Քառասնօրյա պահքի Զ. կիրակի (Գալստյան կիրակի)

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Գալստյան կիրակի (Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան),

«Հիսուսի Երկրորդ գալուստը» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 21. 5-38

Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարուած, նա ասաց. «Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի»: Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ այդ պատահելու լինի»: Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն թէ՝ ես եմ Քրիստոսը, եւ թէ՝ ժամանակը մօտեցաւ. նրանց յետեւից չգնաք: Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»: Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. եւ մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից: Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները: Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է: Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները: Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ: Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները: Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով: Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»: Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը: Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի: Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը, որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին: Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»: Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց: Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար:

Եսայի մարգարե, 66. 1-24

Այսպէս է ասում Տէրը. «Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը: Ի՞նչ տուն պիտի շինէք ինձ համար, – ասում է Տէրը, – եւ կամ իմ հանգստեան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի: Չէ՞ որ այդ ամէնն իմ ձեռքը պատրաստեց, եւ ամէն ինչ իմն է, – ասում է Տէրը. – ու ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խօսքից: Բայց անօրէնը, որ ինձ եզ է զոհաբերում, նոյնն է, թէ մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նոյնն է, թէ շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալիւր է ընծայաբերում, նոյնն է, թէ խոզի արիւն է թափում, իսկ նա, որ յիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նոյնն է, թէ հայհոյում է: Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները եւ իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին: Ու ես պիտի բռնեմ նրանց խաբէութիւնները եւ հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետեւ կանչեցի, բայց ինձ չլսեցին, խօսեցի, բայց ականջ չդրին, չարիք գործեցին իմ առաջ եւ ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»: Տիրոջ պատգամնե՛րը լսեցէք դուք, որ դողում էք նրա խօսքերից: Ո՛վ մեր եղբայրներ, խօսեցէ՛ք ձեր ատելիների եւ ձեզ զզուանք պատճառողների հետ, որպէսզի փառաւորուի Տիրոջ անունն ու այն յայտնուի ձեր ուրա խութեան ժամին, եւ նրանք ամաչեն: Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին: Քանի դեռ յղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցաւերը չէին հասել, նա ազատուեց, եւ ծնուեց մի արու զաւակ: Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մէկ օրում ծննդաբերի, եւ միանգամից մի ամբողջ ազգ ծնուի. քանզի Սիոնը երկունքի ցաւով բռնուեց եւ ծնեց իր մանուկներին: «Ե՛ս տուեցի քեզ այդ յոյսը, բայց դու ինձ չյիշեցիր, – ասում է Տէրը. – մի՞թէ ես չստեղծեցի ամուլին եւ ծննդկանին», – ասում է քո Աստուածը: Ուրախացի՛ր, Երուսաղէ՛մ, եւ դուք էլ հաւաքուեցէ՛ք, որպէսզի ցնծաք նրա մէջ. ամէնքդ էլ, որ սիրում էք նրան եւ սուգ էք մտել նրա համար, խնդացէ՛ք եւ ուրախացէ՛ք միասին: Պիտի սնուէք ու յագենաք նրա մխիթարող ստինքներից եւ կուշտ ու պինդ վայելք պիտի առնէք նրա գալիք փառքից: Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը՝ ինչպէս գետ եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց: Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարուէք Երուսաղէմում: Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր ծաղկեն, ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի խայտան»: Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին եւ սպառնայ անհաւատներին: Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումը եւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը, քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, եւ ամէն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից: «Նրանք, որ իրենց սրբում եւ մաքրում են իրենց պարտէզների ու սրահների մէջ, որ ուտում են խոզի միս, պիղծ բաներ եւ մուկ, միասին պիտի բնաջնջուեն, – ասում է Տէրը:

– Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպէսզի հաւաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը: Նրանց վրայ նշան պիտի թողնեմ: Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ, Մոսոք եւ Թոբէլ, դէպի Հելլադա եւ հեռաւոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ: Եւ ինչպէս որ Տիրոջ Տանն Իսրայէլի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նուէրները, նրանք բոլոր ազգերից Երուսաղէմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծայ պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրայ հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ, – ասում է Տէրը:

– Եւ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղեւտացիներ, – ասում է Տէրը:

– Ինչպէս որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ, – ասում է Տէրը, – այդպէս մնալու է եւ ձեր սերունդը: Եւ այնպէս պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ իւրաքանչիւր անձ պիտի գայ Երուսաղէմում իմ առաջ երկրպագելու, – ասում է Տէր Աստուածը:

– Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդէպ յանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, նրանք յայտնի պիտի լինեն բոլոր մարմնաւորներին»:

Պողոս Առաքյալի նամակը կողոսացիներին, 2. 8 – 3. 17

Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ. քանի որ նրա մէջ է բնակւում Աստուածութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս: Դուք էլ էք լցուած նրանով, որ գլուխն է ամէն իշխանութեան եւ պետութեան. նրանով դուք անձեռագործ թլփատութեամբ թլփատուեցիք հաւատով՝ մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլփատութեամբ. թաղուելով նրա հետ մկրտութեան մէջ՝ դրանով իսկ նրա հետ յարութիւն առաք Աստծու զօրութեանը հաւատալով, որը նրան յարութիւն տուեց մեռելներից: Եւ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլփատութեան մէջ, կենդանացրեց իր հետ: Նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները եւ ոչնչացրեց հրամաններով հաստատուած այն պարտամուրհակը, որ մեր դէմ էր, վերացրեց այն մէջտեղից եւ մեխեց խաչափայտին: Իշխանութիւններին եւ պետութիւններին զինաթափ արեց, հրապարակաւ խայտառակեց՝ նրանց պարտութեան մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա յարութեամբ: Ուրեմն, թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տօնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, որոնք գալիք բաների ստուերներն են. բուն մարմինը Քրիստոսն է: Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է, խոնարհ ձեւանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով: Այդպիսին չի կարող կապուած լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը, յօդերով եւ յօդակապերով հաղորդակցուած եւ միակցուած, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է: Եթէ մեռաք Քրիստոսի հետ եւ այս աշխարհի տարերքի իշխանութիւնից դուրս եկաք, էլ ինչո՞ւ աշ խարհում ապրող էակների նման հետեւում էք կանոններին՝ ասելով. Մի՛ մօտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր, քանի որ այդ բոլորը, գործածուելով, ապականւում են՝ ըստ մարդկանց պատուիրանների եւ վարդապետութեան: Նրանք կարող են իմաստուն ձեւանալ իրենց ինքնակամ կրօնով, խոնարհութեամբ եւ իրենց մարմնի խստակեցութեամբ. բայց այդ բոլորը մարմնական ցանկութիւնները զսպելու համար ոչ մէկ արժէք չեն ներկայացնում:

Եթէ յարութիւն առաք Քրիստոսի հետ, ապա փնտռեցէ՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը: Վերի՛ն բաների մասին խորհեցէք եւ ո՛չ թէ այն, որ այստեղ՝ երկրի վրայ է, քանզի մեռած էք, եւ ձեր կեանքը պահուած է Քրիստոսի հետ՝ Աստծու մօտ: Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կեանքը, յայտնուի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կը յայտնուէք փառքով: Սպանեցէ՛ք ուրեմն ձեր երկրաւոր ցանկութիւնները. դէ՛ն գցեցէք պոռնկութիւն, պղծութիւն, յոռի կրքեր, չար ցանկութիւն եւ ագահութիւն, որ կռապաշտութիւն է: Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրայ գալիս է Աստծու բարկութիւնը: Դուք էլ էիք մի ժամանակ ընթանում այդ մեղքերով, երբ ապրում էիք դրանց մէջ: Այժմ դուք եւս թօթափեցէ՛ք այդ բոլորը՝ բարկութիւն, զայրոյթ, չարութիւն, հայհոյութիւն եւ խեղկատակութիւն՝ ձեր բերաններից: Մի՛ ստէք միմեանց. հանեցէ՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով եւ հագէ՛ք նորը, այն, որ նորոգուած է գիտութեամբ, ըստ իր Արարչի պատկերի. այլեւս չկայ հրեայ, ոչ էլ հեթանոս, թլփատութիւն եւ անթլփատութիւն, բարբարոս, սկիւթացի, ծառայ, ազատ, այլ՝ Քրիստոս, որ ամէն ինչ է ամէն բանի մէջ: Որպէս Աստծու ընտրեալներ, սրբեր եւ սիրելիներ, հագէ՛ք, ուրեմն, գութ, ողորմութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, համբերատարութիւն՝ հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզ, նոյն ձեւով արէ՛ք եւ դուք: Եւ այս բոլորի վրայ հագէ՛ք սէրը, որ կապն է կատարելութեան: Եւ ձեր սրտերում թող հաստատուի Քրիստոսի խաղաղութիւնը, որին եւ կոչուեցիք մէկ մարմնով. եւ գոհութի՛ւն մա տուցեցէք: Թող Քրիստոսի խօսքը բնակուի ձեր մէջ առատապէս, որ կատարեալ իմաստութեամբ ուսուցանէք եւ խրատէք միմեանց՝ սաղմոսներով, օրհներգութիւններով, հոգեւոր երգերով եւ երախտագիտութեամբ օրհնելով ձեր սրտերում Աստծուն: Եւ ինչ որ անէք խօսքով եւ գործով, բոլորն արէ՛ք Տէր Յիսուսի անունով. գոհութի՛ւն մատուցեցէք նրանով Աստծուն եւ Հօրը:

Ավետարան ըստ Մատթեոսի, 22. 34 – 23. 39

Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը: Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»: Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»: Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»: Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:

Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. «Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում: Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք: Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը: Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ: Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք: Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է: Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը: Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի: Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում: Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել: Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին: Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել: Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան: Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է: Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ: Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել: Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ: Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ: Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ: Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. «Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»: Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին: Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը: Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ: Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք: Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† Զ. կիր. Քառասնորդական Պահոց (Գալստեան)։

Ի տեղի Հանգըստեան շարականի՝ Այսօր անճառ եւ Տարածեալ։ Աւտրն. Խաչելութեան։ Ետուն ըմպել։ Երգ՝ Տրտմահաղորդ։ Օրհ. բձ. Որ զխորհուրդ, իւր սարօքն։ Ժմտ. Առաջի պատուական։ Ճշ. շրկ. բձ. Որ զխորհուրդ։ Սրբ. Ով է որպես: Հմբ. բձ. Ըստ աւետեաց։ Քրզ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա։

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ