Վերափոխման տոնին հաջորդող 4-րդ կիրակի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, 10. 12-19

Այնպէս պիտի լինի, որ, երբ Տէրը վերջացնի ամէն ինչ, որ կատարելու է Սիոնի բարձունքի վրայ եւ Երուսաղէմում, իր բարկութիւնը պիտի թափի նաեւ մեծամտացողի վրայ, Ասորեստանի իշխանի եւ գոռոզութեամբ փայլող նրա աչքերի վրայ: Արդարեւ, նա ասաց. «Իմ զօրութեամբ կը կատարեմ եւ իմ իմաստութեամբ ու խելքով կը վերացնեմ ազգերի սահմանները, կը յափշտակեմ նրանց հարստութիւնները, կը ցնցեմ շէն քաղաքները, իմ բազկով կը յարձակուեմ բոլոր երկրների վրայ՝ ինչպէս հաւաբնի վրայ, եւ բոլորին կը վերցնեմ՝ ինչպէս մնացած ձուեր. ոչ ոք իմ ձեռքից չի փրկուի, ոչ ոք ինձ չի ընդդիմանայ, բերանը չի բացի եւ ծպտուն չի հանի»: Այսպէս ասաց Տէրը. «Միթէ կացինը կը բարձրանա՞յ առանց փայտահատի, կամ սղոցը վերեւ կ՚ելնի՞ առանց որ մէկը ձգի այն. այնպէս էլ՝ գաւազանը կամ ցուպը, եթէ մէկը չբռնի այն: Այդպէս չի կարող լինել»: Զօրութիւնների Տէրը քո պատուի վրայ անարգանք է ուղարկելու, եւ քո փառքի վրայ բոցավառ հուրն է բորբոքուելու: Լոյսն Իսրայէլի կրակ պիտի դառնայ եւ նրան սրբի բորբոքուն հրով, խոտի պէս պիտի լափի անտառը: Այն օրը լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը հոգի ու մարմին պիտի լափի, եւ փրկուողը նման պիտի լինի բորբոքուած բոցից ազատուածի: Կենդանի մնացածները թուով այնքան պիտի լինեն, որ մանուկ երեխան էլ կարողանայ հաշուել նրանց:

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 2. 12 – 3. 3

Երբ ես հասայ Տրովադա Քրիստոսի Աւետարանի քարոզութեան համար, գտայ, որ ինձ համար դուռը բաց էր ի Տէր, բայց իմ հոգում հանգիստ չունեցայ. եւ որովհետեւ ես այնտեղ չգտայ իմ եղբօրը՝ Տիտոսին, ուստի, հրաժեշտ տալով նրանց, գնացի Մակեդոնիա:

Արդ, գոհութիւն Աստծու, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ, քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք: Եւ ո՞վ է կարող այս բանն անել, քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծու առաջ:

Այսպէս, վերստին սկսենք մենք մեզ յանձնարարել. թէպէտեւ մեզ, ինչպէս ոմանց, պէտք չեն յանձնարարական թղթեր՝ ներկայացնելու ձեզ եւ կամ՝ պահանջելու ձեզնից, այլ մեր թղթերը դուք էք՝ գրուած մեր սրտերում, ճանաչուած եւ կարդացուած բոլոր մարդկանցից: Յայտնի էք որպէս Քրիստոսի թղթեր՝ մեզնից հոգացուած եւ գրուած ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թէ քարեղէն տախտակների վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վրայ:

Ավետարան ըստ Մարկոսի, 6. 31–45

Առաքեալները հաւաքուեցին Յիսուսի մօտ ու նրան պատմեցին այն ամէնը, ինչ որ արել էին եւ ուսուցանել։Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող-գնացողները շատ էին. եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին։ Եւ նաւակով գնացին մի ամայի տեղ՝ առանձին։ Սակայն մարդիկ տեսան նրանց, որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նրանց ու բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ վազեցին եւ մօտեցան նրանց։ Եւ նա նաւակից դուրս ելնելով՝ մեծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ։ Երբ շատ ժամեր անցան, աշակերտները, մօտենալով, ասացին. «Սա ամայի տեղ է, մինչ օրը դեռ չի վերջացել, արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայքի ագարակներում եւ գիւղերում իրենց համար ուտելիք գնեն, որովհետեւ այստեղ ուտելու բան չունեն»։ Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»։ Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»։ Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»։ Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»։ Եւ նա հրամայեց խումբ-խումբ նստեցնել նրանց դալար խոտի վրայ։ Եւ դաս-դաս նստեցին, տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն։ Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ։ Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին։ Կերան եւ յագեցան եւ տասներկու սակառ լիքը կտորտանքները վերցրին, ինչպէս նաեւ՝ ձկներից։ Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† ԲՁ. Դ. կիր. զկնի Վերափոխման։

Օրհ. Յար. բձ. Օրհնեսցուք զՏէր: Հրց. Յար. գկ. Ա. Անճառելի: Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. բձ. Թագաւորին յաւիտենից: Հմբ. բձ. Ի գերեզման եւ Եկին ի գերեզման:

, , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ