Սուրբ Մելիտոս եպիսկոպոս

Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թ. դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թ. ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ:

Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը. հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից` բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ:

Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի:

Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատքի: Սուրբը մասնակցել է 381 թ. Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Անտիոքի Մելիտոս հայրապետի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, ինչպես նաև Հիսնակաց Դ կիրակիին նախորդող շաբաթ օրը։

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ