Սուրբ Եսայի մարգարե

Եսայի մարգարեն Հին կտակարանյան չորս «մեծ մարգարեներ»-ից առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերից: Եսայի մարգարեի գրքի 66 գլուխները վեհությամբ և բարձր հեղինակությամբ տրված պատգամների մի օվկիանոս են՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի և զանազան ընկերային հարցերի մասին: Մշակված միտք ունենալու շնորհիվ իր օրերի Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել՝ Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է:

Սուրբ Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե՝ Մեսիայի, այսինքն՝ Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա՝ «ավետելու բարի լուրն աղքատներին և հոգ տանելու հուսահատվածներին»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքն իսկ եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21):

Ավանդաբար փոխանցվում է, որ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով: Հայ Եկեղեցին նրա տոնը նշում է Քրիստոսի Պայծառակերպությանը՝ Վարդավառին հաջորդող հինգշաբթի օրը:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ