Սուրբ Գևորգ զորավար

Սուրբ Գևորգը Կապադովկացի է` բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է վերջինիս` քրիստոնյաներին հալածելու ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է տվել սուրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզության շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին փորձելու և դարձի բերելու համար: Առաջին դեղով բաժակը խմելուց հետո պիտի փոխվեր սրբի միտքը, իսկ երկրորդի պարագային` պիտի մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ երկուսն էլ խմում է և ի զարմանս բոլորի կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի:

Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատանը` մեկառմեկ ջարդոտում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիս Ս. Գևորգին շուրջ 303 թ.:

Հայ եկեղեցին Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակը տոնում է Խաչվերացի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ