Սուրբ Ծնունդին հաջորդող Ե. կիրակի

Կիրակի օրվա աղոթք (Հովհաննես Գառնեցի):

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, 63. 18 – 64. 12

Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արին քո սրբութիւնը: Եղանք ինչպէս առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում:

Եթէ բացես երկինքը, քո ահից լեռները կը սասանուեն եւ կը հալուեն, ինչպէս մոմը՝ կրակի դիմաց: Կրակը կ՚այրի քո հակառակորդներին, եւ քո անունը յայտնի կը դառնայ թշնամիներիդ. քո պատճառով հեթանոսները խռովութեան կը մատնուեն: Երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կը սասանուեն: Հնուց ի վեր չլսեցինք, եւ ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մէկ այլ Աստուած, որ իր ողորմութեան վրայ յոյս դնողների համար այսպիսի բաներ անէր, ընդառաջ գնար նրանց, որոնք արդարութիւն են գործում եւ յիշում քո ճանապարհները: Եւ ահա դու բարկացար, որովհետեւ մենք մեղք գործեցինք եւ դրա համար էլ մոլորուեցինք: Մենք ամէնքս պիղծ դարձանք, եւ մեր ամբողջ արդարութիւնը դաշտանի շորերի նմանուեց, մեր անօրէնութիւնների պատճառով մենք ամէնքս ցած թափուեցինք ինչպէս տերեւ. հողմերը քշեցին մեզ: Ոչ մէկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստան դարձնել. ահա թէ ինչու քո երեսը մեզնից շրջեցիր եւ մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր: Տէ՜ր, մեր Հայրն ես դու. մենք կաւ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամէնքս քո ձեռքի գործն ենք: Տէ՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրայ եւ մեր մեղքերը յաւիտեան մի՛ յիշիր: Եւ հիմա նայի՛ր, Տէ՛ր, մենք ամէնքս քո ժողովուրդն ենք: Քո սուրբ քաղաք Սիոնն աւերակ դարձաւ, Երուսաղէմը՝ անապատ: Անէծքի մատնուեց մեր սուրբ ու փառաւոր տաճարը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին քեզ, հրոյ ճարակ դարձաւ, եւ մեր ամբողջ փառաւորութիւնը կործանուեց: Եւ այս ամենի վրայ դու աչք ես փակում, Տէ՛ր, լռութիւն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ:

Պողոս Առաքյալի նամակը Տիտոսին, 1. 1-11

Պօղոսը՝ ծառայ Աստծու եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, որ կոչուած է բերելու Աստծու ընտրեալներին հաւատի եւ ճշմարտութեան գիտութեանը, որ աստուածապաշտութեամբ է եւ յաւիտենական կեանքի յոյսով, որը խոստացաւ անսուտն Աստուած յաւիտենական ժամանակներից առաջ, բայց յայտնեց իր խօսքը իր ժամանակին՝ քարոզութեամբ, որին ես հաւատարիմ եղայ ըստ մեր Փրկիչ Աստծու հրամանի. Տիտոսին՝ հասարակաց հաւատի մէջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Քրիստոս Յիսուսից: Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետէում, որպէսզի, ինչ պակաս բան որ կայ, ուղղես եւ իւրաքանչիւր քաղաքում երէցներ կարգես, ինչպէս որ ես պատուիրեցի քեզ: Կարգես մի այնպիսի մարդու, որ լինի անբասիր, մէ՛կ կնոջ մարդ, ունենայ հաւատացեալ որդիներ, որոնք անառակութեան մէջ ամբաստանուած կամ անհնազանդ չլինեն, քանի որ պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպէս Աստծու տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռուարար, ոչ շահասէր, այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժ կալ, ամուր կապուած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ յորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին, քանզի անհնազանդ ներ շատ կան, դատարկախօսներ, մոլորեցնողներ, մանաւանդ եթէ հրէու թիւնից դարձածներից են. նրանց բերանը պէտք է փակել. նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլութեան համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պէտք չէ ուսուցանել:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 7. 37-52

Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի: Ով ինձ հաւատում է, – ինչպէս Գիրքն է ասում, – նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր: Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն. ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր: Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ: Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց: Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»: Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը» : Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել: Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»: Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. «Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»: Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† Կիւրակէ։ Հարց. դկ. Որ յահեղակերպ, Մեծ. Աստուածածին մայր լուսոյ:

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ