Վշտակիր Հիսուս

«Եւ նոքա առեալ տանէին զՆա. եւ բարձեալ էր Ինքնին զխաչափայտն, եւ ելանէր ի տեղին, որ անուանեալ էր Գագաթան եւ կոչէր եբրայեցերէն Գողգոթա»

(Յովհ. ԺԹ 17)

Պատահում է երբեմն, որ մարդկային կեանքի խորագոյն եւ լաւագոյն իմաստը յանկարծ պարզում է ու յայտնագործում մի պատահական դէպք, մի որեւէ գործ եւ կամ որեւէ ապրում: Սակայն այս երեւոյթը պատահում է ո՛չ սովորական, այլ արտակարգ անհատների հետ, որոնք ծնուել են որոշ կոչումով եւ օժտուած՝ բնատուր ձիրքերով:

Այսպիսի տաղանդաւոր եւ հանճարեղ անհատների կեանքը մի ուժգին մաքառումն է սկզբում անորոշ եւ աղօտ մի արժէքի՝ մի թանկագին մարգարտի համար, որ սակայն ապագայում հետզհետէ պարզւում եւ որոշւում է եւ կազմում նոցա կեանքի ու գոյութեան իմաստը:

Մեծ մարդոց զարթնումի այս ապրումները յաճախ պատմութեան մէջ դարաշրջաններ են կազմում: Թարմ ոյժի նոր հոսանք է սկսւում, մարդկային հոգիների մէջ թարմ գիտակցութիւն է ծնունդ առնում, եւ այդ թարմ ոյժն ու գիտակցութիւնը դառնում են գալիք սերնդի հոգեւոր սնունդն ու դաստիարակը:

Փրկչի կեանքի մէջ էլ կայ այդ մոմենտը. եւ այդ մոմենտը Նրա չարչարանքներն են: Այն օրն ու գիշերը, երբ Նա հոգով ու մարմնով մաքառում էր կորստաբեր ոյժերի դէմ, այդ այն մոմենտն էր, երբ Յիսուս Իր ամբողջ էութեամբ հաւաստիացաւ Իր ապրումների ճշմարտութեան մէջ, որ դարձաւ Նրա իդէալը եւ որով տիեզերական պատմութեան մէջ նոր էջ մուծեց:

Չարչարանաց պատմութեան մէջ էլ կարելի է մատնանշել մի պատկերի վրայ, որով Յիսուսի չարչարանաց իմաստը պարզ եւ զօրեղ է ընդգծուած. մի պատկեր, որ մեր մէջ անջնջելի է մնացել եւ կը մնայ, եւ որ Յովհաննէս աւետարանիչը երկու խօսքով է արտայայտել. «Եւ բարձեալ էր Ինքնին զխաչափայտն»:

Մարդկութիւնը Յիսուսին անարգական մահուան դատապարտելուց յետոյ Նրան փառաց ի փառս բարձրացրեց, Նրան աստուածային յայտնութիւն համարեց, պատկերը սրբավայրերում կախեց, անունը հոգեւոր երգերով ու աղօթքներով փառաբանեց, դարեր շարունակ Նրա առաջ ծունր իջաւ եւ որպէս Աստուած պաշտեց: Սակայն այս բոլորը, որ մարդկութիւնը ստեղծեց Նրա անձի փառաբանութեան համար, անկարող եղաւ ջնջել եւ ոչ իսկ նսեմացնել այն պարզ ճշմարտութիւնը, որ Նրա կեանքի անմիջական արձագանքն է եւ որ կազմում է Նրա կեանքի իմաստն ու բովանդակութիւնը. «Եւ բարձեալ էր Ինքնին զխաչափայտն»:

Մարդիկ շատ բան են ուսել Փրկչից. Նրա հրապարակային գործունէութիւնը, որքան էլ կարճատեւ է, եւ որքան էլ սեղմ ու համառօտ նրա աւետարանական նկարագրութիւնը, սակայն եւ այնպէս պարունակում է խոր մտքեր եւ դաստիարակիչ պատկերներ: Բայց այդ պատկերներից եւ ոչ մէկը մարդու համար այնքան տպաւորիչ, այնքան նշանակալից եւ սիրտ յուզող ու մնայուն չէ, որքան այն պարզ պատկերը թէ՝ «Եւ բարձեալ էր Ինքնին զխաչափայտն»: Այդ պարզ, բայց խորիմաստ խօսքերն ըմբռնել կարող ենք, երբ փորձենք մեր կեանքը վերլուծել եւ մեր կեանքով հասկանալ նաեւ Փրկչի կեանքի այդ մոմենտը: Խաչ, տանջանք՝ աղօտ ու մշուշապատ, բայց ծածանւում է ամէն գոյութեան եւ կեանքի վրայ՝ նորանոր ձեւերով ու պատկերներով: Ինչպէս ամպերը երկնքի երեսին միշտ փոփոխուելով կազմում են նոր ձեւեր ու կերպեր՝ մերթ լուսաւոր, մերթ գորշ ու մութ, եւ երբեք չեն անյայտանում, այլ ընդհատումներով միշտ բարձրանում են մեր տեսողութեան հորիզոնի սահմաններից եւ կանգնում մեր եւ բաց երկնքի մէջ, այսպէս էլ խաչն է միշտ ծածանւում մարդկային կեանքի վրայ միշտ նոր ձեւերով, միշտ նոր կերպերով: Քանի մարդ ներքնապէս ամփոփւում ու խորանում է, այնքան աւելի պարզ է տեսնում եւ ըմբռնում այս ճշմարտութիւնը:

Հազարաւոր տարիներ առաջ Գանգէս գետի ափին նստած էր մի հնդիկ ճգնաւոր, որ իր հոգու աչքերը յառած կեանքի թատերաբեմի վրայ՝ տարուած էր կեանքի իմաստը հասկանալու որոնումներով, երբ յանկարծ դուրս թռաւ նրա բերնից թէ՝ «Կեանքը տանջանք է»:

Արաբիայի անապատի մի բուսավայրում (օազիսում)՝ սեփական կալուածների աւերակների ու փլատակների առաջ, գլխին վայ տալով՝ նստած էր Յոբը՝ աշխարհի մեծ համբերատարը՝ հոգով ու մարմնով հիւանդ, աշխարհի ունայնութեան համոզումը դրոշմած իր սրտում. «Ո՞չ ապաքէն պատերազմ է կեանք մարդոյ ի վերայ երկրի եւ իբրեւ աւուրք վարձկանի աւուրք նորա…» (հմմտ. Յովբ Է 1): Եւ այս տանջանքի մելամաղձոտ ձայնը հնչել է ամբողջ տիեզերական պատմութեան ընթացքում ամէն տեղ, մինչեւ մեր օրերը, երբ գերման խորիմաստ իմաստասէրներից մէկը (Շոպենհաուէր) նոյնն արտայայտում է կրակոտ ու զարհուրելի ձեւով. «Եթէ կեանքի էական ու անմիջական նպատակը տանջանքը չէ,- ասում է նա,- աշխարհի մէջ մեր գոյութիւնը անիմաստ է, որովհետեւ դժբախտութիւնը կեանքի օրէնք է»:

Այս խօսքերը չափազանցութիւն չեն, այլ կեանքից առած ճշմարտութիւն. ով թերահաւատում է, թող ստուգէ: Թող մտնէ, խնդրեմ, մի բանտ, հոգեկան հիւանդների մի տուն, ինչե՜ր ասէք չի տեսնի այնտեղ. կամ թէ անցնի մեծ քաղաքի մարդաշատ փողոցներից մէկով եւ դիտէ անցորդների դէմքերի դառնութեան, չարութեան, վշտերի եւ հիւանդութեան դաժան արտայայտութիւնը. արդեօք կը կարողանա՞յ գոնէ մի ժամ տանել այդ դժոխային պատկերը:

Բարեպաշտ եղբայրնե՛ր եւ քոյրեր, խաչն ամենուրեք կայ. իւրաքանչիւր անհատ եւ ժողովուրդ իւրատեսակ խաչ ունի: Նա կայ դուրսը՝ մեր շուրջը, նա կայ ներսը՝ մեր մէջը. նա անբաժան անդամ է մեր ընտանիքի, ինչպէս եւ մեր սրտի. զուր է փորձել ազատուել նրանից. նա միշտ եղել է եւ կը լինի: Մարդկային կեանքի մէջ խաչը, որ վշտերի խորհրդանշան է, միշտ գոյութիւն է ունեցել. եւ այդ փաստն է, որ մարդոց մէջ երկիւղի զգացմունքն է զարթեցրել գերբնականի առաջ: Կրօնը սկզբնապէս երկիւղն է եղել այն էակի հանդէպ, որ կեանքի խաչն է ուղարկում մեզ: Կեանքի խաչն է, որ մարդոց կուրծքն է ճնշում եւ ամենայն երկիւղածութեամբ դէպի վեր, դէպի վերին գաղտնի ոյժերն է նայել տալիս, որոնք ղեկավարում են մեր ճամփան:

Այո՛, ճշմարիտ է, վշտով բռնուած կրծքեր միշտ պիտի լինին, կեանքի մէջ վիշտը պիտի շարունակէ իր գոյութիւնը, սակայն պէտք է, որ վշտերի ճնշող երկիւղը հեռանայ մեր կրծքից, վշտերի անէծքը վերանայ մեզնից: Եւ պատմութեան մէջ այս յեղաշրջման րոպէն, երբ վշտի անէծքն ու երկիւղը պիտի յաղթահարուի, այն րոպէն է, որ կոչւում է՝ «Եւ բարձեալ էր Ինքնին զխաչափայտն»:

Յիսուս եկաւ եւ գտաւ Իր խաչը. Նա առաւ ուսին եւ ներքին խորին համոզմունքով ասաց. «Ով կամենում է գտնել իր կեանքը, նախ պիտի կորցնէ: Եւ ով իր խաչը չի առնի եւ չի հետեւի Ինձ, նա չի կարող Իմ աշակերտը լինել» (Մատթ. Ժ 38-39):

«Եւ բարձեալ էր Ինքնին զխաչափայտն» նշանակում է՝ Յիսուս կեանքի աստուածային գաղտնիքը գտել է տանջանքի մէջ: Նա տեսնում է, որ երկրի վրայ տանջանքն ու սէրը միասին են ապրում, անբաժան: Չկայ սէր առանց տանջանքի. տանջանքի մէջ է սէրը զարթնում, աճում ու ծաւալում անհուն, ինչպէս անհուն է նաեւ վիշտը: Ի՞նչ է սէրը, եթէ ոչ տանջանքի վրայ տարած յաղթանակ. երբ թեթեւացնում ես մէկի վիշտը, մէկի տանջանքը, դու ոչ միայն քո սէրն ես արտայայտում դէպի նա, այլեւ նրա սիրոյ առարկան ես դառնում: Իսկ երբ ուրիշների տանջանքները թեթեւացնելու համար չես խնայում քո անձը, դու դառնում ես նոցա սիրոյ կուռքը, նոցա աստուածը:

Երբ մարդ չի անում այն, որ հաճելի է մարմնին, որ կամենում է մարմինը, այլ նետում է իրեն յաւիտենականի գիրկը, նա տանջանքի յաղթանակն է տօնում: Քչերն ունին հոգու այդ ներքին ոյժը, եւ այդ ներքին ոյժն էր, որ մղեց Յիսուսին խաչ կրել մարդոց առջեւից՝ ցոյց տալով նոցա, թէ ինչ է նշանակում կեանքը կորցնել՝ գտնելու նպատակով: Նրա ամբողջ կեանքը սրա ապացոյցներով լի է. սակայն չարչարանաց շրջանում Նրա կեանքի բովանդակութիւնը կազմող այս կողմը իր գագաթնակէտին է հասնում: Երբ խաչակիր Յիսուսը գանահար եւ արիւնլուայ կանգնած է մեր առաջ, մենք տեսնում ենք մարմնով յաղթահարուած իրականութեան հետ՝ հոգով յաղթանակող իրականութիւնը. մենք տեսնում ենք ի դէմս Յիսուսի մի անմոռանալի պատկեր մարդկութեան համար՝ Իր անձի օրինակով ապացուցանող, թէ խաչը կրելով է, որ շահելու ենք մեր կեանքը:

Յիսուսի չարչարանքները սկիզբ են դնում մարդկային ամենատեսակ խաչի բժշկութեան, որով եւ՝ յաղթութեան: Պատկերացրէք, թէ որքա՜ն սրտեր վշտերի ժամերին հանգիստ ու խաղաղ են բաբախել՝ յիշելով Գողգոթայի Համբերատարին: Քանի՜ տառապեալներ Յիսուսի անուամբ ու կեանքով մխիթարութիւն են գտել: Որքա՜ն վշտակիրների գաղտնի վշտակիցն ու ցաւակիցն է եղել Նա: Քանի՜ աչքեր գոցուել եւ շրթունքներ փակուել են Փրկչի անձի մխիթարանքով:

Այո՛, Փրկչի չարչարանքների վերյիշումը շատ է մխիթարական, բայց ո՛չ բաւարար. պէտք է անձա՛մբ կրել մեր խաչը: Մեր կեանքի դաւանանքը պէտք է լինի տանջանքի մէջ սէր որոնել. չէ՞ որ սիրել նշանակում է մոռանալ իր անձը. այսպէս եւ տանջուել՝ նշանակում է մոռանալ իր անձը: Անձի մոռացութիւնն է, որ դարձնում է մեզ ընդունակ ե՛ւ սիրելու, ե՛ւ տանջուելու:

Վշտերի դպրոցը դէպի Աստուած եւ դէպի մարդը սէր զարգացնելու մեծ դպրոցն է, ուստի եւ խաչակրութիւնը՝ ճշմարիտ քրիստոնէի բուն կոչումը: Կրկին յիշեցնում եմ գերման իմաստասէրի խօսքը. «Եթէ կեանքի էական եւ անմիջական նպատակը տանջանքը չէ, աշխարհի մէջ մեր գոյութիւնը անիմաստ է, որովհետեւ դժբախտութիւնը կեանքի օրէնքն է»: Նա իրաւունք ունէր այսպէս ասելու, եւ նրա խօսքը քրիստոնէի խօսք է, որովհետեւ յիրաւի մեր կեանքի առաջին ու անմիջական նպատակը տանջանքի մէջ պիտի որոնել, թէեւ նա մեր վերջին ու գերագոյն նպատակը չէ: Վախճանական նպատակը սէրն է, որ աստուածային ոյժի աճումն է, որի կատարեալ արժէքը ապագայի համար՝ մենք այժմ միայն նախազգում ենք. բայց այդ սէրը աճում է տանջանքի հողի վրայ: Սէրը տանջանքի հետ ձեռք ձեռքի տուած է ընթանում. նա է, որ իր ուսին է առնում եւ կրում՝ նմանելով Նախապատկերին, որ «բարձեալ էր Ինքնին զխաչափայտն»:

Քանի որ մարդիկ կ’ապրեն երկրի վրայ, Փրկչի խաչը խոր զգացող մարդու համար կը լինի փրկութեան մի հրաշալի ոյժ. բայց ո՛չ փրկութեան՝ Եկեղեցուն յատուկ դաւանանքների միջոցով, այլ փրկութեան, որ հետեւանք պիտի լինի մարդկային սրտի յեղաշրջման, պարզ մարդկային ճանապարհով, Մարդ Յիսուսի օրինակով, որի խաչը ուսուցանում է մեզ տանջանքի մէջ սէր գտնել, սէր, որ կեանք է մարդու համար: Եւ այսպէս խաչեցեալ Յիսուսի պատկերը Գողգոթայի վրայ միշտ կը մնայ մարդկութեան իբրեւ ուղեցոյց:

Խաչակի՛ր հայ մարդ, եթէ դու այդքան տառապանքներից ազատուել ու ապրում ես ցայսօր, գիտցիր, որ պարտական ես հէնց քո այդ վշտերին: Դուն ապրել ես շնորհիւ Փրկչի խաչին, որ կրել ես ուսերիդ վրայ: Այսօր էլ խաչն է, որ ծանրացել է քո վրայ, հա՛յ ժողովուրդ, գրկիր եւ տա՛ր՝ համոզուած լինելով, որ նա կը բանայ քո առաջ սիրոյ դռներ, որ կը տանէ դէպի փրկութիւն եւ երջանկութիւն: Ամէն:

ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 454, ց. 1, գ. 54, թ. 7-12, ինքնագիր, բնագիր

---------------------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ