Սուրբ Նունե

Սուրբ Նունեն և Մանեն հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել հասել էին Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակակիցների հետ:

Նունե կույսը (վրացական աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով և քարոզելով, որը ողջ ժողովրդի դարձի պատճառ է դառնում: Հռչակվելով իր գործած հրաշքների և բարեգործությունների պատճառով` կույսը տարվում է արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա, հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս, անմիջապես իր վրա զգալով իրեն անծանոթ Աստծու զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում սուրբ Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով սուրբ Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:

 Մանե և Նունե կույսերի հիշատակը տոնվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ