Սուրբ Կուռնելիոս Հարյուրապետ (Հայսմավուրքից)

Թարգմ. «ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ»-ից՝ Ա. Ստամբոլցյանի
-----------------------------------------------------------

Կուռնելիոս Հարյուրապետը Պաղեստինի Կեսարիայից էր, ծագումով՝ հեթանոս, իտալացիների գնդից, պատկառելի մի ծերունի՝ փառավոր ամենքի աչքին։ Առաքյալների օրերին հեթանոսներից նա հավատաց Քրիստոսին, քանի որ բնավորությամբ բարի էր, աղքատասեր, ողորմած ու աղոթարար։ Ուստի և տեսավ Աստծո հրեշտակ Ռափայելին, ինչպես և գրված է «Գործք առաքելոց»-ում։ Պետրոս առաքյալի հրամանով Կուռնելիոսը գնաց Սկեփսիոն քաղաքը, որ մոտ է Ավիդոսին՝ քարոզելու այնտեղ Աստծո խոսքը։ Դեմետրիանոս իշխանը, նրան բռնելով, բազում բողոքանքներով ու սպառնալիքներով ջանաց հեռացնել Քրիստոսի հավատքից, բայց չկարողացավ։ Հակառակը՝ Կուռնելիոսը ջանում էր նրանց անարգել տալ կուռքերն ու հավատալ Քրիստոսին։ Բազում խոսքերից հետո իշխանին ասաց. «Եկ գնանք չաստվածների տաճարը և տեսնենք, թե որքան զորություն կունենան»։

Իշխանն առավ իր կնոջն ու որդիներին և Կուռնելիոսի հետ գնաց կուռքերի տաճարը։ Կուռնելիոսի աղոթելու ժամանակ բագիններն ընկան ու փշրվեցին։ Սրա վրա խիստ բարկանալով՝ իշխանը, սաստիկ հարվածներ տալով, ծեծեց Կուռնելիոսին և բանտ դրեց։ Եվ մինչ իշխանի կինն ու որդիները տաճարում էին, հանկարծակի գետինը շարժվեց, տաճարը փլվեց և սպանեց ներսում եղածներին։ Իշխանը լսելով՝ պատռեց իր հանդերձները և գնալով այնտեղ՝ կոծում էր իր անձն ու լալիս կնոջ ու որդիների վրա։ 500 մարդկանց հրամայեց պեղել հողն ու քարերը և հանել մեռածներին։ 10 օր խիստ աշխատեցին և չկարողացան նրանց գտնել, և իշխանը որոշեց սպանել Կուռնելիոսին։ Քրմերից մեկն ասաց իշխանին. «Ես տաճարի ավերակից ձայն լսեցի, ասում էին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, որ Իր ծառա Կուռնելիոսի միջոցով փրկեց մեզ այս վտանգից»։ Եվ իշխանը գնաց բանտ, ընկավ Կուռնելիոսի ոտքերը և աղաչում էր նրան գնալ ավերակից հանել կնոջն ու որդիներին։ Կուռնելիոսն ասաց. «Եթե Քրիստոսին հավատաք, ձեր խնդրանքները կկատարվեն», և գնաց այնտեղ ու խաչակնքեց Հիսուս Քրիստոսի անվամբ։ Իշխանի կինն ու որդիները ողջ-առողջ ելան ավերակի միջից և աղաղակեցին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և անհաղթ է Նրա զորությունը»։ Տաճարը պեղող 500 մարդիկ իշխանի հետ միասին հավատքի եկան։

Սբ առաքյալ Կուռնելիոսը երեք տարի մնաց այնտեղ, ամբողջ քաղաքը քրիստոնյա դարձրեց։ Իսկ սրբի մահվան օրը երկնքից ձայն հնչեց նրան. «Ե՛կ, Կուռնելիո՛ս, և հանգստացի՛ր արդարների հետ երկնքի արքայության մեջ»։ Եվ նա գոհացավ Աստծուց, երկար աղոթեց այն քաղաքի համար, որ հավատքի մեջ անսասան մնա, և խաղաղությամբ հանգյավ ի Քրիստոս փետրվարի 22-ին։ Դեմետրիանոս իշխանը սրբի մարմինը թաղեց իրենց գերեզմանատեղիում, այնտեղ մորենի բուսնեց ու գերեզմանը ծածկեց։ Քրիստոնեության օրերին սբ Կուռնելիոսը, գիշերը երազում երևալով Սեղբիանոս եպիսկոպոսին, ցույց տվեց իր գերեզմանի տեղը, և եպիսկոպոսը գնաց այնտեղ, հողը փորեց, մորենին արմատախիլ արեց և գերեզմանի վրա սուրբ Կուռնելիոսի անվամբ եկեղեցի կառուցեց՝ ի փառս մեր Քրիստոս Աստծո։

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ