Սուրբ Եվստաթեոս

Սուրբ Եվստաթեոսը (Բ դար) Հռոմում ապրող մի մեծահարուստ և բարեգործ զորավար էր: Տիրոջ տեսիլքից հետո հեթանոս զորավար Պղակիդոսը դարձի է գալիս և իր ողջ ընտանիքի հետ մկրտվում՝ ստանալով Եվստաթիոս անունը: Կայսրից շնորհազուրկ է լինում և ողջ հարստությունը կորցնելով՝ մեկնում է Հռոմից: Դաժան փորձություններ են բաժին ընկնում նրան. ծովահեններն առևանգում են կնոջը՝ Թեոփիստային, իսկ գետանցի ժամանակ կորցնում է երկու մանկահասակ որդիներին, որոնք մոլեգնած գետի ջրերից փրկվելով՝ տարբեր մարդկանց որդեգիրներն են դառնում: Եվստաթեոսը ողբում է իր ընտանիքի կորուստը, սակայն Հոբ երանելու հնազանդությամբ ընդունում է Տիրոջ կամքը: Շուտով կրկին կոչվում է զինվորական ծառայության՝ Հռոմը թշնամիներից ազատելու համար: Պատերազմի ժամանակ Տիրոջ նախախնամության շնորհիվ գտնում է իր ողջ ընտանիքը: Երբ հաղթանակած վերադառնում է Հռոմ, մերժում է կատարել կայսրի պահանջը և զոհ մատուցել հեթանոս աստվածներին՝ պնդելով, որ իր հաղթանակի համար պարտական է միայն Հիսուս Քրիստոսին: Զայրացած Ադրիանոս կայսրը հրամայում է սուրբ Եվստաթեոսին, նրա կնոջն ու երկու երիտասարդ զավակներին այրել՝ շիկացրած պղնձե ցուլի մեջ փակելով:

Հայ Եկեղեցին սուրբ Եվստաթեոսի և նրա կնոջ՝ Թեոփիստայի, և նրանց երկու որդիների, ինչպես նաև Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակը տոնում է Սուրբ Խաչի երրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ