Վարդավառի Բ. օր։ Հանգուցյալների հիշատակի օր։

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է, այսինքն՝ այդ օրը սրբազան Պատարագից հետո կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին՝ աղոթելու նրանց հոգիների հանգստության համար։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Սողոմոնի իմաստության գիրք, 2. 23 – 3. 8

Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի: Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով. եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն:

Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց: Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ: Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն: Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց: Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով: Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը:

Եսայի մարգարե, 57. 15-16

Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել: Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզանից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել:

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 13. 7-9

Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խօսքն ասացին: Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին: Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան: Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհո՛վ ամրացնել սիրտը եւ ոչ թէ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան:

Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 16-22

«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման: Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին: Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք, քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով: Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն: Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի:

Ելք, 19. 9-13

Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ մօտ պիտի գամ ամպի սեան մէջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, եւ նա յաւիտեան պիտի հաւատայ քեզ»: Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն: Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները, որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լերան վրայ: Ժողովրդի ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ կ՚ասես. «Զգո՛յշ եղէք, լերան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ, որովհետեւ ով մօտենայ լերան, մահուամբ պիտի պատժուի: Լերան մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կը քարկոծուի կամ նետահար կը լինի. անասուն լինի, թէ մարդ՝ չի ապրի: Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժա մանակ, երբ որոտները, շեփորահարութիւնն ու ամպը վերանան լերան վրայից»»:

Դատավորների Դ. գիրք, 2. 9-12

Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերացրել»: Եղիսէէն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»: Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպէս թող լինի, ապա թէ ոչ՝ թող չլինի»: Մինչ նրանք քայլում էին, մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմեանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ: Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»: Եւ այլեւս չտեսաւ նրան: Եղիսէէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց:

Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակը, 5. 9-12

Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծու վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է: Ա՛յս է Աստծու վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար: Ով հաւատում է Աստծու Որդուն, նա իր մէ՛ջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում ա՛յն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար: Եւ ա՛յս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ՝ այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է: Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 1. 1-17

Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր: Նա սկզբից Աստծու մօտ էր: Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է: Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին: Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան: Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ: Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն, որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† ԲԿ. Բ. օր Վարդավառի:

Օրհ. բկ. Ճառագայթ փառաց, իւր սարօքն: Մեծ. դձ. Աստուածածին գերագոյն քերովբէից։ Քրզ. Ասասցուք։ Մնկ. բկ. Օրհնեցէք մանկունք (յատեանն)։ Աղթ. Սուրբ ես Տէր։ Գիրք, Աւտրն., Արարչական, Խնդր., Կեցո, Քում ամենազօր։ Ժմտ. Երեւի Տէրդ։ Ճշ. շրկ. բկ. Ճառագայթ։ Սրբ. Հրեշտակային։
Յերեկոյին՝ Հմբ. բկ. Օրհնեցէք մանկունք (յատեանն)։ Խնդր., Կեցո, Թագ. խաղաղութեան։

Զկնի սրբոյ Պատարագի կատարի Հոգեհանգիստ վասն համօրէն ննջեցելոց։

ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ։

, , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ