Սուրբ Ստեփանոս հայրապետ (Հռոմի)

31/10/2011

Բաժին՝ Սրբեր

Ս. Ստեփանոս հայրապետը ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսն էր 254 թվականից: Նա եղել է Հռոմի Լուկիոս Ա նահատակ պապի ավագ սարկավագը` վերջինիս մահից հետո հաջորդելով նրան: Ըստ հայոց «Հայսմավուրք» ժողովածուի` նա քաջ և իր հոտի համար նախանձախնդիր Հայրապետ է եղել` քաջալերելով իր հավատացյալ հոտին հալածանքների ժամանակ, որպեսզի վերջիններս էլ ավելի հաստատուն մնան իրենց հավատքի մեջ: Հեթանոսներից շատերին դարձի է բերել, որոնցից էր նաև Նեմեսիոս իշխանն իր կույր դստեր հետ: Վերջիններիս մկրտելուց հետո իշխանի դստեր աչքերը բացվում են, և իշխանը, հրաշքը տեսնելով, Հայրապետին խնդրում է, որպեսզի իրեն սարկավագ ձեռնադրի: Կայսրը, լսելով այս մասին, իր մոտ է կանչում իշխանին` հրամայելով, որ նա կուռքերին զոհ մատուցի: Սակայն իշխանը մերժում է կայսեր առաջարկը, որի համար նահատակվում է իր դստեր հետ: Նրանց հետ նահատակության պսակն են ընդունում մեկ այլ իշխան ևս իր մատակարարներով, որոնք նույնպես բարեպաշտ քրիստոնյաներ էին: Ըստ «Հայսմավուրքի»` ապա բռնում են 12 եկեղեցականների և չարաչար սպանում նրանց: Եվ այս երանելիների հիշատակն է, որ եկեղեցին միացրել է Ս. Ստեփանոս Հայրապետի տոնին:

Օրերից մի օր, երբ ս. Ստեփանոս հայրապետը Ս. Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարում են եկեղեցին և ցանկանում ջարդել դուռը: Այդ ժամանակ Հայրապետը Ս. Հաղորդություն էր տալիս ներկա հավատացյալ բազմությանը: Իր հաղորդվելուց հետո զինվորները խուժում են եկեղեցի և սպանում Հայրապետին 257 թվականին:

Հայ Եկեղեցին Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակը տոնում է Ս. Խաչի Ը կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ հայրապետ, Ստեփանոս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Այլ նյութեր

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտներ, որոնց ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն այս աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786) Արծրունյաց իշխանական տանից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թ. Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, որին իշխաններն...