Սուրբ Սոֆիան և նրա երեք դուստրերը`Պիստոսը, Էլպիսը և Ագապեն

Այս անունները զուտ քրիստոնեական ծագում ունեն և հունարենից թարգմանած հաջորդաբար նշանակում են` իմաստություն, հավատք, հույս և սեր:

Սոֆիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա իրեն ամբողջովին նվիրում է Աստծուն: Լինելով ջերմեռանդ հետևողը Քրիստոսի` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում էին միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները:

Եվ ահա, մի հեթանոս երիտասարդ սիրահարվում է Սոֆիայի աղջիկներից մեկին և մորից նրան կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Իսկ երիտասարդը վրդովվելով` իր բողոքն է հայտնում ժամանակի կայսեր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց. կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց սնված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով` աղջիկներն ընդդիմանում են կայսրին` հաստատ մնալով իրենց հավատքին: Այդ ժամանակ կայսրն ավելի է բարկանում` հրամայելով գլխատել նրանց: Այնուհետև նրանց մայրը` Սոֆիան հավաքում է իր զավակների մարմիններն ու հողին հանձնում: Շատ չանցած մայրը ևս խաղաղությամբ ավանդում է իր հոգին:

Սուրբ Սոֆիայի և նրա երեք դուստրերի հիշատակը Հայ Եկեղեցում հիշատակվում է Վարդավառի երրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

, , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ