ասում է Պողոսը կորնթացիների թղթում. «Եթե Քրիստոս հարություն չի առել, ապա իզուր է մեր քարոզությունը»։ Չորրորդ՝ որովհետև իրենք՝ ուրացողները ունայն են մնում Քրիստոսի հավատից և փրկությունից, ինչպես ասում է. «Իզուր է ձեր հավատը»։ Հինգերորդ՝ որովհետև ասում է. «Եվ Աստծո սուտ վկաները եղած կլինենք, քանի որ Աստծո մասին վկայեցինք, թե հարություն տվեց Քրիստոսին», ինչպես ասում է Պետրոսը Գործքում, «Ում որ դուք խաչեցիք, որին Աստված հարություն տվեց մեռելներից», իսկ Պողոսը հռոմեացիների թղթում ասում է. «Նրա Հոգին, ով մեռելներից հարություն տվեց Քրիստոսին, կբնակվի ձեր մեջ»։ Իսկ եթե որևէ մեկը հիմար մտքով կարծում է, որ եթե Հայրը հարություն տվեց, ապա այդ Որդու փոքրությունն է նշանակում, թող այդպիսին իմանա, որ եթե չղջիկը արևի լույսը չի տեսնում, այդ ոչինչ չի նշանակում արևի և պարզ տեսնողների համար։ Բայց աշակերտների ճշմարտությունը ցույց տանք սուրբ Կյուրեղից [օրինակ բերելով], որը «Պարապմանց գրքում» ասում է. «Սուրբ Գրքերն ու վարդապետները Երրորդությանը մի բնություն են ասում, մի կամք, և մի ներգործություն։ Եվ քանի որ այս են խոստովանում բոլորը, ուրեմն եթե ասվում է, թե Հայրը հարություն տվեց Հիսուսին, [նշանակում է] Ինքն Իրենով հարություն առավ։ Եվ եթե ասվում է, թե [Սուրբ] Հոգին հարություն տվեց Քրիստոսին, նույնպես նշանակում է, որ Ինքն Իրենով հարություն առավ, քանի որ միևնույն են Իր, Հոր և Սուրբ Հոգու ներգործությունը։ Դարձյալ՝ հարություն տալը Աստծո ամենակարող զորությանն է [հատուկ] և ոչ տկար մարդուն։ Ապա ուրեմն նրանք, ովքեր մեկ Քրիստոսին բաժանում են երկու բնությունների՝ երկու Որդու և երկու գործերի, նրանց համար դյուրին է ասել, թե այլ մեկն է հարություն տվել Հիսուսին, ինչպես Ղազարոսին՝ Քրիստոսը։ Եվ եղկելիներն ո՞ւր պիտի դնեն Հիսուսի՝ Իր աշակերտներին ասած խոսքը. «Ոչ ոքի չասեք ձեր տեսածի մասին, մինչև մարդու Որդին հարություն չառնի մեռելներից»։ Եվ թե՝ «Իշխանություն ունեմ դնելու իմ անձը և իշխանություն ունեմ վերցնելու այն»։ Եվ հրեշտակը գոչում էր վեմի վրա. «Խաչվածի՞ն եք փնտրում. Նա հարություն առավ»։ Այսքանը այս մասին։ Վեցերորդ՝ առաքյալն ասում է, թե ովքեր ուրանում են Քրիստոսի հարությունը, «տակավին նույն մեղքի մեջ են մնում», այսինքն՝ եթե Քրիստոս հարություն չառավ, նաև չմեռավ, ոչ էլ մեղքը վերցրեց, մահը ջնջեց և դժոխքն ավերեց։ Յոթերորդ՝ ովքեր ուրանում են հարությունը, նրանք նաև Հիսուսին մարդացած և Կույսից ծնված չեն խոստովանում, քանի որ նրանք չեն հավատում այն բանին, ինչի համար Հիսուս մարդանալով՝ ծնվեց և շրջեց մեր մեջ։ Ուրեմն և սուտ են համարում ավետարանիչներին, որովհետև ովքեր գրեցին Նրա հարության մասին, գրեցին նաև ծնվելու մասին։ Ութերորդ՝ ովքեր ուրանում են Քրիստոսի հարությունը, ուրանում են նաև մեր մկրտությունը. մենք Քրիստոսի մահվամբ ենք մկրտվում, Նրա հետ թաղվում ենք, որպեսզի Նրա հարությանն էլ հաղորդ լինենք։ Քանի որ երեք անգամ ջրում ընկղմելը Տիրոջ երեքօրյա թաղման և հարության նշանակն է։ Իններորդ՝ նրանք չեն հավատում նաև Քրիստոսի երկրորդ գալստյանը, քանի որ ովքեր ուրանում են Նրա հարությունը, նրանք չեն հավատում նաև Նրա համբարձվելուն, նույն մարմնով Հոր աջ կողմում նստելուն, Հոր փառքով գալստյանը և արդար Դատաստանին։ Տասներորդ՝ Քրիստոսի հարությունը մերժողների հերձվածի մոլորությունն այն է, որ մերժում են ե՛ւ հավիտենական կյանքը, ե՛ւ սուրբերի երանությունը։ Այսքանը Քրիստոսի հարության մասին։

Այժմ, ինչպես խոստացանք, խոսենք հասարակաց հարության մասին։ Այստեղ երեք բան կա մեր առջև. նախ՝ վկայությամբ հաստատել մեռելների հարությունը, երկրորդ՝ ցույց տալ հերձվածների վտանգավորությունը, երրորդ՝ փոքր-ինչ խոսել, թե ինչպիսին է լինելու հարությունը, որով և կավարտենք մեր խոսքը։ Պետք է իմանալ, որ մեռելների հարությունը հաստատվում է բազում վկայություններով. նախ այսպես՝ եթե կա մարդկային արդարություն, կա և Աստծո արդարություն։ Եթե կա քաղաքական արդարություն, որով պատժում են չարերին և պատվում արդարներին, ապա ուրեմն կա նաև Աստծո արդարություն, իսկ արդարության գործն է արժանապես հատուցումը, ապա ուրեմն կա այլ կյանք, որում պիտի հատուցվի մեղքով հաջողածներին և նրանց, ովքեր վտանգվում են այս կյանքում։ Սակայն եթե մեռելները հարություն չառնեն, նրանց չի հատուցվի, ուրեմն կա՛ մեռելների հարություն։ Երկրորդ՝ որովհետև մարդու հոգին անմահ է. սա ցույց տանք երկու կերպով. նախ՝ ըստ փիլիսոփայի՝ հոգին ինքնաշարժ է, ինքնաշարժը մշտաշարժ է, մշտաշարժն անմահ է։ Դարձյալ՝ ամեն մի ապականություն ներհակներից է [առաջ գալիս], ինչպես ջերմությունից ու ցրտից. թեպետ մարմինն էությամբ ներհակների ընդունարան է, իսկ բանական հոգին էությամբ աններհակ է, ուրեմն՝ անմահ և անապական է։ Եվ որովհետև հոգին ու մարմինը միասին են գործում բարիք կամ չարիք, ապա ուրեմն կա՛ նաև մարմնի հարություն, որպեսզի նրանց միասին հատուցվի կատարած գործերի համար։ Քանի որ եթե հոգին առանց մարմնի պսակվի կամ պատժվի, այդ Աստծո անիրավություն կհամարվի։ Երրորդ՝ փիլիսոփաներն ասում են, թե մարդը կատարելություն է, իսկ եթե մարդը հարություն չառնի, անկատար կլինի աշխարհը, քանի որ աշխարհի կատարելությունը երեք արարածների մեջ է՝ պարզ, անմարմին գոյացությունների, ինչպիսիք են հրեշտակները, ամենևին անմարմինների, որոնք չորս տարերքներն են, և անմարմին և մարմնավոր [գոյացություններից] բաղկացածների, որոնք մարդիկ են։ Ապա ուրեմն՝ հարկ է, որ մարմինները հարություն ունենան, որպեսզի աշխարհը կատարյալ մնա։ Չորրորդ՝ նույն Սուրբ Գրքի վկայություններից է հայտնի։ Ինչպես ասում է Եսային. «Մեռելները հարություն կառնեն, վեր կկենան նրանք, ովքեր դրված են գերեզմանում»։ Եվ Հոբն ասում է. «Գիտեմ, որ հավերժական է նա, ով երկրի վրա պիտի փրկի ինձ՝ հարություն տալով մարմնիս»։ Իսկ Եզեկիելը տեսավ ոսկորների բազմությունը, որոնք կենդանացան։ Ավետարանն ասում է. «Կգա ժամանակ, երբ մեռելները կլսեն Աստծո Որդու ձայնը և դուրս կգան»։ Պողոսն ասում է. «Փողը կփչի, և ի Քրիստոս մեռածները հարություն կառնեն»։ Հինգերորդ՝ մեր հարությունը հաստատվում է Քրիստոսի հարությամբ, որը գերեզմանից հարություն առավ՝ մեզ բնութենակից լինելով, «և եղավ անդրանիկը մեռելներից և ննջեցյալների առաջին պտուղը»։ Վեցերորդ՝ նրանց իսկ, ովքեր աշխարհի համար մեռան և Քրիստոսի հետ պիտի կենդանանան, հույսից և առաքինությամբ [այս աշխարհից] ելքից, ոմանք սրի մահվամբ. ոմանք մարմնի ճգնությամբ և զանազան նեղությունների համբերելով և անձուկ ճանապարհով գնալով ելան այս աշխարհից։ Որի համար էլ առաքյալն ասում է. «Ինչո՞ւ ենք մենք ամեն ժամ ճգնում և հանապազ մեռնում, եթե մեռելներն արդարև հարություն չեն առնելու»։ Յոթերորդ՝ նրանց խոստացված բարիքներից, ըստ առաքյալի՝ «Որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, այն պատրաստեց Աստված Իրեն սիրողների համար»։ Եվ Տերն ասում է. «Ուր ես եմ, այնտեղ նաև իմ պաշտոնյան կլինի»։ Մեկ այլ տեղում՝ «Կուտեք և կխմեք իմ արքայության մեջ», և թե՝ «Այստեղ հարյուրապատիկ կստանա և հավիտենական կյանքը կժառանգի»։ Ութերորդ՝ Քրիստոսով մկրտությունից. հարության հույսով մենք նրա հետ թաղվում ենք մահվամբ, ինչպես ասում է. «Տնկակից եղանք նրա մահին, որպեսզի նաև հարության ժամանակ նրա հետ լինենք»։ Ինչպես բնի վրա պատվաստված ոստայնը բնից է ստանում կենդանություն, նաև մենք՝ հավատացյալներս, պատվաստվեցինք Նրա մահվանը, և մեր կյանքը ծածկված է Քրիստոսով Աստծո մեջ», ասում է առաքյալը։ Իններորդ՝ ողորմություն, աղոթքներ և պատարագներ անողներից. հետնորդներն ու հասարակաց Եկեղեցու անդամները մեղքերի պատճառով անում են այդ ամենը, ըստ այն խոսքի, որ ասում է Հակոբոսը. «Արդարների աղոթքը հույժ զորավոր է և օգնում է»։ Ինչպես Ղազարոսի քույրերի աղաչանքը իրենց եղբոր համար, այնպես էլ ամեն մի աղաչանք և տուրք հարության հույսի պատճառով է։ Տասներորդ՝ մեր հարությունը հաստատվում է նույն օրինակով, որ տալիս է առաքյալը, որն ասում է. «Քանի որ Աստծո աներևույթը երևելի արարածներովս է իմացվելով՝ տեսնվում»։ Ապա ուրեմն նաև սերմերի ապացույցով է հաստատվում նաև մեռելների հարությունը, ինչպես ասվում է կորնթացիներին. «Անմի՛տ, սերմանածդ չի կենդանանա, եթե չմեռնի»։ Եվ երեք պատճառով է սերմերն օրինակ բերում. նախ՝ որովհետև բոլորին են հայտնի դրանք՝ ամեն տեղ լինելով, երկրորդ՝ որովհետև նաև իր Վարդապետը բերեց ցորենի հատիկի օրինակը, երրորդ՝ որովհետև այն ճշմարտության համար ամենահարմար օրինակն է։ Իսկ այս օրինակը առավել է տասը պատճառով։ Նախ՝ քանի որ սերմանվում է և ապա՝ բուսնում, այսպես նաև մարդն է նախ մեռնում, ապա՝ կենդանանում, ինչպես առաքյալն է ասում. «Սերմանածդ չի բուսնի, մինչև չմեռնի»։ Երկրորդ՝ քանի որ որպես մեկ հատիկ ընկնում է և բուսնում ծաղկած և տերևներով զարդարված, այնպես էլ մերկ մարմինը, մեռնելով, մերկ հարություն չի առնում, այլ փառքով, ինչպես նույն գլխում է ասվում. «Թե պետք է, որ այս ապականացուն անապականություն հագնի, և մահկանացուն՝ անմահություն»։ Երրորդ՝ ինչպես նույն հատիկը սերմանվելով՝ նո՛ւյն հատն է բուսնում՝ ըստ իր տեսակի, նաև մեռած մարմինը նույն ինքն է հարություն առնում, ոչ թե մեր նմանը՝ ըստ մեր տեսակի, ինչպես ասվում է. «Մենք բոլորս պիտի կանգնենք Աստծո առջև, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ընդունի, ինչ որ գործեց»։ Չորրորդ՝ քանի որ այլևայլ ժամանակներում են սերմանվում և մի ժամանակում վախճանվում, նաև Ադամից հետո մեռած մարմինները հանկարծակի մի ակնթարթում վերջին օրը փողի ձայնից կարթնանան», և Տերն ասում է. «Կգա ժամանակ, երբ բոլորը, որ գերեզմանում են, կլսեն Աստծո Որդու ձայնը և դուրս կելնեն»։ Հինգերորդ՝ քանի որ նախ ծաղկում, ապա պտուղ են տալիս. ծաղիկը պտղի նախաշավիղն ու կարապետն է, իսկ մեռյալները, մինչև հարություն չառնեն, փառք չեն ստանա. սակայն արդարների հոգիները, որոնք մաքրվեցին սուրբ կենցաղով, ծաղկում են իրենց բնական պայծառությամբ։ Վկա ունենք մեծն Անդրեասին՝ Հովհաննեսի տեսիլքը մեկնողին, որն ասում է. «Սպիտակ հագուստները նրանց ծաղկած առաքինության պայծառությունն են ցույց տալիս՝ մարմնի թանձրությունից հետո փոխվելով, որ հագել են նախքան խոստացված փառքերը և հանգստանում են Աստծո մոտ, ինչպես լսեցինք, և ճշմարիտ է հանգստանալը ախտավոր կրքերի թանձրությունից ազատվածների և Աստծո մոտ եղողների, սակայն նրանք դեռևս չեն ընդունել փառքերը, մինչև երկրորդ սքանչելի գալուստը։ Դարձյալ ասում է. «Սպիտակ հանդերձը, որ հագել են, Քրիստոսի շնորհների մաքրությունն է, որից բոլորս վայելեցինք, ինչպես ասում է. «Երբ հոգին սրբվում է, ընդունում է բնական պայծառությունը»։ Վեցերորդ՝ քանի որ ոմանք առատապտուղ են, ոմանք՝ սակավապտուղ, իսկ ոմանք էլ՝ անպտուղ։ Այսպես էլ ընտրյալների մարմիններն են զանազանվում ըստ [գործերի] մեծության։ Յոթերորդ՝ քանի որ ոմանք ջրարբի են, ոմանք՝ անջրդի, ջրարբի նրանք են, ովքեր մեռել են հավատով և հույսով, և Եկեղեցին նրանց հիշատակությունը կատարում է պատարագի ժամանակ, պահքով, աղոթքով և ողորմություն անելով։ Իսկ անջրդին անհույս մեռածներն են։ Ութերորդ՝ քանի որ բարի և չար սերերը միասին են բուսնում և մնում մինչև հունձքը, մինչև իսկ՝ մինչև կալը՝ ըստ Տիրոջ առակի։ Նմանապես և մեռած մարմինները մնում են հողում, իսկ բոլոր հոգիները՝ իրենց կայաններում. թեպետև Աստծո քաղցր ակնարկությամբ կամ սպառնալիքով արդարներն ու մեղավորները աջ և ձախ խորաններում են լինում, սակայն բաժանումը հարության Օրն է լինելու, քանի որ Տերն ասում է. «Այն ժամանակ պիտի բաժանվեն»։ Իններորդ՝ քանի որ բոլոր սերմերը բուսնելով և նույն հասակի, այսինքն՝ իրենց կատարելությանը հասնելով են հնձվում։ Այսպես նաև բոլոր ննջեցյալները՝ ծեր թե մանուկ, հարություն պիտի առնեն նույն՝ կատարյալ հասակի չափով՝ երեսնամյա։ Քանի որ մանուկը անկատար է, դեռ չի հասել կատարելության, նույնպես էլ ծերն է անկատար, քանի որ անցել է կատարյալ [տարիքից], իսկ միջինը՝ երիտասարդությունը, կատարյալ հասակ է։ Այդ հասակում ստեղծվեց մեր նախահայր Ադամը, հարություն առավ մեր Տերը, ինչպես Պողոսն է ասում եփեսացիներին. «Մինչև բոլորս հասնենք կատարյալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը»։ Տասներորդ՝ ինչպես հատիկը սերմանվելուց, բուսնելուց, չարչարվելուց և հրի միջով անցնելուց հետո է, սեղան դրվելով, պատվվում, այնպես էլ մեռելների հարության օրը պիտի ընտրվեն, երբ հրով հայտնի պիտի դառնան փայտը, խոտը, եղեգը, այսինքն՝ մեղավորները, որոնք այնտեղ պիտի մնան, և ոսկին, արծաթը, ակները, որ արդարներն են, և որոնք ավելի պիտի պայծառանան. և ապա «պիտի բազմեն երկնավոր Հոր սեղանին»։

Մեզ մնաց խոսել այն հերձվածողների անօրինությունների մասին, ովքեր ուրանում են, թե մարդիկ մեռելներից հարություն պիտի առնեն։ Նախ՝ նրանք հակառակվում են աստվածային կամքին. Աստված Իր ձեռքով այնպիսի մարմին ստեղծեց՝ խառնելով այն անմահ հոգու հետ, որը հարմար լինի հարություն առնելու համար։ Երկրորդ՝ սուտ են համարում Աստվածաշունչ բոլոր Գրքերը, որոնք վկայում են մարդկանց հարությունը (այն, որ Տերն ասում է, թե օրենքից մի նշանախեց անգամ չի ընկնի)։ Երրորդ՝ այդպիսով նաև Քրիստոսի հարությունն են ուրանում, ինչպես ասում է Պողոսը կորնթացիների թղթում. «Եթե չկա մեռելների հարություն, ապա նաև Քրիստոս հարություն չառավ»։ Չորրորդ՝ զուր և ընդունայն են ցույց տալիս արդարների բոլոր ջանքերը, ճգնություններն ու չարչարանքները, քանի որ եթե չկա հարություն, ապա Աստված չի հատուցի նրանց։ Հինգերորդ՝ ունայն են դարձնում Աստծո արդարությունը, թե Աստված մյուս կյանքում չի հատուցելու նրանց, ովքեր մեռան։ Վեցերորդ՝ մարդիկ, լսելով, որ չկան հարություն, դատաստան և դժոխքի սպառնալիք, սանձարձակորեն մեղքերի մեջ կընկնեն ու կմնան։ Յոթերորդ՝ այն խոսքերը, թե չկա հարություն, և ոչ՝ երկնքի արքայության փառքի հույս, ինչպես առասպելաբանում էին լակոնացիները՝ ասելով. «Ուտենք, խմենք, քանի որ վաղը պիտի մեռնենք», շատերին հուսահատության և կորստյան կմատնեն։ Ութերորդ՝ տկար են համարում Աստծո անչափելի զորությունը, որ եթե ոչնչից գոյացրեց բոլոր էակներին, կարո՛ղ է նաև մեռելներին կենդանացնել հողից։ Իններորդ՝ նրանք չգիտեն Աստծո ամենակարող իմաստությունը, որ տնօրինում է ամեն բան ամեն բանում, ինչպես նրանց մասին ասում է կորնթացիների թղթում. «Ոմանք չունեն Աստծո ճանաչումը. համոթ ձեզ եմ ասում այս»։ Տասներորդ՝ ովքեր ուրանում են հարությունը, որ աշխարհի վերջն է, նրանք ուրանում են նաև այս աշխարհի սկիզբն ու արարումը, այնպես են համարում, թե արարածներն իրենք իրենց են եղել, մանավանդ դառն ու դաժան մտքով կարծում են, թե Աստված չկա, որոնց այպանում է մարգարեն՝ ասելով. «Անզգամն իր մտքում ասաց, թե՝ Աստված չկա»։ Մեկն ասում է՝ ովքե՞ր են դրանք, եթե ոչ նրանք, ովքեր թեպետև խոսքով խոստովանում են, սակայն իրենց չար գործերով և մեղսամակարդ անձերով ուրանում են հարությունն ու հավիտենական կյանքը։ Նրանցից՝ դեպի կորուստ տանող այդպիսի չար հերձվածներից, թող փրկի մեզ Քրիստոսը և Իր հարության շնորհով թող արժանացնի այն բանին, ինչին հուսում և հավատում ենք ի Տեր մեր Հիսուս Քրիստոս, որին Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

 ————————————————-

Աշխարհաբար թարգմանությունը Մարթա Արաբյանի
-----------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

 

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ