Սուրբ Իսահակ Պարթև հայրապետի հիշատակության օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սահակ Ա Պարթև (388-439),

Տ. Ս. ՍԱՀԱԿ Ա. ՊԱՐԹԵՒ (ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի)։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Սողոմոնի իմաստության գիրք, 7. 12-18

Ես հրճուեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստութիւնը, բայց չգիտէի, որ ամէն ինչի ծնունդ տուողը նա էր: Ես սովորեցի առանց նենգութեան եւ առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստութիւնը, որովհետեւ նա անսպառ գանձ է մարդկանց համար: Նրանք, որ վարւում են այսպէս, բարեկամանում են Աստծու հետ՝ նրա կրթութեան ընծայած պարգեւների շնորհիւ: Տայ Աստուած, որ ես խօսեմ իրաւախոհութեամբ եւ ունենամ նրա տուած շնորհներին արժանի մտածումներ, որովհետեւ նա ինքն է իմաստութեան առաջնորդը եւ իմաստուններին ուղղութիւն տուողը, որովհետեւ նրա ձեռքում ենք թէ՛ մենք, թէ՛ մեր խօսքերը եւ թէ՛ ամէն մի իմաստութիւն եւ խելամիտ գործ: Նա ինձ տուել է եղած բաների մասին անսխալ գիտութիւնը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը եւ տարրերի ներգործութիւնը, ժամանակների սկիզբը, վախճանը եւ միջին մասը, արեգակի շրջանների փոփոխութիւնները եւ եղանակների շրջադարձերը:

Եսայի մարգարե, 61. 3-7

Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ: Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները: Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները: Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք: Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար:

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 13. 17-21

Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. եւ նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը եւ ո՛չ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ: Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ: Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ: Եւ խաղաղութեան Աստուածը, որ մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է, ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս: Ամէն:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 10. 11-16

Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է, քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում: Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար: Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ։

Օրհ. դկ. Արմատ ճշմարիտ (տե՛ս բձ. Ով երջանիկ): Հրց. ասա՛ (զԹոռանցն ասա՛) ակ. Որ զլոյս Աստուածային: Մնկ. դկ. Որ յարմատոց: Ժմտ. Զհայրապետականն: Ճշ. շրկ. գկ. Հովիւ քաջ:

Յերեկոյին՝ Լոյս զուարթ։ Ս. Աստուած՝ որ յարեար։ Հմբ. աձ. Սուրբ ես Տէր եւ Երկնաքաղաքացին։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ